Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-Ն ՀԱՄԱՌՈՐԵՆ ԼՌՈՒՄ Է

Հունիս 30,2009 00:00

\"\"Մինչդեռ «Մարտի 1»-ի զոհերի հարազատները հավատում են Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների կողմից հրապարակված զեկույցին, որտեղ, ըստ էության, մատնանշված են հատուկ միջոցների զոհ դարձած 3 քաղաքացիներին սպանողների անունները:

Հունիսի 11-ին «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ու արդեն լուծարված Փորձագետների փաստահավաք խմբի՝ ընդդիմությունը ներկայացնող անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը խորհրդարանական համանուն հանձնաժողովին էին փոխանցել մի փաստաթուղթ, որը կազմվել է դեռ խմբի գործունեության ընթացքում հավաքված փաստերի հիման վրա: Թվով երկրորդ այդ զեկույցը, որը անցյալ շաբաթավերջին հրապարակվեց մամուլում, վերաբերում է 2008թ. մարտի 1-ին հատուկ միջոցների կիրառման հետ կապված փաստերի ուսումնասիրության արդյունքներին: Հիշեցնենք, որ Փաստահավաք խմբի՝ ընդդիմությունը ներկայացնող երկու անդամների զեկույցից պարզ է դառնում, որ մարտի 1-ին «Չերյոմուխա-7» հատուկ միջոցը, որի արդյունքում սպանվել են 10 զոհերից երեքը՝ Գոռ Քլոյանը, Տիգրան Խաչատրյանն ու Արմեն Ֆարմանյանը, կիրառել են թիվ 1033 զորամասի ենթասպաներ Մկրտիչ Ղարիբյանը, Վարդան Սահակյանը, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի ենթասպաներ Լեւոն Հակոբյանն ու Ավետիք Աթաբեկյանը: Այդ օրը, ինչպես ասված է զեկույցում, ընդհանուր առմամբ օգտագործվել է 56 հատ «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոց: Համադրելով զեկույցում եղած փաստերը, որոնք խմբին փոխանցել էին հենց այդ հատուկ միջոցները կիրառած զինծառայողները, նաեւ «Մարտի 1»-ի քրգործի նյութերում հիշյալ երեք զոհերի սպանության վայրի վերաբերյալ տեղեկանքները՝ հնարավոր է ճշգրիտ պատկերացում կազմել, թե ովքեր են մեղավոր նրանց սպանության համար: Այսպես, ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Բագրատ Խաչատրյանը Փաստահավաք խմբում խոստովանել է, որ մարդկանց վրա կրակելու հրամանը տվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը, իսկ ինքը հրամանը փոխանցել է անմիջական կիրառողներին՝ հատուկ միջոցների կիրառման խմբի անդամներ Ավետիք Աթաբեկյանին եւ Լեւոն Հակոբյանին: Ըստ Բ. Խաչատրյանի, ինքը այս մարդկանց հրաման է տվել կրակել «ձկան խանութի կողքի ձախ մայթի դալանի» ուղղությամբ, որտեղից մարդիկ են դուրս եկել եւ քարեր են նետել իրենց ուղղությամբ: Ըստ գործի նյութերի, հենց այդ հատվածում է սպանվել Գոռ Քլոյանը: Այն հատվածում, որտեղ Բ. Խաչատրյանի հրամանով Ավետիք Աթաբեկյանը «Չերյոմուխա-7»-ով կրակել է Լեո եւ Պարոնյան փողոցների խաչմերուկում գտնվող եւ գործով անհայտ մի բեռնատարի դիմապակուն՝ վարորդի կողքի նստատեղի ուղղությամբ, նմանատիպ մի ավտոմեքենայի կողքին գտնվելիս գլխին ստացած վնասվածքներից սպանվել է Տիգրան Խաչատրյանը: ՈԶ 1033 զորամասի զինծառայող Մկրտիչ Ղարիբյանն էլ Փաստահավաքում խոստովանել էր, որ ինքը «Չերյոմուխա-7» է կրակել նաեւ Լեո եւ Պարոնյան փողոցների խաչմերուկում գտնվող դալանի ուղղությամբ՝ նույն զորամասի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Արմեն Անտոնյանի հրամանով: Հիշյալ դալանի մոտ «Չերյոմուխա-7»-ից գլխին արձակված կրակոցից սպանվել էր Արմեն Ֆարմանյանը:

Ի դեպ, ի տարբերություն Փաստահավաք խմբի առաջին զեկույցի, որի հրապարակումից հետո «Մարտի 1»-ի վարույթն իրականացնող ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ջղային եւ կոշտ գնահատականներ տվեց, այս զեկույցի դեպքում ՀՔԾ-ն չի շտապում վերաբերմունք հայտնել: Նա առայժմ լռում է, թերեւս սպասելով, որ ՈԶ թիվ 1033 զորամասի հրամանատարական կազմն ու մահացու դարձած հատուկ միջոցները կիրառած եւ Փաստահավաքում վկայություններ տված անձինք առաջինն իրենք հերքեն խմբի արած բացահայտումները: Բանն այն է, ինչպես երեկ ասել է Սամվել Նիկոյանի գլխավորած ՀՀ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, ինքը առաջիկա շաբաթվա ընթացքում պատրաստվում է դիմել հանձնաժողովին՝ առաջարկելով հրավիրել 3 հոգու մահվան պատճառ դարձած «Չերյոմուխա-7» հատուկ միջոց կիրառած այն ոստիկաններին, որոնց հանձնաժողովի անդամները մեկ անգամ արդեն հանդիպել են: Ավելին, Ն. Զոհրաբյանը «Ա1+»-ին փոխանցել է, թե չի կարող ասել, որ նախաքննության մարմինն ամեն ինչ արել է մարտի 1-ի 10 զոհերի սպանությունները բացահայտելու ուղղությամբ: Մինչդեռ Փաստահավաք խմբում ընդդիմության ներկայացուցիչները այն համոզմունքն ունեն, որ դեռ մինչեւ Խմբի ձեւավորումն ու նրա անդամների կողմից փաստերի արձանագրումը հատուկ միջոցներ կիրառած զինծառայողներն ու նրանց նման հրաման տված սպաները վաղուց արդեն ոչ թե ազատության մեջ շրջելիս, այլ կալանավորված պետք է լինեին՝ անկախ այն բանից, թե նրանցից ով ում է սպանել, որովհետեւ այդ մարդիկ դասընթացներ են անցել եւ քաջ գիտակցել են, որ այդ միջոցները մարտի 1-ին կիրառել չէր կարելի բաց տարածությունում, առավել եւս՝ կրակել մարդկանց ուղղությամբ: Ասել է թե՝ նրանք գիտակցաբար մարդ են սպանել, մինչդեռ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում առնվազն 3 զոհերի համար պատասխանատու զինծառայողներին չկալանավորելը բացատրում են նրանով, թե չեն կարող հստակեցնել՝ զոհերից ով է ում կիրառած հատուկ միջոցից սպանվել:

Ինչ վերաբերում է հատուկ միջոցներ կիրառած զինծառայողներին խորհրդարանական հանձնաժողով հրավիրելուն, ապա դա, «Առավոտի» տեղեկություններով, հենց ՀՔԾ-ի հուշումն ու նախաձեռնությունն է: Ինչպես ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեպքում էր, այս պարագայում էլ իշխանությունները հույս ունեն, որ հանձնաժողով հրավիրվելու դեպքում զինծառայողները կփորձեն գոնե սրբագրել Փաստահավաք խմբում արած իրենց հայտարարությունները, թեեւ դա անելը չափազանց դժվար է լինելու, որովհետեւ կան փաստեր, որոնք հենց այնպես հերքելն անհնար է:

Երեկ «Առավոտը» զրուցեց նաեւ «Մարտի 1»-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ: «Ես լիովին վստահում եմ Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների հրապարակած զեկույցին: Եվ սպասում եմ, որ այդ զեկույցում եղած փաստերին ընթացք տրվի օրենքի շրջանակներում: Եթե երկու թոռնիկ չունենայի, ես իմ անձնական հարցերը կլուծեի, որովհետեւ ամեն ինչ արդեն պարզ ու հայտնի է: Բայց ես սպասում եմ, որ պատկան մարմինները դրան արձագանքեն, ու մեր զավակների սպանության համար մեղավորները պատժվեն օրենքի սահմաններում: ՀՀ գլխավոր դատախազությունը այդ մարդկանց նկատմամբ քրեական գործեր պիտի հարուցի եւ մեր բարոյական ու նյութական վնասները փոխհատուցի»,- ասաց Ս. Քլոյանը: Նա հավելեց նաեւ, որ այդ հարցը պետք է իրենք՝ մյուս զոհերի հարազատները, միասին քննարկեն եւ համատեղ քայլեր անեն: «Մենք՝ չորս զոհերի հարազատներով, պարբերաբար կապի մեջ ենք եւ կտեսնենք՝ ինչպես վարվել: Եթե այստեղ գործին ընթացք չտրվի, մեր հարցերը լրիվ չլուծվեն, ապա որպես վերջին տարբերակ, մենք կդիմենք Եվրոպական դատարան»,- ասաց Ս. Քլոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել