Երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրավապաշտպան Վարդան Հարությունյանն անդրադարձել է համաներմանը եւ դրա արդյունքում ազատության մեջ դեռեւս չհայտնվածներին: Նրա հաշվարկներով՝ 2008 թվականի ընտրական զարգացումների կապակցությամբ ազատազրկված 51 ընդդիմադիրներից 28-ի նկատմամբ համաներում կիրառվել է, 5-ի դեպքում գործընթացը արհեստականորեն ձգձգվում է, իսկ 18-ի վրա այն ընդհանրապես չի տարածվում:
«Մարզպետունի Այվազյանն ունի ֆինանսական պարտքուպահանջ պետության հետ՝ պետք է մարի, որից հետո անմիջապես դուրս կգա: Աշոտ Թադեւոսյանը նախկին ոստիկան էր, որը ձերբակալվել էր ամենավերջում՝ Հյուսիսային պողոտայում: Մի քանի ամիս առաջ ձեւակերպեցին, որ իբր նա ոստիկանությանը դիմադրություն է ցույց տվել: Նրա դեպքում էլ պետք է տարածվի, բայց նա շարունակում է մնալ մեկուսարանում: Պատճառները անհասկանալի են»,- օրինակներ է բերել Վ. Հարությունյանը:
Ռոման Մնացականյանի վրա, Հարությունյանի խոսքով, համաներումը տարածվում է, բայց քանի որ նա կալանավայրում բջջային հեռախոս կրելու համար 5 անգամ տույժի է ենթարկվել, այդ հանգամանքը բնութագրվել է որպես «ռեժիմի կոպիտ խախտում» եւ հիմք է հանդիսացել նրան կալանավայրում պահելու համար: «Բջջային հեռախոս կալանավայր են տանում հենց իրենք՝ հսկիչները, իրենք տանում են, իրենք ձեւակերպում են տույժեր, վերջում էլ ասում են՝ այս մարդն ունի 5 տույժ, եւ մենք նրան բաց չենք կարող թողնել»,- մեկնաբանեց Հարությունյանը: Մյուս դեպքերում, իրավապաշտպանի գնահատմամբ, երկարաձգվում է փաստաթղթերի ձեւակերպման ընթացքը. «Սարգիս Հացպանյանը, օրինակ, շարունակում է մնալ մեկուսարանում. չեն տալիս տեղեկանք, որ նա ազատամարտիկ է: Ե՛վ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ե՛ւ Ղարաբաղից, որեւէ տեղից նրա՝ ազատամարտիկ լինելու մասին տեղեկանք վերցնելը դարձել է անլուծելի խնդիր»: Բանտերում մնացող 18 ընդդիմադիրներից մեկը ՀՀՇ Հրազդանի կառույցի ղեկավար Արամ Բարեղամյանն է, ով անցյալ տարի դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը հիշեցրեց, որ Բարեղամյանը մեղադրվում էր ոստիկանին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ, ընդ որում, նրան մեղադրանք է առաջադրվել «երկու իրարամերժ վկայությունների» հիմքով. «Մեկն ասում է, որ ինքը ընդամենը գլխին ուռուցք է ունեցել, իսկ մյուս ոստիկանն ասում էր՝ գլխի արյունը «Ջերմուկի» շշով ջուր է լցրել, լվացել է: Այսինքն՝ քաղաքական իշխանությունը պարզ տեսնում է, որ այդ արարքի մեջ այդ հանցակազմը չկա: Այն, որ Արամ Բարեղամյանի նկատմամբ չի կիրառվում համաներում, դա արդեն Ազգային ժողովի ընդունած համաներման ակտի կիսատ- պռատությունից է»,- հայտարարեց պաշտպանը: Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 25-ի դրությամբ ազատ է արձակվել 215 դատապարտյալ: