Հայաստանի կողմից Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Պատվո շքանշանի հանձնումը Ռուսաստանում համարել են իրենց երկրին հասցրած վիրավորանք։ «tert.am»-ը, վկայակոչելով «region.ru»-ին, փոխանցում է ռուս քաղաքական գործիչների արձագանքը հիշյալ փաստի առնչությամբ: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Վլադիմիր Գուսեւը ասել է, թե չի ընդունում Հայաստանի նախագահի քայլը։
«Դա վիրավորական է Ռուսաստանի համար։ Իսկական ընկերներն այդպես չեն վարվում»,- նշել է Գուսեւը՝ հավելելով, որ սա կարող է «ոչ հստակ մթնոլորտ ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում»։
Դաշնային խորհրդի մեկ այլ ներկայացուցիչ Վադիմ Գուստովը դա համարել է «բացարձակ ոչ ընկերական քայլ Ռուսաստանի հանդեպ, ինչպես նաեւ արհամարհական վերաբերմունք բոլոր նրանց նկատմամբ, ովքեր զոհվել են վրաց-օսական հակամարտությունում»։ «Նա մի հսկայական քաղաքական սխալ է կատարել, որը դժվար է բացատրել»,- ՀՀ նախագահին նկատի ունենալով՝ կարծիք է հայտնել քաղաքական գործիչը։
Ռուսաստանի Единая Россия իշխող կուսակցության պատգամավոր Վալերի Բոգոմոլովը նշել է, որ «կարեւոր է հասկանալ, որ չի կարելի թքել այն ջրհորի մեջ, որտեղից դու մեկ անգամ չէ, որ պետք է խմես», իսկ կոմունիստ պատգամավոր Վիկտոր Իլյուխինը համարել է, որ Ս. Սարգսյանի արածը «տակտից զուրկ եւ ոչ այնքան ընկերական քայլ է Հայաստանի կողմից Ռուսաստանի հանդեպ», ու նշել, որ այն «բացասաբար կազդի մեր առեւտրական եւ գործընկերային հարաբերությունների վրա»։
Եվս մեկ օրենսդիր՝ Տատյանա Մոսկալկովան հայտարարել է. «Ես կարծում եմ, որ Հայաստանի նախագահի կողմից այս քայլը յուրատեսակ մարտահրավեր է Ռուսաստանին։ Սա ապտակ է Ռուսաստանին»։ Իսկ ահա Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ Սերգեյ Աբելցեւի կարծիքով, «կարելի է ամեն ինչ լուրջ ընդունել, քեն պահել եւ ամեն հարմար առիթի դեպքում հիշել ու կշտամբել ընկեր Սերժին։ Միշայի մասին խոսելու հարկ չկա, քանի որ նա դատարկ տեղ է Ռուսաստանի համար։ Իսկ նրան շքանշանի հանձնման քայլը կարելի է դիտարկել որպես կովկասյան ավանդական ալավերդու մի տարատեսակ»։