Պաշտոնյաները խոստացան վերականգնել Տաթեւի վանքը, մարզն ապահովել ինտերնետով, «Զորաց քարերն» էլ պատմամշակութային արգելոց դարձնել:
Երեկ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացած կառավարության արտագնա նիստը սկսվեց մեկ ժամ ուշացումով: Իսկ որ դրան ըստ արժանվույն էին փորձել պատրաստվել մարզպետարանում, նկատվեց հենց առաջին իսկ հայացքից. նիստերի դահլիճը միանգամայն այլ տեսք էր ստացել. հյուրերի համար նոր սեղաններ ու աթոռներ էին նախապատրաստել, թեեւ այդ նոր աթոռները քիչ էին, քանի որ նիստն արդեն սկսվում էր, իսկ լրագրողները, ինչպես տեղական, այնպես էլ մայրաքաղաքից ժամանածները, կանգնած էին մնացել, եւ բոլորը գրեթե նույն բողոքն ունեին՝ «Եթե հրավիրել եք, ապա բարի լինեիք մեզ համար էլ տեղ հատկացնեիք»: Այս հարցը լուծվեց միակ եղանակով. մի աթոռին 2 հոգով տեղավորվելուց բացի, այլ ելք չմնաց, քանի որ կազմակերպիչները պնդում էին, որ ազատ աթոռներ չկան, իսկ ոմանց էլ պարտադրում նստած տեղից վեր կենալ, քանի որ այն արդեն նախատեսված էր հատուկ մարդկանց համար: Նիստը վարում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը նիստի բացման իր խոսքում նշեց, որ այսօր առանձնահատուկ օր է Սյունիքի համար, քանի որ առաջին անգամ է այստեղ անցկացվում կառավարության նիստ:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կառավարության անդամներին ներկայացրեց մարզի 2009թ. սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ մարզում առկա խնդիրները, որոնցից կարեւորագույններից են աշխատատեղերի ստեղծման, գործազրկության մակարդակի իջեցման հարցերը: Ըստ մարզպետի՝ իրենց մարզի զբաղվածության 4 տարածքային կենտրոններում գրանցված 9672 աշխատանք փնտրողներից 7188-ը ունի գործազուրկի կարգավիճակ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, խոսելով «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակներից ու գերակա խնդիրներից, նշեց, որ նախատեսվում է վերականգնել Տաթեւ վանական համալիրը. Մեծ Անապատը, Տաթեւ վանական համալիրի տարածքում կառուցել նոր դպրատուն եւ հիմնել գիտակրթական համալիր: Ծրագրի շրջանակներում կվերականգնվի Գորիսի Խոտ գյուղի օդանավակայանը: Զբոսաշրջության համար տների, տարածաշրջանում բարձրորակ ինտերնետ կապի, զբոսաշրջության բնագավառում մարզում մասնագետների պատրաստման հարցերն էլ խիստ անհրաժեշտությունն են: Իսկ «Տաթեւ» զբոսաշրջության կենտրոնում կընդգրկվեն նաեւ «Տաթեւ» վանական համալիրի հարակից Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթեւ, Սվարանց, Տնձատափ, Աղվանի եւ Բարձրավան գյուղական համայնքները:
Կառավարությունը հավանության արժանացրեց մարզում «Զորաց քարեր» բնակատեղին պետական պատմամշակութային արգելոց դարձնելու առաջարկը:
Հունիսի 1-22-ը կառավարության աշխատակազմ՝ Սյունիքի մարզի բնակիչներից 69 դիմում-բողոք եւ առաջարկություն է ստացվել՝ դրամական աջակցության, գազիֆիկացման, ջրամատակարարման ու բնակարանային այլ խնդիրներով:
ՀՀ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծն ընդունվեց, որը հիմնականում պայմանավորված էր Հալիձոր համայնքի տարածքում ճոպանուղու եւ հյուրանոցային համալիրի կառուցման լայնածավալ աշխատանքներով, ինչը նաեւ կնպաստի մարզում զբոսաշրջության զարգացմանը, որն էլ իր հերթին կնպաստի մարզի սոցիալ-տնտեսական առաջընթացին ու աշխատատեղերի ավելացմանը: