ՆԺԿ նախագահը վստահ է, որ կամ պետք է հարցաքննվեին Հայաստանի բոլոր նախագահները, կամ պետք է պարզ լիներ, թե ով է մեղավոր մարտի մեկի տասը սպանությունների համար:
– Մոտ ութ ամիս դուք մասնակցում եք անցած տարվա մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին: Այդ ընթացքում մշտապես ակնարկներ եք արել հանձնաժողովի գործունեության մասին: Խնդրում եմ հանգամանորեն ներկայացրեք եւ հիմնավորեք ձեր կարծիքը՝ Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովի գործունեության մասին:
– Նախ նկատեմ, որ այդ հանձնաժողովը եւ իր ստեղծման որոշմամբ, եւ տրամաբանորեն այն միակ մարմինն է, որը այդ իրադարձությունների ոչ միայն իրավական, այլ նաեւ քաղաքական ասպեկտը պետք է ուսումնասիրի եւ գնահատականներ հնչեցնի: Ես կարծում եմ, որ հանձնաժողովը ցայսօր իրավամբ չի կարողացել պարզել մարտի 1-ի առավոտյան ոստիկանական ուժերի կիրառման իրավական հիմքերը: Չի պարզել նաեւ, թե ով է կայացրել այդ քաղաքական որոշումը՝ խաղաղ ցուցարարների վրա ուժ գործադրելու: Ես չգիտեմ՝ կունենա՞ հանձնաժողովն այնքան արիություն, որպեսզի անկեղծությամբ ասի, թե ինչի՞ց սկսվեց ամեն ինչ: Իմ տպավորությամբ, հանձնաժողովը չի էլ ցանկանում անդրադառնալ այդ հարցերին:
– Ինչո՞ւ:
– Նախ, իր բնույթով այդ հանձնաժողովը կոալիցիոն է: Ապա՝ բոլոր այն նյութերից, որոնք մինչ այսօր մենք ստացել ենք հանձնաժողովում, պարզ չէ, թե ով է կայացրել այդ քաղաքական որոշումը: Ասում են, որ որոշումը կայացրել է ոստիկանության բարձրաստիճան ղեկավարությունը: Եթե դուք հավատում եք, որ Հայաստանում ոստիկանության ղեկավարությունը, ստանալով որոշակի տեղեկություններ, ինքնուրույն, առանց քաղաքական որոշումների գործողություններ է կատարում, ես չեմ հավատում: Իմ կարծիքով, այդ քաղաքական որոշումը կայացրել է Ռոբերտ Քոչարյանը՝ խորհրդակցելով հայտնի ոչ ֆորմալ շտաբի հետ, որը, իմ տեղեկություններով, գործել է դեռեւս 2007 թվականի հոկտեմբերից, միգուցեեւ ավելի վաղուց: Կասի՞ հանձնաժողովը, որ որոշում է կայացվել ցույցը ցրելու, որովհետեւ դա արդեն դառնում էր բավականին լուրջ հանգամանք, որպեսզի Սերժ Սարգսյանը դառնա նախագահ: Հանձնաժողովն իր մեջ ուժ կգտնի՞ բարձրաձայն ասելու, որ պայքարի դուրս եկած ժողովուրդը համարում է, որ ընտրությունները կեղծված են, այլ ոչ՝ ինչպես մինչեւ հիմա է ներկայացվել՝ ինչ-որ մեկը բարձրացրել էր ժողովրդին՝ իշխանության հասնելու համար: Ես շատ լավ հիշում եմ խորհրդարանի այդ արտահերթ նիստում Տիգրան Թորոսյանի ճառը, ու շատ հետաքրքիր կլիներ իմանալ՝ հիմա է՞լ է նա մնում իր կարծիքին:
– Ձեր տպավորությամբ՝ կլղոզվի՞ իրականությունը:
– Կփորձի՞ հանձնաժողովը իր զեկույցում ընդգրկել օբյեկտիվ ճշմարտությունը. կնշվի՞, որ մինչ այդ ցույցերը խաղաղ էին, եւ քաղաքական իշխանությունը, շատ լավ հասկանալով, որ հասունանում է Սահմանադրական դատարան դիմելու հարցը, իսկ եթե խաղաղ ցուցարարները նույն խաղաղությամբ «պաշարեին» ՍԴ շենքը՝ միանշանակ համոզված եմ, որ ՍԴ-ն որոշելու էր երկրորդ փուլ, որն էլ լինելու էր ընդդիմության վերջնական հաղթանակը: Դրա դեմն առնելու համար որոշում կայացվեց «մաքրել» հրապարակը. ի դեպ, այդ օրերին խոսակցություններ էին շրջանառվում, որ Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ժամանակ Քոչարյանն ասել էր այնտեղ՝ մի քանի հազար կռված տղաներ եւ անհասկանալի մարդիկ են՝ «մինչեւ կիրակի կմաքրենք հրապարակը»: Ձերբակալվեցին բազում մարդիկ, խոշտանգվեցին, սպանվեցին, դատավարություններ եղան, Քրեական օրենսգրքից հոդվածներ հանվեցին, համաներում եղավ, արդյունքում ստացվեց, որ իբր մի խումբ մարդիկ հավաքվել էին Մյասնիկյանի արձանի մոտ, որպեսզի Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետը կամ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Ռոբերտո» խանութը թալանեին: Իրավաբանական նոնսենս: Արիություն կունենա՞ հանձնաժողովն ասելու, որ վախենալով, որ ընտրական գործընթացների արդյունքում եւ միանգամայն օրինական ճանապարհով իշխանությունը կարող է հայտնվել ընդդիմության ձեռքում, որոշում կայացվեց գնալ այդ քայլերին: Ինչից հետո ժողովուրդը, չհամակերպվելով այդ իրականության հետ, հավաքվեց Ֆրանսիական դեսպանատան մոտ: Այստեղ, կարծում եմ, երկուստեք սխալների արդյունքում՝ որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չեկավ Մյասնիկյանի արձանի մոտ, որ ոստիկանությունը, չհասկանալով, թե ի՞նչ գործողություններ կիրառի եւ պայմանավորվածությունների հենքը չգտնելով՝ իր գործողություններով մինչեւ կոկորդը լցված ժողովրդին դրդեց հեղափոխության, եւ զոհվեցին 10 մարդ:
– 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման մասին ի՞նչ կասեք:
– Երեք մարդ զոհվել է «Չերյոմուխա 7» հատուկ միջոցի կիրառումից, մնացյալը՝ բեկորային, հրազենային վնասվածքներից: Առայսօր մենք չունենք սպանության կամ սպանությունների համար մեղադրվող: Ստեղծվեց նաեւ փաստահավաք խումբ: Կգտնի՞ ԱԺ հանձնաժողովն իր մեջ խիզախություն՝ ասելու, որ փաստահավաք խումբը յոթ ամիս աշխատելով եւ հավաքելով 2000 էջ, պատրաստեց իր առաջին զեկույցը, որը, ըստ խմբի թիվ 12 արձանագրության, քվեարկվել է երեք «կողմ», մեկ «դեմ» հարաբերակցությամբ, ու որոշվել է ուղարկել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին՝ որպես խմբի զեկույց: Հիշեցնեմ, որ ըստ Փաստահավաք խմբի ստեղծման հրամանագրի, պատրաստի զեկույցներն արդեն գաղտնի չեն, քանի որ հանձնաժողովում դրանք պետք է դրվեն լայն քննարկման, իսկ հանձնաժողովի գործունեությունն իր մեջ գաղտնիություն չի պարունակում, ոչ ոք նման ստորագրություն չի տվել: Ուստի Համլետ Թադեւոսյանին վերաբերող զեկույցի հրապարակումը չէր կարող գաղտնիության խախտման հիմք հանդիսանալ: Կունենա՞ հանձնաժողովն այնքան խիզախություն՝ ասելու, որ Փաստահավաք խմբի աշխատանքն արդեն դարձել էր վտանգավոր, եւ դա գալիս էր նաեւ ՀԱԿ հանրահավաքներից մեկում առաջին նախագահի ներկայացրած փաստից, թե կազմված է եղել 950 հոգանոց մի խումբ, որը հանդերձավորել, զինել եւ դրամական միջոցներով բավարարել են չորս օլիգարխ եւ հինգ պետական գործիչ ու դրել ոչ ֆորմալ շտաբի տրամադրության տակ: ՀԱԿ-ն այդ փաստաթղթերը պաշտոնապես ուղարկել է Փաստահավաք խումբ, իսկ խումբը փորձել է գտնել այն պահեստը, որտեղ եղել է այդ հանդերձավորումը: Հանկարծակի այցելելով ՊՆ համապատասխան պահեստ՝ խմբի անդամները փորձել են ներս մտնել, որովհետեւ, ըստ հրամանագրի, նման իրավունք ունեին: Բայց ՊՆ ղեկավար կազմի մի հատված արգելել է խմբի մուտքը պահեստ եւ այդ, եւ հետագա օրերին: Դրանից հետո խումբը ցրվեց:
– Եվ ի՞նչ հետեւություն:
– Կգրի՞ հանձնաժողովը, որ Փաստահավաք խումբը հետզհետե դառնում էր փաստերի հավաքման լուրջ օղակ, որտեղ բավականաչափ լուրջ մարդիկ շատ դժվար էին դիմանում հարցերին: Ես տեսասկավառակներն եմ դիտել: Կասի՞ հանձնաժողովը, որ քաղաքական որոշման արդյունքում է հրազեն կիրառվել, թե՞ ամեն ինչ կբարդի այն խեղճ ու կրակ ոստիկանների վրա, որոնք այդ օրը ակամայից փողոցային մարտերի մեջ էին: Մարտի 1-ին Քոչարյանը հեռուստատեսությամբ բայեւիկ թրիլեր էր ներկայացնում, որ տարբեր տեղերից գնդացիրներով, ավտոմատներով, «պերշինգներ» կիրառելով, նռնակներ նետելով՝ հարձակվում են ոստիկանական զորքերի վրա, հետո փախնում ու դարանակալում են: Նախաքննության մարմնից պահանջելով՝ կներկայացնի՞ հանձնաժողովը գեթ մեկ ցուցարարի, ով նռնակ է նետել: Գտե՞լ են ասֆալտի վրա, ինչպես գրված է՝ «գործարանային մարտական նռնակի կիրառման» գեթ մեկ հետք, դա մեզ ցույց կտա՞ն: Շատ հետաքրքիր դատաբժշկական եւ դատաձգաբանական փորձաքննություններ են անցկացվել: «Չերյոմուխաները» մարդու գլխից հանված են. բոլորն էլ հասկանում են, որ դա փակ տարածքների համար է, բաց տարածքում գործածությունն արգելված չէ, բայց էֆեկտիվ էլ չէ, հասկանում են դա, մեկ միլիմետրանոց պողպատե թիթեղ է ծակում-անցնում, լուրջ զենք է: Հասան նրան, որ Երկրապահը ցանկացել է գրավել «Մետրոպոլը», որ շտաբ դնեն, այնինչ, պարզվում է, որ այնտեղ ենթաշտաբն է եղել, որտեղից կառավարվել են այդ գործողությունները: Թե՞ հանձնաժողովը բոլորիս հիմարի տեղ դնելով՝ ասելու է, որ չորս միլիցիոներ հավաքվել են ու որոշել մեկ սա կիրառել, մեկ՝ նա: Եթե Արտաշատում մի իշխանավորի բարեկամը բենզին է լցնում մյուս իշխանավորի բարեկամի մեքենայի վրա եւ դրանով զբաղվում է երկրի գերագույն-գլխավոր հրամանատարը, ուրեմն, շատ հետաքրքիր է, որ ոստիկանության հետ բախվող 100 հազարանոց ցույցով մի քանի ոստիկան էին զբաղվում: Ի դեպ, իր հեռուստաելույթներում Քոչարյանն ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել՝ ասելով, որ ինձ սա են զեկուցում, նա են զեկուցում: Եթե զեկուցում են, ուրեմն իրենից էլ հրամաններ են ստանում: Բոլոր քրեական գործերում գրված է, որ առաջին նախագահի կազմակերպած… Ոչ առաջին, ոչ երկրորդ նախագահները նույնիսկ չեն հարցաքննվել, հանձնաժողովում չեն եղել, պարզաբանումներ չեն տվել: Էլ չեմ ասում, որ հանձնաժողով պիտի գային նաեւ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Թորոսյանը, Վարդան Օսկանյանը, Գորիկ Հակոբյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, որպեսզի հանձնաժողովը համապատասխան տեղեկություններ ստանար եւ եզրակացություններ աներ: Եթե այս ամենը չի արվել՝ ինչի՞ հիման վրա պետք է եզրակացություն գրեն: Եթե ամեն ինչ պարզ է՝ ինչո՞ւ որեւէ մեկը չի մեղադրվում սպանության մեջ: