Բարերար, երաժիշտ եւ բանաստեղծ, Հայաստանի Գրողների միության անդամ Հովիկ Էդգարյանը 84 տարեկան է: Նրա պատվին երեկ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում Երաժշտագիտական գրադարանի եւ Խնկո-Ապոր գրադարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր գրական-երաժշտական ցերեկույթ: Միջոցառումը, բացի հարազատներից ու ընկերներից, պատվել էր ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակույթի խորհրդական Մոհամադ Ռեզա Շաքիբան: Աշխարհի տարբեր երկրներում ուսանած եւ աշխատած Հ. Էդգարյանը ստեղծագործել է հայերեն, պարսկերեն, անգլերեն եւ իտալերեն: Նրա գրվածքները տարբեր ժողովածուներում ու պարբերական հրատարակություններում լույս են տեսել Հայաստանում, Իրանում, Բեյրութում, Փարիզում, Լոնդոնում, ԱՄՆ-ում, Վենետիկում: Հովիկ Էդգարյանի բանաստեղծական աշխարհը, որը նրա ընթերցողները եւ արվեստի ու գրականության հետ կապված մարդիկ որակում են որպես անկեղծ ու մտերիմ զրույցներ, ամփոփված են նրա «Խոսում են կենդանիները», «Լուսաշող», «Ծաղկաձորի երանգներ», «Խինդ եւ ծիծաղ» ժողովածուներում: Իրանում բնակվող Հ. Էդգարյանը 1947 թվականին ստեղծել է նվագարանների նորոգմամբ եւ առեւտրով զբաղվող սեփական հաստատությունը՝ «Ջեներալ մյուզիք» անվանումով: Նրան է պատկանում նաեւ 1/4 տոն նվագող դաշնամուրի միտքը՝ հորինված պարսկական եւ ժամանակակից երաժշտության համար: Պրոֆեսոր Ռաֆայել Համբարձումյանը իր ելույթում նշեց. «Հովիկ Էդգարյանը մեր մշակույթի ակնառու գործիչներից է ու առաջին հերթին՝ լավ մարդ: Նրա էությունից է բխել ամբողջ գործունեությունը: Նա մարդկանց ցույց էր տալիս, թե ինչպես պետք է ապրել»: Միջոցառման ընթացքում երաժշտական գեղեցիկ համարներով հանդես եկան Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոցի սաները: