Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՆՈՋ ՍԵԹԵՎԵԹԱՆՔ»

Հունիս 27,2009 00:00

\"\"Այդպես է գնահատել իր գործընկերուհու՝ Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան գործունեությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Ժառանգություն» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի քայլը՝ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին առնչվող հարցերում ներքաշել թուրքերին եւ ադրբեջանցիներին, իրարանցում է առաջացրել քաղաքական իշխող կուսակցությունների ներկայացուցիչների մեջ: Կարելի է կարծել՝ տիկին Փոստանջյանը Վարդան Օսկանյանի «կեղտոտ լվացքն է» հանել դրսում լվանալու: Համենայնդեպս, դատելով իշխանական ուժերի արձագանքներից, իրենք այդպես էլ ընկալում են կատարվածը: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգից արդեն իր կարծիքն է ուղարկել, ըստ որի՝ ԵԽԽՎ-ում հնաբնակները անգամ չեն հիշում նման դեպք, երբ մեր երկրի ընդդիմության որեւէ ներկայացուցիչ Հայաստանին վերաբերող հարցերում «օգտվի» ադրբեջանական կամ թուրքական պատվիրակների աջակցությունից: Ըստ էության, պատգամավորի այս քայլը միանշանակ չի ընդունվել նաեւ «Ժառանգություն» խմբակցությունում: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ «Ժառանգության» մի շարք անդամներ առանձին-առանձին հարկ են համարել մոտենալ հանրապետականներին, մասնավորապես՝ Գալուստ Սահակյանին, եւ ասել, թե իրենց եւս դուր չի եկել իրենց գործընկերուհու այս քայլը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, սակայն, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը որեւէ դատապարտելի բան չի տեսնում կատարվածում. «Նախ, Զարուհի Փոստանջյանը ինքը չի խնդրել, որ նրանք ստորագրեն, նրանք իրենց նախաձեռնությամբ են ստորագրել, երկրորդը՝ մի պահ վերանանք եւ պատկերացնենք, որ Գյուլբեկի Հաջիբեյլին կամ մյուսը՝ թուրք պատգամավորը, չէին ստորագրում այս գրության տակ եւ իրենց բանավոր ելույթներում զորակցություն էին հայտնում Զարուհի Փոստանջյանի առաջարկին, ի՞նչ պիտի աներ Զարուհի Փոստանջյանը, պիտի գնար նրանց գլո՞ւխը ջարդեր»,- հարց է տալիս պատգամավորը: Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ խնդիրը սա չէ, այլ այն, որ «եթե ՀՀ խորհրդարանում սեփական ընդդիմության առաջարկները չեն ընդունվում, սեփական ընդդիմության հորդորները չեն լսվում եւ չեն հարգվում, այդ դեպքում թող որեւէ մեկը չնեղանա, որ այն եվրոպական ընտանիքում, որի մասին խոսում է Նաիրա Զոհրաբյանը, մենք խնդիրներ ունենք փոխադարձ պարտավորությունների կատարման»: Մեր դիտարկմանը՝ բայց ինչո՞ւ այդ բանն անել թուրքերի եւ կամ ադրբեջանցիների ձեռքով, մի՞թե նրանք արդեն այնքան ժողովրդավար են, որ կարող են մեզ դասեր տալ, պարոն Սաֆարյանն ասաց. «Նրանք իրենք են ցանկացել ստորագրել եւ ոչ ոք նրանց չի խնդրել»:

Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, իրենք Զարուհի Փոստանջյանի կատարած քայլից առանձնապես չեն նեղվել. «Կնեղվեինք, եթե ինքը լուրջ քաղաքական գործիչ դարձած լիներ, այդ դեպքում կհամարեինք հայրենադավություն, բայց դա բնութագրում եմ որպես կնոջ անբարո սեթեւեթանք, չեմ կարծում, որ սա անհրաժեշտ է թիրախ դարձնել: Այստեղ խնդիր է առաջանում, որ ժողովուրդն էլ, քաղաքական ուժերն էլ հակված պիտի լինեն այնպիսի մարդիկ բերել խորհրդարան, որ գոնե այդպես պետությանը վնասող արարքներ թույլ չտան: Ամենակոշտ ընդդիմություն ենք ունեցել, միգուցե ուրիշների հետեւում ավելի դաժան բաներ են արել պետության նկատմամբ, ոչ՝ իշխանությունների, բայց այսպես բացարձակ ոչինչ չի արվել, այն էլ՝ նոր փաստահավաք խումբ ստեղծելու հարցի շուրջ: Ի՞նչ է ստացվում, դա էլ փորձում են ստեղծել թուրքերի ու ադրբեջանցիների օգնությա՞մբ: Այսինքն՝ համախոհ են դառնում եւ իրե՞նք են շահագրգիռ փաստահավաք խմբով: Կարելի է քաղաքական գնահատականներ տալ, բայց քաղաքական գործչին կարելի է քաղաքական գնահատական տալ: Ես կարծում եմ, որ «Ժառանգությունն» ինքն էլ պիտի հետեւություններ անի»: Սակայն, ըստ Գալուստ Սահակյանի, սա այնքան կարեւոր չէ, որքան այն, որ «մեր պատվիրակության կատարած աշխատանքը Եվրախորհրդում բարձր գնահատվեց: Իհարկե, մեր ընդդիմադիրները ուրախացած են, որ մոնիտորինգը շարունակվում է: Բայց ո՞ւմ հայտնի չէ, որ մոնիտորինգը Եվրախորհրդում անընդհատ պրոցես է, եւ շատ լավ է, որ շարունակվում է»:

Հ. Գ. Երեկ մամուլի ասուլիսում մեկ այլ ՀՀԿ-ական՝ Մկրտիչ Մինասյանը, հայտարարեց. «Ես կարծում եմ, որ Հայաստանի եւ հայ մարդու համար լուրջ սահմաններ կան, որոնք չի կարելի անցնել: Դա քաղաքական առուծախ է, եթե դու հիմա իրենց ես դիմել, իրենք էլ հետո քեզ կարող են դիմել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել