Երեկ Երեւանում գտնվող Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենը իր գործընկերների հետ այցելել է Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող եւ քաղբանտարկյալների ցուցակը համալրած Արշալույս Հակոբյանին։ Վերջինս Մարդու իրավունքների պաշտպանության Հելսինկյան միջազգային ընկերակցության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներից մեկն է, ով դիտորդի կարգավիճակով մասնակցել էր մայիսի 31-ին Երեւանում տեղի ունեցած ավագանու ընտրություններին:
Հիշեցնենք, որ FIDH-ը Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպության (OMCT) եւ մի շարք հայկական իրավապաշտպան կազմակերպությունների հետ հունիսի 12-ին հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որում իրենց խորը մտահոգությունն են հայտնել իրավապաշտպանի նկատմամբ անօրինական ձերբակալության ընթացքում բռնություն կիրառելու կապակցությամբ։ Նախորդ օրը, երբ պատվիրակությունը պաշտոնական մի շարք հանդիպումներ է ունեցել հայաստանյան իշխանությունների ներկայացուցիչների հետ, հնչեցրել է նաեւ իրավապաշտպանի կալանքի տակ գտնվելու հարցը։