Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՈՔ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՀԱՆԳՍՏԱՆԱԼ

Հունիս 30,2009 00:00

Թե ում վրա էր զայրացել վարչապետը՝ հայտնի չէ: Պարզվում է, որ նախարարներից գրեթե ոչ ոք արձակուրդ գնալու միտք անգամ չունի:

Հունիսի 18-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ զայրույթ ու զարմանք հայտնեց, որ բարձրաստիճան շատ պաշտոնատար անձինք դիմում են գրում եւ ուզում են արձակուրդ մեկնել 1 ամսով, այն էլ՝ արտերկիր: «Կարծես թե ոչ մի արտառոց բան չի պատահել, մենք տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամն արդեն հաղթահարել ենք, կառավարությանը չի սպասում լարված աշխատանք: Այս մոտեցումն անընդունելի է»,- ասել էր վարչապետը: Վարչապետի հանձնարարականը, ըստ էության, ուղղակի հրահանգ էր պետական պաշտոնյաներին, որպեսզի նրանք նախորդ տարիների նման չպլանավորեն հանգստանալ Կիպրոսում, Հավայան կղզիներում, Բուլղարիայում եւ այլուր: Բացի այդ, թերեւս, վարչապետը հույս ունի, որ պաշտոնյաների արձակուրդի վրա ծախսած գումարները կմնան Հայաստանում եւ ճգնաժամի պայմաններում կլցնեն ոչ թե արտերկրի պետությունների, այլ մեր երկրի բյուջեն:

«Առավոտը» փորձեց նախարարություններից ճշտել, թե ինչպես են այս հանձնարարականին արձագանքել նախարարները: Պարզվեց, որ չկա այնպիսի նախարար, որը 1 ամսով արձակուրդ մեկնելու դիմում ներկայացրած լինի կառավարություն: Թե ո՞ւմ վրա էր զայրացել վարչապետը՝ այդպես էլ չպարզվեց:

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի կարծիքով, վարչապետի հանձնարարականները ոչ թե պետք է մեկնաբանել, այլ կատարել։ Ա. Գեւորգյանը արձակուրդ գնալու դիմում չի ներկայացրել, հետեւապես չի էլ պլանավորել, թե որտեղ է հանգստանալու:

Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանն էլ արձակուրդ մեկնելու դիմում չի ներկայացրել: Նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի խոսքերով, Գ. Սարգսյանը անցյալ տարի էլ չի գնացել արձակուրդ, քանի որ ամառվա ամիսներին իրենց նախարարությունը շատ ծանրաբեռնված է աշխատում. «Հենց այս ժամանակահատվածում են իրականացվում ճանապարհաշինական ծրագրերը: Նա հանգստացել է Նոր տարվա տոներին, երբ ընտանիքով մեկնել են Ստեփանակերտ: Հանգստի համար նախարարը միշտ նախընտրում է Հայաստանը»:

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն էլ արձակուրդ մեկնելու դիմում չի ներկայացրել ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս, սակայն, ընդհանուր առմամբ, դրական է արձագանքել վարչապետի հանձնարարականին, որովհետեւ համակարծիք է՝ ճգնաժամի պարագայում հանգստի ժամանակը չէ. աշխատելու շատ բան կա: Եթե հանկարծ որոշի հանգստանալ, ապա 1 շաբաթով ընտանիքի հետ՝ Հայաստանում:

Վարչապետի հանձնարարականին դրական է արձագանքել նաեւ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, չնայած արձակուրդ չի գնալու արդեն 2-րդ աշխատանքային տարվա ընթացքում: Նա նույնպես արձակուրդ գնալու դիմում չի ներկայացրել:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւս որոշել է արձակուրդ չմեկնել եւ ճգնաժամի պայմաններում աշխատել՝ հանուն նախարարության եւ երկրի բարօրության:

Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն էլ, հետեւելով գործընկերների օրինակին, արձակուրդի դիմում չի ներկայացրել. անելիքները շատ են: Նախարարի մամուլի քարտուղարի փոխանցմամբ. «Շատ աշխատանքներ կան կիսատ մնացած: Սկսած աղետի գոտու շինարարական աշխատանքներից՝ մինչեւ բնական աղետների հետեւանքով առաջացած խնդիրների լուծումը: Իսկ եթե գնա հանգստանալու, ապա շատ կարճ ժամանակով եւ Հայաստանի տարածքում»:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի արձակուրդ մեկնելու մասին տեղեկություններ չկարողացանք ձեռք բերել, քանի որ նա հանրապետությունում չէր: Ինչպես մեզ տեղեկացրեց նախարարի խորհրդական Ռուսլանա Գեւորգյանը, Հ. Քուշկյանը մեկնել է ԱՄՆ՝ հայ բժիշկների միջազգային 10-րդ համաժողովին մասնակցելու: Թերեւս, սրանով պարոն Քուշկյանի հանգիստը կսահմանափակվի, քանի որ նա համաժողովից մի քանի օր շուտ է գնացել եւ մի քանի օր էլ ուշ է վերադառնալու:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն էլ նոր է պատրաստվում արձակուրդի վերաբերյալ դիմում ներկայացնել կառավարություն: Նրա մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանի փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, նախարարը հանգստի կմեկնի հուլիսի վերջին: Իսկ թե ինչպես է վերաբերվում վարչապետի հանձնարարականին, ապա Արամ Հարությունյանն այս հարցում համակարծիք է Արմեն Գեւորգյանի հետ. «Վարչապետի հանձնարարականները քննարկման ենթակա չեն, յուրաքանչյուր քայլ, որ ուղղված է ճգնաժամի հաղթահարմանը՝ ողջունելի եւ ընդունելի է»:

Ինչ վերաբերում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության կամ գյուղատնտեսության նախարարներին, ապա նրանք, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, չեն կարող արձակուրդ գնալ, քանի որ 1 ամիս առաջ են նշանակվել այդ պաշտոններում:

Նշենք, որ, ըստ Աշխատանքային օրենսգրքի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ունի տարեկան նվազագույնը 28 օր հանգստանալու իրավունք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել