Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս ՆՎԵՐ ԸՆՏՐԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ

Հունիս 26,2009 00:00

\"\"Սիրելի կանայք, հիշեք, որ յուրաքանչյուր նվերի արժեքը բարձրանում է, երբ դրան զուգահեռ գրավիչ ժպիտով ասվում են գեղեցիկ խոսքեր:…

Հաճելի է, երբ նվերը դրական էմոցիաներ է առաջացնում ստացողի մոտ եւ դրանով իսկ ընդգծում ձեր վերաբերմունքը տվյալ մարդու նկատմամբ: Մինչ նվեր ընտրելը՝ անհրաժեշտ է հասկանալ՝ ո՞ւմ եք ցանկանում շնորհավորել եւ ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը նրա նկատմամբ:

Նվեր սիրելիի համար.- Ամեն ինչ կախված է նրանից, թե տվյալ պահին ինչ փուլում են ձեր փոխհարաբերությունները, ինչ զարգացում ունի ձեր սիրավեպը: Սիրելի տղամարդու համար նախատեսված նվերը պայմանականորեն բաժանենք 2 խմբի՝ «ձեր երկուսի համար» եւ «անձամբ նրա համար»։

«Ձեր երկուսի համարի» մեջ կարելի է ընդգրկել այն ամենը, ինչը կարող է խորհրդանշել ձեր համատեղ ժամանցը: Օրինակ, լավ նվեր են մոմերի լույսի ներքո ռոմանտիկ ընթրիքը, ճամփորդություն-էքսկուրսիան, կինոյի, թատրոնի, համերգի տոմսերը. տոմս գնելիս հիշեք, որ պետք է առաջնորդվել ձեր սիրելիի, ոչ թե ձեր նախասիրություններով:

«Անձամբ նրա համար» նվեր են հանդիսանում վերնաշապիկը, փողկապը, կրակայրիչը, դրամապանակը, այցեքարտերի գրքույկը, գոտին, օծանելիքը…

Դուք չպետք է նվիրեք համատեղ կյանքի հեռանկար խորհրդանշող իրեր, ինչպիսիք են՝ ապագա բնակարանի կահավորանք հանդիսացող իրերը: Նման նշանները կխրտնեցնեն ձեր սիրելի տղամարդուն: Չէ՞ որ նա կարող է պատրաստ չլինել ավելի մտերիմ փոխհարաբերությունների:

Նվեր ամուսնուն.- Ամուսնու համար նվերի ընտրությունը երեւի թե ամենադյուրինն է, քանի որ դուք լավ գիտեք նրա բոլոր թուլություններն ու չիրականացված երազանքները: Լավագույն նվեր կլինի այն, որն առնչություն ունի նրա հոբիի հետ: Օրինակ՝ ձկնորսության սիրահարին՝ ձկնորսության պարագաներ, արվեստի սիրահարին՝ համապատասխան գրականություն եւ այլն: Եթե ձեր ամուսինը դեռ վաղուց երազում էր զբաղվել որեւէ մարզաձեւով, ապա նրան կարող եք նվիրել համապատասխան մարզահագուստ եւ այլ պարագաներ: Երբեք մի նվիրեք այնպիսի իրեր, որոնք ընտանեկան պարտականություններ են հիշեցնում, ինչպիսիք գործիքների հավաքածուն է: Գեղեցիկ չէ կենցաղային իրեր եւ առաջին անհրաժեշտության պարագաներ (գուլպա, թաշկինակ, ներքնազգեստ եւ այլն) նվիրելը: Դրանք դուք կարող եք գնել առանց որեւէ առիթի:

Նվեր ղեկավարին.- Ղեկավարի նվերը պետք է չեզոք լինի եւ արտահայտի ձեր հարգանքը: Բոլորովին պարտադիր չէ, որ նվերն օգտակար լինի, քանզի ձեր ղեկավարը հաստատ ունի բոլոր անհրաժեշտ պարագաները: Գրասենյակային հուշանվերները լավագույնն են եւ նախընտրելի. դրանք գոնե թեթեւակի կհիշեցնեն նրա գործունեության ոլորտի բնույթը: Նվերի գինը եւս էական չէ, դա ավելի շատ պետք է համապատասխանի ձեր եկամուտներին. խորհուրդ չի տրվում վերջին կոպեկը տրամադրել ղեկավարին նվեր գնելու համար, քանի որ նա գիտի ձեր ֆինանսական հնարավորությունները եւ չափից դուրս առատաձեռնությունը բացասական վերաբերմունքի կարժանանա նրա կողմից: Միաժամանակ հիշեք՝ եթե նա ինչպես հարկն է ձեզ վարձատրում է, իսկ դուք «չնչին բան» եք նվիրում, դա կարող է նրան վիրավորել: Ղեկավարների համար ունիվերսալ նվերներ են գրիչները, օրագրերը եւ այլ գրենական պիտույքները, որոնք նա հաստատ կօգտագործի աշխատանքի ժամանակ: Ղեկավարին երբեք մի նվիրեք անձնական օգտագործման իրեր. դրանք շատ ինտիմ նվերներ են համարվում եւ պատեհ չեն աշխատանքային միջավայրի համար:

Նվեր մտերիմ ընկերոջը.- Մտերիմ ընկերոջը եւ հարազատին նվիրեք գրեթե ամեն ինչ. ալկոհոլային խմիչքներ, կենցաղային պարագաներ, գրքեր, առաջին անհրաժեշտության իրեր եւ այլն: Մտերիմները, որպես կանոն, դրանց կվերաբերվեն իբրեւ հումորի զգացումով արված նվերների, ինչպիսիք են՝ ծաղրանկար-արձանիկները, կատակ-գրառումներով սպասքը եւ այլն: Մտերիմ մարդուն մի նվիրեք ընտանի կենդանիներ, նույնիսկ եթե տեղյակ եք, որ դա նրա վաղեմի երազանքն է: Կենդանի էակի ձեռքբերումը պատասխանատու քայլ է, որին պետք է համաձայնեն ընտանիքի բոլոր անդամները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930