Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկական թափոնները կոչնչացվեն

Հունիս 27,2009 00:00

Հայաստանում տարիներ շարունակ բժշկական թափոնների վնասազերծման խնդիրը մնացել է չլուծված: Հիմնախնդիրը սրվել է տարեցտարի, քանի որ գնալով մեր երկրում ահռելի քանակությամբ ժամկետանց, այսինքն օգտագործման համար ոչ պիտանի դեղեր են կուտակվել:

Խնդրի լուծման համար Էջմիածին քաղաքում կառուցվեց հատուկ բժշկական թափոնների ոչնչացման համար նախատեսված գործարան: Գործարանը կառուցվել է «Էկոլոգիա Վ.Կ.Հ» ընկերության նախաձեռնությամբ: Ընկերության տնօրեն Անժելա Մովսիսյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ գործարանը նախատեսված է ժամկետանց դեղերի, տարբեր վիրակապերի, միանգամյա օգտագործման ներարկիչների, լաբորատոր մնացորդների, մարդկային ախտահարված ներքին օրգանների եւ այլ ոչ պիտանի իրերի ոչնչացման համար: Ըստ Ա. Մովսիսյանի, այդ ամենը առանց վնասազերծման աղբանոց նետելը՝ շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության համար խիստ վնասակար է: Նրա տեղեկացմամբ, այս գործարանում հնարավորություն կա 1500-1600 աստիճան ջերմաստիճանի տակ, այրման եղանակով վնասազերծել մետաղական եւ ոչ մետաղական թափոններից առաջացած գազերը: Ա. Մովսիսյանի խոսքերով. «Դրանք այրվելուց հետո սառեցվում են ջերմափոխանակիչներով եւ մաքրվում կրկնակի գերհզոր ֆիլտրերով, ապա՝ վնասազերծված արտանետվում մթնոլորտ: Արդյունքում՝ գոյանում է կիր, որը կարող է կիրառվել կենցաղում եւ տնտեսության մեջ»: Ընկերության հիմնադիր Կոնստանտին Խվալիկի ներկայացմամբ էլ, «գաղտնիքը կայանում է գերհզոր զտիչների միջոցով վնասակար գազերն առավելագույնս մաքրելու մեջ»: Նրա խոսքերով. «J&Z» ֆիրման, որը վերոնշյալ գործարանում կատարել է շուրջ 3 մլն եվրո ներդրում, այրման տեխնոլոգիաներով աշխարհում լինելով առաջատարը, կարողացել է ապահովել գործարանից մթնոլորտ արտանետվող գազերի մաքրման առավել բարձր ջերմաստիճան»:

Նշենք, որ տեխնոլոգիական սարքավորումները թողարկվել են «JFZW» ընկերության կողմից, իսկ շինարարական աշխատանքներն իրականացրել են տեղի շինկազմակերպությունները:

Օրերս ՀՀ կառավարությունը «449-Ա» որոշմամբ թույլատրել է շահագործել ձեռնարկությունը: Այն կգործարկվի մինչեւ ընթացիկ ամսվա վերջ եւ կապահովի ավելի քան 25 աշխատատեղ: Բանվորների եւ այլ աշխատակիցների համար գործարանին կից ստեղծված են վարչական եւ սոցիալ-կենցաղային համապատասխան շինություններ: Նախատեսվում է, որ գործարանն իր հզորություններով կարող է վնասազերծել եւ ոչնչացնել մեր երկրի բժշկական թափոնների միայն մի մասը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել