Ղարաբաղյան հակամարտության առաջացման մեջ մեղավոր է Սովետական Միությունը, մեղավոր է ստալինյան ազգային քաղաքականությունը, մեղավոր է Միխայիլ Գորբաչովը, ով 80-ականների վերջում իրավիճակն իր վերահսկողությունից բաց է թողել: «ԱրմԻնֆո»-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել «Ինքներդ դատեք» հեռուստահաղորդման վարող Մաքսիմ Շեւչենկոն: «ԽՍՀՄ քաղաքացիների միջեւ գործը պատերազմի հասցնելու համար պետք էր հատուկ ջանք գործադրել, դա պետք էր կարողանալ անել: Մոսկվայում այդ ժամանակաշրջանում այն աստիճան գործից գլուխ չէին հանում, որ սկսեցին հակասական հայտարարություններ անել, որոնք արմատապես հակասում էին առողջ մտածողությանը: Որոշները պաշտպանում էին Ադրբեջանին, որոշները՝ Հայաստանին, արդյունքում դա բերեց այն բանին, որ ղարաբաղյան հակամարտությունը դարձավ Սովետական Միությունը փլուզող հակամարտություններից առաջինը»,- նշել է նա:
Այդ կապակցությամբ Շեւչենկոն կարծում է, որ Մոսկվան ուղիղ պատասխանատվություն է կրում ղարաբաղյան հակամարտության համար, քանի որ այն կարելի էր լուծել առանց արյունահեղության, առանց բռնության, առանց անօրինական զինված կազմակերպություններ ստեղծելու եւ այլն: «Իսկ ամենակարեւորը, կարելի էր խուսափել հարյուր հազարավոր մարդկանց վշտից, ովքեր վայրկենապես փախստական դարձան, սակայն դա չի արվել»,- ամփոփել է ռուս լրագրողը: