Տեղի աստղադիտական համալիրում այժմ բազմալեզու վահանակներ եւ ուղեցույցներ կան
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ ԱՄԱՓ մշակութային հ/կ-ի համատեղ ջանքերով շաբաթ օրը «Ճանաչեք hայկական հուշարձանները» 2009թ. ծրագրում ընդգրկված հինգերորդ պատմամշակութային ժառանգության վայրում՝ Քարահունջի աստղադիտական համալիրում, կայացավ բացօթյա բազմալեզու վահանակների, ինչպես նաեւ ճանապարհային ուղեցույց-ցուցանակների շնորհանդես: Դրանց տեղադրման նպատակը Հայաստանի պատմամշակութային եւ բնական հուշարձանների ճանաչմանը, այցելուների գիտելիքների ընդլայնմանը, ինչպես նաեւ Հայաստանում տուրիզմի զարգացմանը նպաստելն է: Քարահունջը երկրագնդի ամենախորհրդավոր վայրերից մեկն է: Քարահունջում, որը հայտնի է նաեւ Զորաքարեր կամ Զորաց քար անուններով, կանգնած քարերի պատմությունը երկիմաստ է եւ հակասական: Հնագետները, աստղագետները եւ պատմաբանները մինչ այժմ բանավիճում են դրանց նշանակության եւ ծագման ժամանակի վերաբերյալ: Քարահունջը բրոնզ-երկաթի դարաշրջանի առավել խոշոր եւ խիստ ինքնատիպ մեգալիթյան կառույցներով (դամբարաններ, դամբարանաբլուր) եւ ավելի քան 220 մենհիրների շարքով ներկայացված մի հսկայական համալիր է: Հուշարձանի նշանակության եւ թվագրության վերաբերյալ դեռեւս միասնական կարծիք գոյություն չունի: Բոլոր դեպքերում անվիճելի է այն, որ համալիրի կառույցները եւ շրջանաձեւ ու ձվածիր շարված խոշոր քարերը նման են Իսլանդիայում, Իռլանդիայում, Շոտլանդիայում (Կալլինիշ), Ֆրանսիայի Լանգեդոկի շրջանում (գյուղ Կարնակ)՝ Միջերկրականից դեպի արեւելք, եւ այլ վայրերում հայտնաբերված նման հուշարձաններին, որոնցից ամենանշանավորը Ստոունհենջն է Անգլիայում: Քարահունջի համալիրում պեղումներ եւ ուսումնասիրություններ իրականացրած աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանը ներկայացրեց հնավայրի պատմությունն ու հնարավոր կիրառման իր տեսանկյունը: Էլմա Պարսամյանը Քարահունջի առաջին աստղագիտական ուսումնասիրությունն իրականացրել է 1983 թ., որին այնուհետեւ հաջորդել են երկրորդ՝ 1987 թ. ուսումնասիրությունները՝ Ալեքսանդր Բարսեղյանի հետ համատեղ: Աշխատելով գիշերային ժամերին, երկու գիտնականները հանգում են այն եզրակացության, որ համալիրն օգտագործվել է գիշերային երկինքը ուսումնասիրելու նպատակով՝ մենհիրներից 84-ի վրա հայտնաբերելով բազմաթիվ «աչքի անցքեր»:
Մի շարք հետազոտողներ՝ թե սիրողական, թե մասնագիտական հետազոտություններ են կատարել: Հատկապես ուշագրավ է Ռադիոֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր, հնագետ Պարիս Հերունու իրականացրած հետազոտությունը. ըստ նրա առաջարկած վարկածի՝ Քարահունջի աստղադիտարանը հիմնադրվել է 7500 տարի առաջ:
ԱՄԱՓ-ի 2008 թ. ծրագրի ընթացքում բազմալեզու տեղեկատվական վահանակներ եւ ճանապարհային ցուցանակներ տեղադրվել են Գառնիում, Գյումրի քաղաքի պատմական միջուկում, Զվարթնոցում, Խոր Վիրապում եւ Նորավանքում: ԱՄԱՓ-ի 2009 թ. ծրագրում ընդգրկվել է եւս 14 հնավայր, այդ թվում՝ Հաղպատը, Ամբերդը, Գեղարդը, Տաթեւի վանքը եւ կիրճը եւ այլն: 2009 թ. ծրագրի շրջանակներում տեղադրված կլինի 120 տեղեկատվական վահանակ, ավտոմայրուղու ճանապարհին՝ 100 ուղենշան, Հայաստանի 19 պատմամշակութային վայրերում: