Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ԼԻՏՎԱՑԻ ՄՐՑԱՎԱՐՆԵՐ

Հունիս 27,2009 00:00

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի «Փյունիկ» (Երեւան) – «Միկա» (Աշտարակ) հանդիպումը սպասարկելու է Լիտվայի մրցավարական բրիգադը: Գլխավոր մրցավարը լինելու է Պաուլյուս Մալզինսկասը, եզրայինները՝ Արտուրաս Պիպիրասը եւ Ալեքսանդր Յակուբովսկին:
Ո՞ւմ նախաձեռնությամբ է որոշվել դրսից մրցավարներ հրավիրել եւ ի՞նչ պատճառով: Այս հարցերի մեկնաբանությունը ստացանք «Միկա» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Աշոտ Մարտիրոսյանից: Նա երեկ մեզ ասաց. «Նախաձեռնությունը «Միկայի» ղեկավարությանն է: Բայց ոչ այն պատճառով, որ հայաստանցի մրցավարներին չենք վստահում: «Միկան» ներկայումս գլխավորում է երկրի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը եւ իր առջեւ դեռ մինչեւ մրցաշրջանի մեկնարկը շատ լուրջ խնդիրներ էր դրել, որոնց իրագործումն այսօրվա դրությամբ, կարծես, վատ չի ընթանում: 14-րդ տուրում հանրապետության բազմակի չեմպիոնի հետ հանդիպումը սկզբունքային է լինելու, որում մրցավարների հնարավոր ցանկացած, այդ թվում՝ նաեւ՝ չկանխամտածված վրիպում կարող է հետագայում անցանկալի քննարկումների եւ տարաբնույթ մեկնաբանությունների պատճառ դառնալ: Հենց դրանից խուսափելու նպատակով «Միկայի» ղեկավարությունը, ընդունված կարգի համաձայն, այդ խաղի համար չեզոք երկրից մրցավարներ հրավիրելու առաջարկով պաշտոնական նամակ է ուղարկել ՀՖՖ: Վերջինս էլ ընդառաջել է: Ֆուտբոլի ֆեդերացիան սահմանված ժամկետներում դիմել է ՈՒԵՖԱ, որտեղ էլ կատարվել է մրցավարների ընտրությունը: Տեղեկացնեմ, որ լիտվացիները ՖԻՖԱ-ի մրցավարներ են, ունեն միջազգային պաշտոնական հանդիպումներ սպասարկելու մեծ փորձ: Իսկ գլխավոր մրցավար Պաուլյուս Մալզինսկասն իրենց երկրի լավագույն մասնագետի համարում ունի:
Երբ որեւէ ակումբ ցանկանում է իր թիմի հանդիպումը սպասարկելու համար դրսից մրցավարներ հրավիրել, ինքը պետք է ստանձնի բոլոր ծախսերը՝ սկսած ճանապարհածախսից, սննդի ապահովումից, մինչեւ համապատասխան հյուրանոցի վարձը: «Միկայի» ղեկավարությունն այդպես էլ վարվել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել