ՀԱԿ-ը պնդում է, որ իշխանություններ ը ստիպված էին համաներում հայտարարել, իսկ իշխանության ներկայացուցիչը հակադարձում է՝ մենք ՀԱԿ-ին չենք հաճոյացել, այլ կատարել ենք հասարակական պահանջը:
Երեկ Հայ ազգային կոնգրեսը, ըստ էության, ամփոփել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ խորհրդարանում ընդունված որոշման վերաբերյալ իր ներկայացուցիչների, նաեւ՝ հենց «համաներված» քաղբանտարկյալների կողմից մինչ այս հնչեցված գնահատականները: Հայտարարված համաներումը, ըստ Կոնգրեսի, վարչախմբի կողմից երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու մտահոգության արդյունք չէր, առավել եւս՝ ոչ էլ մարդասիրության դրսեւորում: «51 քաղբանտարկյալների մեծ մասի ազատ արձակումը պարտադրված քայլ էր, արդյունք՝ Հայ ազգային կոնգրեսի հետեւողական ու գրագետ քաղաքական աշխատանքի, ամենալայն զանգվածների համառ ու անտեղիտալի պայքարի։ Դա Հայ ազգային կոնգրեսի ամենաառարկայական հաղթանակն է»,- համոզված է Կոնգրեսը, որն այդ առիթով շնորհավորում է համաժողովրդական շարժման բոլոր մասնակիցներին, իսկ «բացարձակապես անմեղ մարդկանց տարիուկես զնդանելը» գնահաում է որպես «վարչախմբի հանցագործություն», որի համար մեղավորները ուշ թե շուտ պատասխան են տալու։
Միաժամանակ ՀԱԿ-ը համարում է, որ քաղբանտարկյալների մեծ մասի ազատ արձակումը հնարավոր դարձավ այն բանի շնորհիվ, որ վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում Հայ ազգային կոնգրես-համաժողովրդական շարժմանը հաջողվել է «դիմակայել պետական ուժային եւ ոչ ուժային բոլոր կառույցների ներգրավմամբ իրականացվող համընդհանուր ճնշումներին ու պետական ահաբեկչությանը, ամենօրյա աշխատանքով պահպանել Շարժումը ու բարձրացնել պայքարի ոգին, ձախողել հարյուրավոր մարդկանց երկար տարիներով անազատության մեջ պահելու՝ վարչախմբի ոճրագործ ծրագիրը»: Կոնգրեսի համոզմամբ, քաղբանտարկյալների մի մասի ազատ արձակումը արդյունք է նաեւ այն բանի, որ ՀԱԿ-ին հաջողվել է «ամբողջությամբ փլուզել իշխանության յուրացման, պետական հեղաշրջման եւ մարտի 1-ի զոհերի համար պատասխանատվության՝ Շարժման դեմ հերյուրված խելացնոր մեղադրանքները, ու ի ցույց դնել անխտիր բոլոր քաղբանտարկյալների դեմ հարուցված մեղադրանքների շինծու եւ դատավճիռների պատվիրված լինելը»:
Ավելին, ՀԱԿ-ի մատուցմամբ, ի դեմս քաղբանտարկյալների, վարչախումբն իր դեմ պայքարի նոր ճակատ բացեց, որում «նրա խայտառակ պարտությունը այլեւս որեւէ կասկած չի հարուցում»։ Կոնգրեսը նաեւ շեշտում է, որ, իր ձեւակերպմամբ, գողական ու խուժանական բնազդներով առաջնորդվող վարչախումբը չկարողացավ օգտագործել իր վերջին շանսը՝ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու ու հետապնդումները դադարեցնելու միջոցով ներքաղաքական երկխոսության պայմաններ ստեղծելու համար: Ուստի՝ ՀԱԿ-ը հայտարարում է, որ կրկնապատկված եռանդով շարունակելու է պայքարը բանտերում մնացած մյուս քաղբանտարկյալների ազատ արձակման ու քաղաքական հետապնդումները դադարեցնելու համար։ Միաժամանակ պնդում է դեռ հունիսի 1-ի հանրահավաքում հրապարակած իր պահանջներն ու քաղաքական ծրագիրը: Այն է՝ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, հասնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների՝ դրանց միջոցով երկրում լեգիտիմ իշխանություն հաստատելու եւ սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով:
«Առավոտը» փորձեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովից ճշտել իշխանության վերաբերմունքը՝ ՀԱԿ-ի կողմից իշխանությունների հետ երկխոսությունից հրաժարվելու վերաբերյալ: «ՀՀ իշխանությունները եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը բարեփոխումներ անում են ոչ այս կամ այն քաղաքական ուժին կամ շարժմանը դուր գալու համար, այլ որովհետեւ Հայաստանում կա դրա հասարակական պահանջը: Մեզ համար այս բարեփոխումներն ու Հայաստանում հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելը օրվա հրամայական են, եւ մենք շարունակելու ենք այդ քաղաքականությունը»,- ասաց Էդ. Շարմազանովը: Վերջինս նաեւ վստահեցրեց, թե երկխոսություն, այնուամենայնիվ, ստացվում է. «Ընդդիմությունը միայն ՀԱԿ-ը չի: Կան ընդդիմադիր այլ ուժեր, հասարակություն, որոնց հետ երկխոսության մեջ են թե՛ իշխանությունները, թե՛ կոալիցիան: ՀՀԿ-ն մշտապես բաց է երկխոսության համար, եւ մենք դա բազմիցս ենք ապացուցել»: ՀՀԿ ներկայացուցիչն ասաց, թե ընդդիմադիր այլ ուժեր ասելով նկատի ունի, օրինակ, խորհրդարանական ուժերին՝ ՀՅԴ-ին եւ «Ժառանգությանը»: Իսկ իշխանության հետ երկխոսել, թե ոչ՝ ՀԱԿ-ն ինքն է որոշում. «Դա նրա խնդիրն է: ՀԱԿ-ն ինքն է որոշում իր մարտավարությունը»: Էդ. Շարմազանովի մատուցմամբ, Կոնգրեսին այլ բան չի մնում, քան մերժել իշխանության հետ երկխոսությունը, որովհետեւ նրանք պարտվեցին երեւանյան ընտրություններում, հրաժարվեցին մասնակցել ավագանու աշխատանքներին, «հիմա էլ իրենց ընտրազանգվածը պահելու համար պիտի դիմեն այլ քայլերի»: ՀՀԿ-ականի ասելով, իշխանությունը մտահոգված չէ, որ ազատ արձակված քաղբանտարկյալների կողմից ՀԱԿ շարքերը համալրելով ընդդիմությունը կարող է ուժեղանալ, որովհետեւ, նրա համոզմամբ, իշխանության համար օգտակար է ուժեղ ընդդիմություն ունենալը եւ հակառակը. «Իսկ ուժեղ իշխանություն եւ ուժեղ ընդդիմություն ունենալը օգտակար է մեր պետությանը»: