Իր ոչ արտիստական գործունեության մասին ասում է ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը:
Հայաստանցի ռեժիսոր Արմեն Ռոնովի՝ Լեւ Տոլստոյի համանուն վեպի հիման վրա նկարահանած 29 րոպեանոց «Աննան եւ Կարենինը» ֆիլմը հունիսի 15-22-ը Սանկտ Պետերբուրգում կայացած «Ուղերձ մարդուն» վավերագրական, կարճամետրաժ, անիմացիոն ֆիլմերի 21-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի՝ «Դասական կինոյի ասպարեզում ունեցած ներդրումի համար»: Երեկ այդ մասին «Տեսակետ» ակումբում հայտարարեցին ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսեր Գուրգեն Գադաչիկը:
Փառատոնի մասին Արմեն Ռոնովն ասաց. «Ուրախալին այն էր, որ փառատոնի շեշտադրությունը դրված էր դասական կինոյի վրա: Հենց այդ անվանակարգում էլ դիպլոմ ստացա»: Ըստ Ա. Ռոնովի, փառատոնին մասնակցել են 88 երկրից ռեժիսորներ. «Ներկայացված էր ավելի քան 3800 ֆիլմ, որից ընտրվել է 49-ը, դրանց շարքում եւ մերը՝ որպես նոմինանտ»: Ֆիլմի մասին էլ նշեց. «Ֆիլմս մեծ քննարկումների արժանացավ. ոմանք համարում էին՝ թատերական հիմք ունեցող ֆիլմ է, հիմքում դրված է թատրոնը, թատրոնի սովորույթները, ոմանք էլ այն համարեցին վավերագրական ֆիլմ՝ գեղարվեստական լուծումներով: Կինոքննադատները հենց իրենք էին խուճապի մեջ, ոչ մի կոնկրետ անձանագրում տեղի չէր ունենում, որ կոնկրետացնեին ու ասեին՝ այս կինոն պատկանում է այսինչ ժանրին: Չեմ թաքցնի՝ ֆիլմս շատ քննադատվեց, բայց առողջ էր քննադատությունը, եւ դրանից ես վատ չզգացի: Այնքան հետաքրքիր էր մեծ կինոգետների կարծիքները լսել, քանի որ մենք մեր երկրում նստած ֆիլմեր ենք նկարում եւ մեզ թվում է՝ մերն ամենահանճարեղն է»: Բյուջեի մասին ֆիլմի հեղինակները չցանկացան խոսել. «Դա կոռեկտ հարց չէ եւ այդ մասին պետք չէ խոսել»,- սրտնեղեց Ա. Ռոնովը:
Ֆիլմում գլխավոր հերոսի՝ Կարենինի կերպարը մարմնավորել է ՀՀ Ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, «Մովսես Խորենացի» շքանշանի ասպետ Վլադիմիր Մսրյանը:
«Առավոտը» դերասանից հետաքրքրվեց քաղաքական դաշտում ծավալած գործունեությամբ: «Ես զբաղվում եմ ճշմարտությամբ, այլ ոչ թե քաղաքականությամբ»,- ասաց Վ. Մսրյանը: Մեր ճշտող հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում փաստին, թե իր անունն ասոցացվում է Հանրապետական կուսակցության հետ, դերասանը պատասխանեց. «Ինձ դա դուր է գալիս: Այդ առումով ոչ մի խնդիր չունեմ: Ես առանց վախենալու գնում եմ քաղաքապետարան, որովհետեւ այն կսկիծը, ցավը, որ ունեմ, այն երազանքները՝ Երեւանը տեսնել լավ, դա է ինձ բերել այդտեղ: Ես կուսակցական չեմ, բայց ավագանի դարձա, որպեսզի շատ հարցեր կարողանամ բարձրացնել եւ լուծում տալ՝ իմ մտածելակերպով»: Անվանի դերասանը մտահոգված է Երեւանի մթնոլորտով. «Այն պետք է փոխվի, վերամաքրվի: Այն մշակութային աղբը, որ քաղցկեղի պես է մեր քաղաքում, պետք է հանել: Այսօր ես ցավ եմ ապրում, իրականությունում այնպիսի բաներ կան, այնպիսի իրադարձություններ են կատարվում, որոնց մեղավորը մենք ենք, ես եմ…Եթե ակտիվ լինեի, ինչպես հիմա եմ, երեւի դրանք չլինեին: Դաշտը բաց թողեցինք, ինչ ուզեցին՝ արեցին…»:
Վ. Մսրյանն անհանգստացած է նաեւ ներկայիս երաժշտարվեստով. «Աստղեր ծնվեցին անհամար, երգում են ու երգել չգիտեն, ձայներ չունեն, երգում են, հա՜ երգում… պարում են, հա՜ պարում… ասես այս ազգը ուրիշ մասնագիտություն չունի: Ինչքա՞ն կարելի է այս ամենը տեսնել ու լռել: Այն լավ երգիչներին էլ ճանապարհ չեն տալիս, այնքան շատ են: Գոնե մեր օգնությամբ պետք է այդ ճանապարհը բացենք…»: Հարցին՝ չի՞ վնասի քաղաքականությունը դերասանի հեղինակությանը, Վ. Մսրյանը պատասխանեց. «Իմ հեղինակության վրա ոչ մի բան չի կարող ազդել: Ո՞վ պետք է նպաստի ազդելուն, դո՞ւք, ուրեմն՝ մի՛ արեք…Կարո՞ղ է ես սխալ բաներ եմ ասում կամ վատ նպատակներով եմ ոտք դնում քաղաքապետարան…»: