Երեկ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց կայացած ցույցի ընթացքում ցուցարարները՝ մոտ 150 հոգի, որոնցից շատերը՝ դիմակներով, սկսել են քարեր նետել դեսպանատան շենքի վրա, ապա նույնիսկ փորձել են ներխուժել դեսպանատուն: Երեկ, Երեւանի ժամանակով 23.30-ի տվյալներով, դեռ հայտնի չէր՝ նրանցից որեւէ մեկին հաջողվե՞լ է հայտնվել դեսպանատանը, թե՞ ոչ: Անկարգությունների վայր է ժամանել ավելի քան քսան ոստիկան եւ սկսել կարգի հրավիրել տաքացած ամբոխին: Նախորդ մի քանի օրերին այդ նույն տեղում կայացել են խաղաղ հավաքներ:
ԱՄՆ-ի, Եվրոպայի մի շարք երկրների իրանական դեսպանատների առջեւ, հունիսի 12-ին Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո, պարբերաբար ցույցեր եւ պիկետներ են կազմակերպում իրանական քաղաքացիություն կամ արմատներ ունեցող անձինք: Նրանք բողոքում են Մահմուդ Ահմադինեջադի վերընտրման կապակցությամբ՝ համարելով, որ իրականում նա չի ընտրվել: Սակայն հիշեցնենք, որ Իրանում մեծ հեղինակություն վայելող Սահմանադրության պահապանների խորհուրդը վստահեցնում է, որ ընտրությունների արդյունքների կեղծման մասին ընդդիմության պնդումները անհիմն են, ընտրությունների ժամանակ խախտումներ գործնականում չեն եղել, իսկ որոշ տեղամասերում կատարած վերահաշվարկը ապացուցել է, որ հայտարարված արդյունքները իրական են: