Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՍԴԱՐՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ՝ ՆՈՐ ԾՐԱԳՐՈՎ

Հունիս 27,2009 00:00

Վաստակավոր կոլեկտիվ պարի պետական անսամբլը կներկայանա հոբելյանական համերգով

\"\"
Ա. Կարապետյանը (ձախից) ու Է. Չանչուրյանը:

Ազգային օպերային թատրոնում հունիսի 30-ին կկայանա երեկո-համերգ՝ նվիրված Հայաստանի պարի պետական անսամբլի կեսդարյա հոբելյանին:

Դեռ 50 տարի առաջ, երբ բալետմայստեր Էդվարդ Մանուկյանը, կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանը եւ նրանց համախոհները ձեռնամուխ եղան Պարի պետականի ստեղծմանը, թերահավատները շատ էին: Ավելին՝ նրանցից շատերը գտնում էին, որ ազգային պարարվեստը չի կարող ներկայանալ առանձին անսամբլով, քանի որ հայկական պարը մշտապես ուղեկցվել էր երգով՝ իր մեջ կրելով շուրջպարի գաղափարը: Գործի նախանձախնդիրները (Վ. Խանամիրյան, Ա. Ղարիբյան, Ս. Չանչուրյան եւ այլք) ապացուցեցին, որ մեր ժողովրդական ու բեմադրական պարերը ունեն իրենց ուրույն գեղագիտությունը, փիլիսոփայությունը, ազգային ոգին մատուցելու արտահայտչաձեւերը: Անսամբլին աշխարհի շատ երկրներում ծափահարեցին, հիացան հայկական պարով, սակայն վերջին տարիներին դժվարին պահեր ապրեց անսամբլը. եղան անկումներ, ցավոք՝ դիմազրկում: Բայց այսօր անսամբլը կրկին կարողանում է հավաքվել, ամբողջանալ, ներկայանալ նոր ծրագրերով, այսպես նաեւ փորձելով հակահարված տալ ապազգային այն խայտառակություններին, որոնք վերջին շրջանում տեղ են գտել մեր բեմերում:

«Առավոտը» հանդիպեց Պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանի եւ գլխավոր բալետմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյանի հետ:

Ժամանակակից արվեստն ընդհանրապես կազմակերպչական առումներով իր վրա է կրում շուկայական տնտեսության ազդեցությունը, ու թեեւ անսամբլը գործում է պետական հովանավորությամբ, այնուամենայնիվ, դժվար չէ՞ տնօրենի համար՝ պահպանել ընդհանուր աշխատանքային եւ ստեղծագործական ռիթմը: Այս հարցին Է. Չանչուրյանը պատասխանեց. «Անշուշտ՝ դժվար է: Սակայն իմ կողքին կան մարդիկ, որոնք անսամբլի բարեկամներն են, մեր ընկերները, որոնց համար Պարի պետականը պարզապես ազգային արժեք է կամ, ինչպես ընդունված է ասել՝ հայկական բրենդ: Նրանք ժամանակ առ ժամանակ աջակցում են անսամբլին՝ նոր ծրագրեր իրականացնելու համար: Իհարկե, որպես պետական կոլեկտիվ, ունենք նաեւ մշակույթի նախարարության աջակցությունն ու հովանավորությունը: Կարճ ասած, մեկտեղելով ջանքերը, փորձում ենք կազմակերպել արտերկրում այնքան սպասված Պարի պետականի հյուրախաղերը: Հոբելյանական այս տարում կլինենք Հայաստանի մարզերում, ցանկություն կա նաեւ՝ Արցախում: Նախապատրաստվում ենք աշնանը Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալիք անսամբլի համերգներին, որից հետո մտադիր ենք համերգային տուր անցկացնել Ռուսաստանում: Հոբելյանական համերգից 3 օր հետո Կինոկենտրոնի հետ համատեղ կսկսենք լիամետրաժ խաղարկային ֆիլմի նկարահանումները (պայմանական անվանումը՝ «Արարատի տապան»)…»:

Դիտարկմանը, թե անսամբլում Ա. Կարապետյանի ստեղծած այս կամ այն նոր բեմադրությունը որոշ մասնագետների կողմից հաճախ ենթարկվում է քննադատության, գլխավոր բալետմայստերը նախ նշեց, որ մենք գուցե մոռացանք շեշտել նաեւ, որ շատ մասնագետների կողմից էլ իր բեմադրություններն արժանանում են գովեստի, ապա հավելեց. «Արվեստը չի կարող դոփել նույն տեղում, եւ մենք էլ աշխատում ենք համընթաց քայլել ժամանակի հետ, պահպանելով ավանդականը: Կայանալիք հոբելյանական համերգը պատրաստելիս մեր նպատակն էր ստեղծել մի ծրագիր, որտեղ կլինեն տարբեր ձեռագրեր: Այդ առիթով անսամբլում բեմադրություններ են իրականացրել մեծանուն Վանուշ Խանամիրյանը եւ ԱՄՆ-ից հրավիրված բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: Ուզում եմ շեշտել, որ մեր անսամբլը զուտ ազգագրական խումբ չէ, այլ ազգային: Ընդ որում, հոբելյանական համերգին նոր համարներ էլ կան, խոսուն վերնագրերով՝ «Աստվածուհիների եւ Վահագնի պարը», «Հեթանոսական Հայաստան», «Իշխանապար» եւ այլն: Պարի պետականի այսօրվա ղեկավարությունն ու արտիստները մեծ պատասխանատվությամբ են պատրաստվել համերգին, քանի որ կեսդարյա այս հոբելյանը մեր եւ ժամանակին անսամբլում իրենց վաստակն ունեցած բոլոր արտիստների տոնն է, յուրատեսակ հաշվետվություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930