Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել իտալացի ժամանակակից գրող, արձակագիր, բանաստեղծ, կատակերգակ, վիպագրության ասպարեզում ավելի քան 80 գրական մրցանակ ստացած Ռոբերտո Կուրատոլոյի «Ստվերի եզրերին» վեպը: Երկար տարիներ Միլանում բնակվող, մասնագիտությամբ բժիշկ Ռ. Կուրատոլոն նաեւ իտալացի բժիշկ-գրողների միության ներկայացուցիչ է: Գիրքը մեծ հաջողությամբ ներկայացվել է Պրահայում եւ Ամստերդամում: Վեպում երկու տղամարդ եւ մի կին հանդիպում են Եվրոպայի հարավ-արեւելքում՝ մի շարք արկածային զուգադիպությունների արդյունքում: Իրադարձությունները զարգանում են Օտրանտոյի եւ Ստամբուլի խճանկարների գեղեցկությանը եւ Օմար Խայամի քառյակներին զուգընթաց:
Երեկ «Գրքերի աշխարհ» խանութում հայերեն գրքի շնորհանդեսին ներկա էր նաեւ գրքի հեղինակը եւ Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Բրունո Սկապինին: Հայ իրականությանը քաջ ծանոթ, իր ստեղծագործություններում կյանքի դժվարությունները ներկայացնող իտալացի գրողը նշեց. «Կարծում եմ, որ հայ ընթերցողին կհետաքրքրի իմ վեպը, քանի որ չկա մի ազգ, որ իր պատմութան մեջ դժվարություններ ունեցած չլինի, հայերն էլ, այդ առումով, բացառություն չեն»:
«Արեգ» հրատարակչության տնօրեն Սամվել Գասպարյանը նշեց, որ գիրքը լավագույն ձեւն է երկու ժողովուրդներին միացնելու, իրար ճանաչելու առումով: Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին նշեց, որ ուրախ է հայ ընթերցողին ներկայացնել իտալական գրողի, ծանոթացնել իտալական մշակույթին ու իրականությանը: «Արեգ» հրատարակչատան տնօրեն Ս. Գասպարյանն էլ ի պատասխան ասաց, որ ուրախ կլինի հաջորդ միջոցառումը կազմակերպել Իտալիայում՝ ներկայացնելով հայ գրականությունը: