Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ԴԱՎԱՃԱՆԸ

Հունիս 27,2009 00:00

\"\"Ինչո՞ւ հայաստանյան պատվիրակության անդամները չէին միացել Զարուհի Փոստանջյանի առաջարկներին

Իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում, թերեւս, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այդքան չէր արժանացել հայկական հեռուստաալիքների ուշադրությանը, որքան ԵԽԽՎ ընթացող նստաշրջանում իր գործունեության մի դրվագի համար: Ամբողջ հարցն այն էր, որ պատգամավորը սեփական առաջարկներն էր ներկայացրել՝ Հայաստանին վերաբերող փաստաթղթում ընդգրկելու համար: Առաջարկները, բնականաբար, անտեսվեցին մեր պատասխանատու հեռուստաընկերությունների կողմից: Փոխարենը՝ այն, որ դրանց տակ ստորագրելու համար նա դիմել էր նաեւ թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներին, Փոստանջյանի համար ճակատագրական դարձավ: Դրա արդյունքում հայկական պատվիրակության անդամները նրանից ոչ միայն խռովեցին, բառիս բուն իմաստով, այլեւ ԵԽԽՎ աշխատանքները լուսաբանող բոլոր հայկական հեռուստաընկերություններն իրենց լրատվական թողարկումներում մի լավ «քլնգեցին» նրան: Այնպիսի տպավորություն էր, որ բոլորը միասին հրահանգ էին ստացել: Ի դեպ, նույն հեռուստաընկերությունները բավականին պարբերաբար մեզ նաեւ դասեր են տալիս հանդուրժողականության, հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու եւ զարգացնելու մասին եւ գովերգում են դրան առանց նախապայմանների պատրաստ մեր իշխանավորներին: Արդյոք «դավաճանակա՞ն» էր Զարուհի Փոստանջյանի արարքը՝ «Առավոտի» հարցին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Ես ցանկանում եմ հարց ուղղել Հայաստանի պատվիրակության մյուս անդամներին՝ այդ ի՞նչ էր գրել Զարուհի Փոստանջյանն իր առաջարկների մեջ, որ մեր պատվիրակության ոչ մի անդամ դրանց տակ չէր ստորագրել: Նա առաջարկել էր ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, վերստեղծել փաստահավաք խումբը՝ միջազգային փորձագետի մասնակցությամբ, եւ ժողովրդավարության վերաբերյալ. այդ ո՞ր կետի հետ մեր պատվիրակները համաձայն չէին, որ չստորագրեցին: Թող մեր պատվիրակության մյուս անդամներն այս հարցին պատասխանեն՝ նոր խոսեն, թե ինչո՞ւ են ադրբեջանցի կամ թուրք պատվիրակները ստորագրել այդ փաստաթղթի տակ»: Մեր զրուցակիցը դժվարացավ հիշել՝ նախադեպ ունեցե՞լ ենք, որ թուրք կամ ադրբեջանցի պատվիրակները միանան հայաստանյան պատվիրակի առաջարկներին, բայց՝ «Հարցը դրանում չէ: Իր առաջարկներով տիկին Փոստանջյանն ազգադավ ոչինչ չի արել, ավելին՝ փորձել է հնարավորինս ազդել քաղբանտարկյալների ազատ արձակման, մարտյան իրադարձությունների վրա լույս սփռելու հարցերին: Այս ամենի համար Զարուհի Փոստանջյանին «ազգի դավաճան» որակողները պիտի լավ հասկանան, որ եթե իրենք այդ նախաձեռնությամբ հանդես չեն գալիս կամ գոնե դրան չեն միանում, ուրեմն իրենք են ազգի դավաճան»:

Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի բաժնի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն «Առավոտին» փոխանցեց, որ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակում մշակված եւ Կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանի միջոցով իրեն փոխանցված փաստաթուղթը: Իսկ ինչ վերաբերում է տիկին Փոստանջյանի նախաձեռնությանը՝ տարբեր պատգամավորներին դիմելու, ապա «ես առնվազն ձեռնպահ կմնայի նման քայլից՝ հաշվի առնելով հարցի նրբությունը եւ տարատեսակ ընկալումներն ու մեկնաբանությունները»: Իսկ «միեւնույն կենտրոնից ղեկավարվող հեռուստաընկերություններին» Վլադիմիր Կարապետյանը հորդորում եւ խորհուրդ է տալիս ավելի մեծ ուշադրություն դարձնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված կամ համաձայնեցված «Ճանապարհային քարտեզի» նրբություններին եւ, մասնավորապես, ԱՄՆ պետդեպի պաշտոնյա Ֆիլիպ Գորդոնի այն հայտարարությանը, որ ԱՄՆ պետդեպը ողջունում է հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի ձեւավորումը: «Այս խայտառակ հայտարարությունը մնաց անպատասխան: Ցեղասպանությունը կասկածի տակ կամ որոշ ձեւաչափերի մեջ դնելու այս իրողությունը հեռուստաընկերությունները չլուսաբանեցին: Ես կցանկանայի, որ մեր հեռուստաընկերություններն ավելի մանրամասն դա լուսաբանեին եւ, առհասարակ, գնահատական տային այն քայլերին, որ արել է իշխանությունը՝ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: Համենայնդեպս, դա ավելի արդար կլիներ, քան վերլուծել ընդդիմադիր պատգամավորի այդ քայլը»: Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ անպատասխան է մնացել նաեւ ԱՄՆ պետդեպի պաշտոնական դիրքորոշումը 2008-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ, որ դրանք անցել են համատարած կեղծիքների եւ ահաբեկումների մթնոլորտում: Պարոն Կարապետյանը ցանկանում է, որ հայկական հեռուստաընկերությունները անդրադառնային կառավարության այն վարքագծին, որի արդյունքում մեր քաղաքացիները զրկվեցին ԱՄՆ կառավարության տրամադրելիք 70 միլիոն դոլար անհատույց օգնությունից (խոսքը «Հազարամյակի մարտահրավերների» համայնքային ճանապարհաշինական ծրագրի դադարեցման մասին է- Ն. Գ.): «Բոլոր, իսկապես կարեւոր, խնդիրները պարզապես անտեսվում են, եւ հեռուստաընկերությունները, չգիտես ինչու, ինչ-որ երկրորդական հարցերի վրա են ուշադրություն դարձնում»,- եզրակացնում է Վլադիմիր Կարապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել