Շրի-Լանկայում ձերբակալվել է այդ երկրում բավականին ճանաչված աստղագուշակ Չանդրասիրի Բանդարան, որը կանխագուշակել էր երկրի նախագահ Մահինդա Ռաջապակսեի մոտալուտ հրաժարականը: Նա ասել էր, թե սեպտեմբերին Ռաջապակսեն կթողնի նախագահի պաշտոնը, որը կզբաղեցնի վարչապետ Ռաթնասիրի Վիկարամայկեն: Իսկ վերջինիս աթոռը կտրվի ընդդիմությանը: Այս կանխագուշակումը Բանդարան արել էր ընդդիմության հետ հանդիպման ընթացքում, ավելին՝ հրապարակել էր տեղական թերթերից մեկում:
Արդյունքում՝ իշխանությունները որոշել են ձերբակալել աստղագուշակին, որպեսզի պարզեն՝ ինչի՞ վրա են հիմնված նրա կանխատեսումները: Նկատենք, որ Բանդարան ամենշաբաթյա հաղորդումներ է վարում շրիլանկյան հեռուստաեթերում, բացի այդ՝ իր կանխատեսումները հրապարակում է նաեւ ընդդիմադիր թերթերից մեկում:
Շրի-Լանկայում քաղաքական գործիչները շատ լուրջ են վերաբերվում աստղագուշակությանը եւ նույնիսկ ունեն անձնական աստղագուշակներ, որոնց հետ կանոնավոր կերպով խորհրդակցում են: