Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆԱՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ

Հունիս 30,2009 00:00

\"\"

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը նախորդ շաբաթ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանին մեղադրել էր այն բանում, որ Հանրապետական պատգամավորը Սեւծովյան տնտեսական համագործակցության 31-րդ համաժողովի շրջանակներում ստորագրել էր Ադրբեջանի առաջարկությունների տակ, որոնցով Ղարաբաղը եւ այլ հակամարտություններ հռչակվում են «էքստրեմիստական եւ սեպարատիստական»: ԱԺ ֆինանսա-բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «Առավոտին» ասաց, որ անցած տարի հունիսի 10-11-ը Աթենքում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության 31-րդ գլխավոր համաժողովի ժամանակ ստեղծված՝ «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների դերի մասին» փաստաթղթում իրականում նշված է. «Վեհաժողովը կիսում է անհանգստությունն այն առումով, որ անկայուն քաղաքական վիճակը, ծայրահեղականության (էքստրեմիզմի) եւ անջատողականության (սեպարատիզմի) դրսեւորումները, չկարգավորված, ձգձգվող հակամարտությունները սեւծովյան տարածաշրջանում, փախստականների մեծ քանակը եւ անվտանգության իրավիճակի սրությունը պոտենցիալ ռիսկ են պարունակում: Այսպիսի իրավիճակը պահանջում է հակամարտությունների կարգավորում միջազգային իրավունքի սկզբունքների եւ չափանիշների հիման վրա, որն առաջնահերթ խնդիր է տարածաշրջանի համար»: Ներկայացնելով այս մեջբերումը վերոհիշյալ փաստաթղթից՝ պարոն Մինասյանը հավելեց. «Ցանկացած անաչառ ընթերցող կհասկանա, որ այն, ինչ ասել է պարոն Սաֆարյանը, որեւէ կապ չունի այն փաստաթղթի հետ, որը նա ակնարկում է: Կարծում եմ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի այս պահվածքն ամենեւին պատիվ չի բերում մեր խորհրդարանին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել