Լրահոս
Օրվա լրահոսը

Հավակնությունների աստիճանը

Հունիս 27,2009 00:00

Հավաքարար Մարուսը նույնպես կարող է ճանաչվել «լավագույն գիտնական»

Կարդալով ձեր թերթի համարում «Հայ գիտնականը՝ աշխարհի լավագույններից» հոդվածը, մի պահ ուրախություն եւ գոհունակություն զգացի: Մեր հայ գիտնականը ճանաչվել է Միջազգային կենսագրական կենտրոնի կողմից լավագույն 100 գիտնականներից մեկը: Ուղղակի հրաշք է: Փոքր երկրի համար, որտեղ հիմա այդքան պրոբլեմներ կան լուծելու, որտեղ այդքան հեշտ չի տրվում գիտությունը, մեր հայ գիտնականը ճանաչվել է 100 լավագույններից մեկը: Սա նույնիսկ կարելի է վերադասել ազգային հաղթանակի, եթե իսկապես հնչում է այնպես, ինչպես իրականում է:

Մի փոքր հետազոտություն կատարելուց հետո, սակայն, ես մեծ հիասթափություն ապրեցի: Ալեքսանդր Գեւորգյան գիտնական, եթե կա էլ, ապա նա նույնիսկ չունի որեւէ արժանահավատ աշխատություն, որը ցիտվի Scopus-ի կամ Tomhson Reutersi ISI վեբ-կայքում: Ուղղակի զարմանալի է, աշխարհի 100 լավագույնների մեջ ընդգրկված գիտնականի «h-index»-ը զրո (0) է: Չէ, ես բավականին երկար եմ փնտրել, նույնիսկ Gevokian կամ Gevorgian, կամ այլ անունների տակ: Ինչն է, ուրեմն, պատճառը: Պատճառը մարդկանց ինքնահավանությունն է, հավակնությունների բարձր աստիճանը ու այլոց (ասենք՝ լրատվամիջոցների) ոչ պատշաճ կերպով տեղեկացված լինելն է: Միջազգային կենսագրական կենտրոնը կարող է առանց նախապայմանի լավագույն գիտնական ճանաչել, օրինակ, մեր հավաքարար «Լենային», կամ Հայաստանում՝ «Մարուսին»: Այս տիպի կազմակերպությունները կամ ֆիրմաները իրար հերթ չեն տալիս տպելու ամեն տեսակ աբսուրդ ինֆորմացիա կոմերցիալ նկատառումներով:

Նմանատիպ օրինակ է նաեւ Նյու Յորքի ակադեմիայի անդամ ընտրվելը, եւ մեր հայկական մամուլում մի շարք գիտնականների (կամ ոչ գիտնականների) ամպագոռգոռ գովքը, որ՝ «տեսեք, հայ գիտնականը ընտրվել է Նյու Յորքի ակադեմիայի իսկական անդամ: Փառք ու պատիվ մեզ, մեր հայ գիտնականներին, որքան խելացի ազգ ենք…» եւ նմանատիպ անհույս ու հուսալի ինֆորմացիա:

Իրականությունը, սակայն, լրիվ հակառակն է, ու այսօր հայկական գիտությունը իր մակարդակով զիջում է նաեւ մի շարք աֆրիկյան երկրների: Սա է պատկերը ու նրանից բխող ցավը, մեր մտածելու առաջնահերթ թեման, ոչ թե ամպագոռգոռ գովեստներն ու ապատեղեկատվությունները: Մենք՝ հայերս, պետք է շատ լուրջ աշխատանք տանենք հետագայում մեր գիտության բարի անունը վերականգնելու նպատակով:

Մեկ այլ ցավալի հարցի մասին էլ նշեմ: Դա հայ գիտնականների միջեւ առաջացող անհիմն պայքարն ու վեճն է: Ավելի կոպիտ կարելի է բնորոշել «գզվռտոց»: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է պարոն Գեւորգյանի եւ ակադեմիայի միջեւ ծագած վեճին: Պարոնայք գիտնականներ, մի կռվեք, մի հայհոյեք իրար: Եթե ձեզանից որեւէ մեկը իսկապես մեծություն է, նա կգնահատվի միջազգային գիտության կողմից: Եթե ձեզանից որեւէ մեկը իսկապես հայտնագործություն է կատարել, նա պարտավոր է տպագրել իր աշխատությունը որեւէ, գոնե միջին կարգի, միջազգային գիտական ամսագրում: Հակառակ պարագայում, եթե դուք տպագրվում եք լավագույն դեպքում՝ ռուսական որեւէ չճանաչված ամսագրում, իսկ վատագույն դեպքում՝ հայկական որեւէ գիտական ամսագրում, գոնե համեստություն ունեցեք ձեզ հեռու պահել ինքնամեծարումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել