Երեկ Փարիզում կայացավ արագ շախմատի Հայաստան-Ֆրանսիա տղամարդկանց ազգային հավաքականների ընկերական երկրորդ մրցամարտը, որում հաջողությունը կրկին ուղեկցեց օլիմպիական կրկնակի չեմպիոն մեր թիմին:
Հայաստանի առաջատար գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը չորս տուրերում հերթականությամբ հանդիպեցին տանտերերի ուժեղագույն շախմատիստների՝ Ժոել Լոթյեի, Մաքսիմ Վաշյե-Լագրավի, Լորան Ֆրեսինեի եւ Քրիստիան Բաուերի հետ: Խաղացված բոլոր տուրերում Հայաստանը 2,5:1,5 հաշվով թիմային հաղթանակ տարավ:
Շախմատիստները երկու օրվա ընթացքում խաղացին ութ պարտիա եւ իրենց վատ չդրսեւորեցին: Սակայն փարիզյան այս մրցաշարում իր տարերքի մեջ էր երիտասարդ Տիգրան Պետրոսյանը, որը թիմին բերեց 6,0 միավոր (8,0 հնարավորից), իսկ Վլադիմիր Հակոբյանը, Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը՝ 4,5-ական միավոր:
Այսպիսով, երկու օրվա արդյունքներով շախմատի Հայաստանի հավաքականը 19,5:12,5 հաշվով ընդհանուր հաղթանակ տարավ: