Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԱԶՈՆՈՒՀԻՆԵՐՆ ԱՌԱՋԱՑԵԼ ԵՆ ԿՈՎԿԱՍՈ՞ՒՄ

Հունիս 26,2009 00:00

Ըստ Գերմանիայի ադրբեջանական մշակույթի ինստիտուտի՝ այս տարածաշրջանի յուրաքանչյուր իգական սեռի ներկայացուցիչ կարող է ամազոնուհի լինել:

Գերմանիայում գործող ադրբեջանական մշակույթի ինստիտուտը՝ Գենցեվին, նախատեսում է առաջիկայում անցկացնել միջազգային մրցույթ՝ «Կովկասյան ժամանակակից ամազոնուհիների բացահայտում» խորագրով: Ինստիտուտի աշխատակիցներն իրենց կատարած հետազոտությունների արդյունքում պնդում են, որ ամազոնուհիների իրական նախատիպերն առաջացել են կովկասյան տարածաշրջանում: Հին հույները առաջին ամազոնուհուն անվանել են Պենտեսիլեա ու նրա մեջ տեսնում էին ռազմի աստված Արեսի դստերը: Դեռ մ.թ.ա. 5-րդ հազարամյակում հույները ամազոնուհիների պատկերներով քանդակներ, գեղանկարչական ստեղծագործություններ էին ստեղծում: Ամազոնուհիները՝ ռազմատենչ եւ կրքոտ, արդարության ջատագով, բայց, միեւնույն ժամանակ, բնույթով վայրի այս արարածները ժայռափոր քանդակներում պատկերվել են դեռ ավելի քան 9000 տարի առաջ: Ամազոնուհիները, անկախ նրանից, թե արվեստի որ ճյուղի ստեղծագործության միջոցով են ներկայացված, որպես կանոն՝ պատկերվել են ընդգծված կրծքով: Ամազունուհիների բանակն աչքի էր ընկում խիստ կարգուկանոնով, նրանք շարժվում էին մի քանի սկզբունքներով: Առաջինն այն էր, որ ամազոնուհիները միմյանց պիտի վերաբերվեն ինչպես սեփական քրոջը, չնայած նրանց մեծամասնությունը իսկապես քույրեր էին: Մյուս կանոնի համաձայն՝ ամազոնուհիները առեւանգում էին արական սեռի ներկայացուցիչներին՝ սերունդը շարունակելու համար, այնուհետեւ նրանց բաց թողնում: Իսկ եթե տղա էր ծնվում, նրան վերադարձնում էին հորը: Ամազոնուհիները առնական չէին, պարզապես ցանկանում էին ցույց տալ, որ կանայք եւս կարող են ուժեղ լինել:

Դեռ հնուց ամազոնուհիներն այսպիսի կերպարով են ներկայացել: Այժմ ամազոնուհու կերպարը, իհարկե, միանշանակ չի ընկալվում, այն ասոցացվում է բազում երեւույթների հետ, որոնք ոչ միշտ դրական ենթատեքստ ունեն: www.amazonki-ssnos.narod.

ru էլեկտրոնային էջը ներկայանում է որպես ամազոնուհիների պաշտոնական էջ: Այստեղ ժամանակակից ամազոնուհիները՝ Իրիշան, Էրիկան եւ այլք, նշում են, որ իրենք հավատարիմ են իրենց նախնիների սկզբունքներին, սակայն որոշ փոփոխություններ են մտցրել իրենց գործունեության մեջ: Օրինակ՝ նրանք պարտադիր չեն համարում տղամարդկանց առեւանգումը՝ կարծելով, որ դա առանձնապես մեծ օգուտ չի տա իրենց:

Թե որքանով են հավաստի Գերմանիայում գործող ադրբեջանական մշակույթի ինստիտուտի պնդումներն այն մասին, թե ամազոնուհիներն առաջացել են Կովկասում, ցույց կտան հետագա ուսումնասիրությունները: Սակայն ինստիտուտի աշխատակիցները բերում են նաեւ փաստացի որոշ տվյալներ: Գիտնականները նման եզրակացության են եկել՝ հիմնվելով Վրաստանում գտնվող Սինեյ լեռան տարածքում հայտնաբերված ալբանական գրերի, Սեւ ծովի՝ Վրաստանին եւ Ադրբեջանին հարող տարածքների եւ Բաքվի մոտակայքում գտնվող Գոբուստան ժայռավանդակից գտնված հնագիտական գտածոների վրա: Ինստիտուտի գիտնականները պնդում են, որ կովկասյան ամազոնուհիները չեն վերացել: Այդ են վկայում այժմ ապրող ամազոնուհիները: Օրինակ՝ Թագուհին, Թոմրիսը՝ Ալբանիայում, Ելենան՝ Հայաստանում, Թամարան՝ Վրաստանում, Էրեբսենգին, Գեջերը՝ Ադրբեջանում եւ այլն: Սակայն Գերմանիայում գործող ադրբեջանական ինստիտուտի գիտնականներն այժմ կանգնած են մի հարցի առաջ՝ որտե՞ղ են այսօր վայրի ամազոնուհիները: Ուստի ներքոնշյալ մրցույթն ունի հենց այդ հարցի պատասխանը գտնելու նպատակը: Կովկասյան տարածաշրջանի իգական սեռի ներկայացուցիչներին, ովքեր իրենց համարում են ամազոնուհիների հետնորդներ, գիտնականները խնդրում են նկարագրել իրենց կյանքը, մտորումները, ցանկություններն ու անհանգստությունները: Իրենց կյանքի տարբեր փուլեր ներկայացնել լուսանկարների միջոցով: Բոլոր տվյալներն ինստիտուտի ներկայացուցիչները խորհուրդ են տալիս ուղարկել [email protected] եւ [email protected] էլեկտրոնային հասցեներով:

Այսպիսով, ժյուրին հնարավորություն կունենա ընտրել ամազոնուհիների 12 հետնորդների, որոնք կդառնան ամազոնուհիների ակումբի անդամներ, նրանց անունը տեղ կգտնի կովկասյան ամազոնուհիներին նվիրված գրքում, կնկարահանվեն «Խաղաղություն Կովկասում» նախագծում: Իսկ հաղթողներին Բեռլինում կհանձնվի ամազոնուհու բրոնզե արձանիկ եւ 1000 եվրո պարգեւ: Օրինակ՝ ամազոնուհի Նուրիդե Աթեշին, որը նաեւ Գերմանիայում ադրբեջանական ինստիտուտի ներկայացուցիչ է, կարծում է, որ կովկասյան տարածաշրջանի եւ ընդհանրապես ողջ աշխարհի ժողովուրդների միջեւ հարաբերությունների բարելավման, խաղաղության հաստատման հարցում մեծ դերակատարություն կարող են ունենալ կանայք, հատկապես ամազոնուհիները: Ուստի՝ ապագայում ստեղծվելիք ամազոնուհիների ակումբի հիմնական նպատակն է լինելու կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930