Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՀԻՄՆԱՐԿԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԿԴԱՏՎԻ

Հունիս 27,2009 00:00

Ինչպես փոխանցում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հիմնավորվել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ա. Մուրադյանին առաջադրված մեղադրանքը եւ դատախազության կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունն ու քրեական գործն ուղարկվել դատարան:

Սպանության փորձ կատարելու համար դատապարտված Ա. Աղաբաբյանի՝ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից 2009 թվականի ապրիլի 1-ին տեղի ունեցած փախուստի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ նույն քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ա. Մուրադյանն անցել է իր լիազորությունների սահմանը՝ այդպիսով կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված արարք:

Մասնավորապես, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ա. Մուրադյանը, խախտելով «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի 11-րդ գլխի պահանջները, դուրս գալով օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից, առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար դատապարտված՝ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արշակ Աղաբաբյանին, առանց վերջինիս գրավոր համաձայնության, հիմնարկի պետի գրավոր որոշման եւ համապատասխան ձեւակերպումներ կատարելու, պարբերաբար դուրս է հանել խցից եւ ներգրավել քրեակատարողական հիմնարկի տնտեսական բնույթի աշխատանքներին: 2009 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, Ա. Աղաբաբյանը հերթական անգամ դուրս է հանվել խցից եւ ներգրավվել հիմնարկի համար ստացված սննդամթերքը բեռնաթափելու եւ պահեստ փոխադրելու աշխատանքներին, որի ընթացքում դատապարտյալը մնացել է առանց հսկողության: Վերջինս, օգտվելով իր նկատմամբ հսկողության բացակայությունից, ժամը 17-ի սահմաններում տնտեսական պահեստի պատուհանից դուրս է եկել Նալբանդյան փողոց եւ դիմել փախուստի:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել