30 տեղը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կարծիքով, անսպասելի ցուցանիշ է
Ասպիրանտուրայի ընդունելության քննություններից հետո այս տարի ՀՀ բուհերի շրջանում առաջացել է 30 թափուր տեղ: Այս ցուցանիշը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի համար անսպասելի է: «Ոչ թե մեկ, երկու, տասը, այլ՝ երեսուն…»,- մի առիթով զարմանք հայտնեց Ա. Աշոտյանը: Նախարարը թափուր մնացած 30 տեղերի գոյությունը պայմանավորում է այն բանով, որ ասպիրանտուրայի դիմորդները պետք է հանձնեին նաեւ օտար լեզվից քննություն, ինչը կատարվում է արտասահմանյան ծրագրերով, որոնք հայ դիմորդների համար բավականին դժվարհաղթահարելի են: Մյուս կողմից էլ Ա. Աշոտյանը կարծում է, որ թափուր մնացած 30 տեղերը վկայում են այն մասին, որ ասպիրանտուրան ոչ միշտ է բանակից խուսափելու միջոց դառնում: Ըստ նախարարի՝ 30 թափուր տեղը ցույց է տալիս, որ բուհերում բարձրացել է քննությունների անցկացման օբյեկտիվությունը: Հիշեցնենք, որ վերջին տարիներին, ինչ ասպիրանտուրայի ընդունելության քննությունների շարքում դիմորդները հանձնում են նաեւ օտար լեզվից քննություն՝ միջազգային ծրագրերով, բուհերում տարբեր մասնագիտությունների գծով առաջանում են թափուր տեղեր:
Նախորդ տարիներին «Առավոտի» հետ զրույցների ժամանակ տարբեր ֆակուլտետների դեկաններ մտահոգություն էին հայտնում, որ իրենք հազիվ կարողացել են ասպիրանտական տեղեր «իջեցնել», այն էլ՝ օտար լեզվի պատճառով կորցրել են: «Առավոտը» շրջայց կատարեց ՀՀ որոշ բուհերում՝ պարզելու այս տարվա իրավիճակը: Զրուցեցինք ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանի հետ: Նա տեղեկացրեց, որ ԵՊՀ-ին նախատեսված 53 տեղից որոշները թափուր են մնացել. «Այդ թվում է տեսական ֆիզիկա մասնագիտությունը: Հայտագրվել էր մեկ դիմորդ, որը չի ներկայացել քննության: Ֆիզիկական քիմիայի գծով էլ է մեկ թափուր տեղ մնացել, քանի որ հավակնորդը չէր հանձնել անգլերենի քննությունը: Հանրային իրավունք մասնագիտությամբ էլ մեկ տեղի համար կար 2 դիմում, որոնցից մեկը չէր ներկայացել քննության, մյուսը չկարողացավ հանձնել մասնագիտական քննությունը. նա «բավարար» էր ստացել, բայց պիտի «լավ» ստանար, որ հնարավորություն ունենար ընդունվել ասպիրանտուրա: Միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ էլ ունեինք 4 տեղ եւ 4 դիմորդ, բայց նրանցից մեկը ստացավ «անբավարար»: Ասպիրանտուրայի ընդունելության քննություններից հետո չի ավարտվում ասպիրանտուրա ընդունելության գործընթացը. դրան հաջորդում է թափուր մնացած տեղերի վերաբաշխումը, որը ոչ միշտ է լիովին օբյեկտիվ կատարվում: Այս կապակցությամբ Գ. Գեւորգյանն ասաց. «Կային մասնագիտություններ, որտեղ դիմորդների քանակը շատ էր, քան հատկացված տեղերը: Կային դիմորդներ, որոնք հաղթահարել էին անցողիկ շեմը, ուստի որոշեցինք դիմել նախարարություն եւ թափուր տեղերի վերաբաշխում կատարել մրցույթով անցածների համար: Ուստի տեղեր են իջեցվել ժուռնալիստիկա, գրականության տեսություն եւ այլ մասնագիտությունների գծով»: «Առավոտի» այն դիտարկմանը, թե հաճախ ասպիրանտուրայի մասնագիտական եւ դրանից մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած մագիստրոսական ավարտական քննությունների արդյունքների մեծ տարբերությունը չի՞ վկայում ինչ-ինչ բաների մասին, Գ. Գեւորգյանը պատասխանեց. «Ասպիրանտուրայի ընդունելության համար ներկայացվող պահանջներն ավելի բարձր են, քան մագիստրատուրայի սովորական քննությանը: Մյուս կողմից էլ քննության ծավալն է մեծ, հետո պահանջվում են համակարգված գիտելիքներ»:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) թափուր տեղեր չեն առաջացել: Բուհը իրեն հատկացված 20 առկա տեղը՝ 15 մասնագիտությունների գծով, օգտագործել է: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց ՀՊՃՀ գիտության եւ ասպիրանտուրայի գծով պրոռեկտոր Սուրեն Աղբալյանը, ընդունված 20 ասպիրանտներից 2-ը աղջիկ են. «Մի մոռացեք, որ Ճարտարագիտականում աղջիկները փոքր տոկոս են կազմում,- ասաց պրոռեկտորը եւ շարունակեց,- գրանցվել էր 28 դիմում, մի քանի մասնագիտությունների գծով էլ մրցույթ է եղել. օրինակ՝ ավտոմատացման համակարգեր մասնագիտությամբ 3 տեղի համար 6 դիմում էր գրանցվել»:
Ի տարբերություն մյուս բուհերի, այս տարի համեմատաբար դժվար կացության մեջ է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ): Պատճառն այն է, որ բուհը, միայն անցյալ տարի անցում կատարելով եռաստիճան համակարգի, այս տարի չունի մագիստրոս շրջանավարտներ: Ուստի բուհին հատկացված 17 ասպիրանտական տեղի համար դիմել է ընդամենը 10 անձ, որոնց մեծամասնությունը այլ բուհերի շրջանավարտներ են: ՀՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանը գրանցված արդյունքների մասին ասաց. «10 դիմորդներից մեկը մասնագիտական քննությունից ստացել է «անբավարար»: Նա անցյալ տարի ավարտական քննությունը ձախողել է, միայն այս տարի է վերահանձնել, մասնագիտական բոլոր առարկաներից նրա գնահատականները «բավարարներ» են, այդքանով հանդերձ՝ զարմանալիորեն համարձակվել էր դիմել ասպիրանտուրա: Եթե Ձեզ հետաքրքրում է հայտագրված անձանց գենդերային կազմը, ապա նրանցից 5-ը տղա է, 4-ը՝ աղջիկ»: