Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը 50 տարեկան հասակում Լոս-Անջելեսում, Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական կենտրոնում իր մահկանացուն կնքեց փոփի արքա, մի քանի սերունդների երաժշտական կուռք դարձած Մայքլ Ջեքսոնը: Նրա արվեստը որքան հանրամատչելի, նույնքան էլ օրիգինալ էր: Նա իր տեսակի մեջ անկրկնելի էր:
Ջեքսոնի մահվան նախնական պատճառը ցավազրկող դեղերի չարաշահումն էր: Հուլիսի 13-ին սկսվելու էին Ջեքսոնի լոնդոնյան 50 համերգները, որոնք ազդարարելու էին փոփի արքայի վերադարձը շոու-բիզնես: «Ահա եւ ամենը» կոչվող շոու ծրագիրն այնքան մեծ աժիոտաժ առաջացրին Մայքլ Ջեքսոնի երաժշտության սիրահարների մոտ, որ նախատեսված 10 համերգների փոխարեն դրանց քանակը հինգ անգամ ավելացավ: Սպասվում էր, որ Լոնդոնում Ջեքսոնի համերգները դիտելու հնարավորություն կունենա ավելի քան 1 միլիոն մարդ: $70-100 արժողությամբ տոմսերը վաճառվել էին տառացիորեն րոպեների ընթացքում, իսկ վերավաճառողները այս ընթացքում տոմսերի գինը հասցրել էին մինչեւ 1000 ֆունտ ստեռլինգի: Օն-լայն աճուրդով տոմսեր են վաճառվել անգամ 10 հազար ֆունտով: Երեկ արդեն համերգի կազմակերպիչները հայտարարել են, որ երաժշտասերները կարող են վերադարձնել տոմսերը (բնականաբար, խոսքը չի վերաբերվում վերավաճառողներից ձեռք բերվածների մասին):
Ամենայն հավանականությամբ, Ջեքսոնը չափից դուրս լարված էր աշխատում՝ այս կարեւոր ծրագրին պատրաստվելու համար: Մի քանի տասնյակ պլաստիկ վիրահատությունները, ծանրագույն սթրեսները, որ նա տարավ հատկապես 2005-ին, երբ մեղադրվում էր անչափահասներին այլասերելու մեջ, եւ վերջին ամիսների գերլարված աշխատանքը չափազանց մեծ ծանրաբեռնվածություն էին նրա համար, եւ նա մշտապես ցավազրկողներ էր ընդունում: Նրա սիրտը կանգ էր առել հենց հերթական ցավազրկողի սրսկումից հետո:
Ջեքսոնի երեք զավակների՝ 13-ամյա Փրինս Մայքլ կրտսերի, 11-ամյա Փերիս Մայքլ Քեթրինի եւ 7-ամյա Փրինս Մայքլ 2-րդի դաստիարակությամբ, ամենայն հավանականությամբ, կզբաղվի նրանց տատիկը՝ Քեթրին Ջեքսոնը: Մայքլ Ջեքսոնը իրենից հետո թողել է հսկայական կարողություն՝ ըստ չճշտված տեղեկությունների՝ ավելի քան 500 մլն դոլարի հասնող: