Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱՆ ԱՎԵԼԻ ԷՖԵԿՏԻՎ Է, ՔԱՆ ՀԵՏԱԳԱ ԲՈՒԺՈՒՄԸ»

Հունիս 27,2009 00:00

\"\"Անչափահասների՝ խաղատներ ու խաղասրահներ մուտքն արգելելու մասին նման կարծիք ունի ֆինանսների նախարարության լիցենզավորման վարչության պետ Լեւոն Խալիկյանը:

«Մեր ստուգայցերի ժամանակ խաղատներում հայտնաբերել ենք կենդանի՝ «պոկեր», «պտուտակախաղ» (ռուլետկա), «բլեք ջեք» խաղերի կանոնների խախտումներ: Խաղասրահներում ավտոմատները պետք է 86% շահում ապահովեն՝ հօգուտ խաղացողի, մեր ստուգումների արդյունքում նաեւ այս տոկոսն է խախտված եղել: Եղել է, որ ստուգման ժամանակ մեր աշխատանքներին խաղասրահի աշխատակիցները խոչընդոտել են, ինչի համար մենք կազմել ենք համապատասխան արձանագրություն: Սակայն հիմնականում հանդիպում ենք մեկ այլ խախտման, երբ խաղասրահներն ավելի լուրջ կազմակերպության տպավորություն թողնելու համար իրենց մուտքի մոտ գրում են՝ «կազինո», որը նշանակում է խաղատուն: Նրանք որպես խաղատուն չեն ձեւակերպում իրենց կազմակերպությունը, քանի որ շահումով խաղերի լիցենզիան արժե 5 միլիոն դրամ, խաղատների լիցենզիան՝ 25 միլիոն դրամ»,- «Առավոտի» հետ զրույցում ֆինանսների նախարարության լիցենզավորման վարչության պետ Լեւոն Խալիկյանն այսպես պատասխանեց մեր այն հարցին, թե խաղատներում կամ խաղասրահներում հատկապես ի՞նչ խախտումներ են լինում: Նրա տվյալներով, Հայաստանում գործում է 11 խաղատուն եւ 111 խաղասրահ, այդ թվում՝ 14 շահումով խաղի լիցենզիա այս տարի ուժը կորցրած է ճանաչվել, դրա փոխարեն 8 շահումով խաղի լիցենզիա է տրամադրվել, 3 խաղատան գործունեության կասեցման մասին էլ դիմում է ներկայացվել դատարան:

Մենք պարոն Խալիկյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են տեղեկանում, որ այս կամ այն խաղասրահում, խաղատանը խախտումներ են տեղի ունենում, ինչին նա պատասխանեց. «Մեր հիմնական գործիքը ստուգայցերն են, ունենք նաեւ ստուգման այլ գործիքներ, օրինակ՝ փաստաթղթերի ստուգում: Տարվա ընթացքում մենք փորձում ենք ստուգել բոլոր խաղասրահներն ու խաղատները, բայց կան տեղեր, որ մի քանի անգամ ենք գնում, քանի որ փաստաթղթերից երեւում է, որ խախտումներ են անում: Ասեմ նաեւ, որ մենք իրավունք ունենք վերահսկողություն իրականացնել այն խաղատներում եւ խաղասրահներում, որոնք, իրականացնելով պատշաճ գործընթաց, պաշտոնապես լիցենզավորվել են: Այս կոնտեքստում չեմ բացառում, որ որեւէ անհատ կամ կազմակերպություն փորձի ապօրինի զբաղվել շահումով խաղերի կազմակերպմամբ, որը նույնպես ապօրինություն է, սակայն նման դեպքերը Պետեկամուտների կոմիտեի եւ այլ լիազոր մարմինների իրավասությունն են: Այդ առումով մենք ակտիվորեն համագործակցում ենք նրանց հետ: Ապօրինի ձեռնարկություններ հայտնաբերելու դեպքում էլ տեղեկացնում ենք վերոհիշյալ մարմիններին»:

Նշենք, որ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Երեւանում գործում է խաղամոլների ծնողների չգրանցված ասոցիացիա: Մենք վարչության պետից հետաքրքրվեցինք, թե ասոցիացիայի անդամները, արդյոք, իրենց չե՞ն դիմել: Պարոն Խալիկյանն ասաց, որ առաջին անգամ է լսում այդ կազմակերպության մասին, սակայն կարծում է, որ եթե դիմեն իրենց՝ օգտակար համագործակցության եզրեր կգտնեն:

Իսկ թե ինչպես է լիցենզավորման վարչությունը վերահսկում, որպեսզի խաղատներում կամ խաղասրահներում անօրինական գործողություններ չարվեն, օրինակ, ինչպես օրենքն է պահանջում, 21 տարեկանից ցածր տարիք ունեցող անձինք մուտք չգործեն տվյալ հաստատություն, Լ. Խալիկյանը պատասխանեց. «Անշուշտ, անչափահասների խաղատուն կամ խաղասրահ այցելելու կանխումն առայժմ խնդիր է, որը պահանջում է թե՛ համագործակցության մեխանիզմներ այլ իրավասու մարմինների, թե՛ ծնողների, թե՛ խնդրով մտահոգ հասարակական կառույցների հետ: Կարեւորում եմ նաեւ հասարակության պրոֆիլակտիկ եւ քարոզչական աշխատանքը՝ նման դեպքերը կանխելու համար: Այս հարցում, բժշկության պես, պրոֆիլակտիկան ավելի արդյունավետ է, քան հետագա բուժումը: Այս առումով մենք ակտիվ գործունեություն ենք վարում լրատվամիջոցների հետ: Չեմ բացառում նաեւ օրենսդրական նախաձեռնությունները՝ իրավիճակը բարելավելու նպատակով: Ես որքան տեղյակ եմ, մենք արդեն ունենք օրենքի նախագիծ, ըստ որի՝ ամեն խաղատուն մտնելուց առաջ պետք է ստուգվի մտնողների տարիքը՝ անձը հաստատող փաստաթղթով»:

Խոսելով խաղամոլության մասին, նա ասաց, որ շատ երկրներում այն համարվում է հոգեկան վիճակ. «Եթե մարդուն պետք է ճանաչեն խաղամոլ, դրա համար նրան պետք է բժշկական փորձաքննության ենթարկեն: Այդ օրենքով, որի մասին քիչ առաջ խոսեցի, նախատեսվում է նաեւ տվյալների բազա ստեղծել, ըստ որի՝ խաղատներին ու խաղասրահներին հայտնի կլինի օրինական կարգով խաղամոլ ճանաչված անձանց մասին ու կարգելվի նրանց մուտքն այդ հաստատություններ»:

Քանի որ Լեւոն Խալիկյանը նախկինում աշխատել է Պետեկամուտների կոմիետի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում, մենք նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ դժվարությունների է հանդիպել լիցենզավորման վարչությունում աշխատանքի անցնելուց հետո: Նրա խոսքերով. «Ամենամեծ դժվարությունն այն է, որ ժողովրդի կողմից արձագանք չկա: Մենք մեր վարչությունով դիմում ենք հասարակությանը, որ եթե անչափահաս են տեսնում խաղատուն կամ խաղասրահ մտնելիս՝ դիմեն մեզ: Այդպես մեր աշխատանքը շատ ավելի արդյունավետ կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել