Լրահոս
Օրվա լրահոսը

80-ամյա Սպենդիարյան

Հունիս 26,2009 00:00

Երաժշտական դպրոցի հոգսերն ու հաջողությունները \"\"

Չգիտեմ՝ դասական նվագախումբն ինչ կանոններով է կազմվում, բայց Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի միջանցքում ֆլեյտայի, դաշնամուրի ու քանոնի սենյակներից իրար խառնվող ձայները համահունչ թվացին ինձ: Աշակերտները տարեվերջյան քննություններ եւ ստուգարքներ էին հանձնում: Ներսում մասնագետներն էին լսում նրանց, իսկ դասասենյակից դուրս՝ դռներին հենված ծնողները.

– Խայ-տա-ռա-կե՜ց, թո՛ւ, խայտառակեց Բախը,- իր երեխայի կատարումը շտապեց գնահատել ծնողներից մեկը: Բայց կարծում եմ, որ նա հուզմունքից խտացրեց գույները: Դատելով միջազգային մրցույթներում այս դպրոցի ունեցած արդյունքներից՝ Բախն այստեղ պետք է որ «չխայտառակվի»:

«Ամեն տարի մեր դպրոցի աշակերտները դառնում են միջազգային մրցույթների դափնեկիրներ: Այս տարի մոտ քսան աշակերտ եվրոպական երկրներում տարբեր մրցանակների է արժանացել: Կարելի է ասել՝ այդպիսի դեպք չի լինում, որ մեր աշակերտը ելույթ ունենա արտասահմանում ու առանց մրցանակի գա»,- հպարտությամբ նշեց դպրոցի փոխտնօրեն Համլետ Պողոսյանը:

Այս տարի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի 80-ամյակն է:

«Մեր առօրյան» վերտառությամբ ցուցատախտակներին փակցված ազդագրերի առատությունը ես վերագրեցի հոբելյանական շրջանին, բայց հսկիչը բացատրեց, որ այս դպրոցը միշտ էլ աչքի է ընկել իր բազմազան համերգներով: Փոխտնօրենը համերգների առատությունը բացատրում է իրենց դպրոցի ուսումնական ծրագրերի առանձնահատկությամբ.

«Մեր աշխատանքը տարբերվում է հանրակրթական դպրոցի աշխատանքից: Սա միջնակարգ մասնագիտական դպրոց է: Այսինքն՝ աշակերտը 7-ամյա կրթությունից հետո կարող է եւս 3 տարի շարունակել մեզ մոտ եւ ապա ընդունվել կոնսերվատորիա: Մեր դպրոցում յուրաքանչյուր աշակերտ՝ ուժեղ, թե թույլ, տալիս է համերգ, որպեսզի բոլոր ուսուցիչներն ու ծնողները նրա արդյունքը գնահատելու հնարավորություն ունենան: Բացի այդ, դպրոցը հնարավորության դեպքում համերգներ է տալիս քաղաքի ավելի մեծ դահլիճներում եւ հրավիրում է նաեւ մյուս դպրոցների տնօրեններին ու ուսուցիչներին: Լավ չէ, որ ամեն դպրոց իր ափսեի մեջ է տապակվում եւ տեղյակ չէ, թե ուր են հասել մյուս դպրոցները»:

80-ամյա դպրոցի ներքին հարդարանքը հիշեցնում է խորհրդային ժամանակները. դպրոցը վերջին անգամ նորոգվել է 70-ական թվականների սկզբին: Այդ ժամանակից ի վեր՝ դպրոցի շենքում աչքի ընկնող միակ խոշոր փոփոխությունը կարելի է համարել այս տարի տեղադրված ջեռուցման մարտկոցները: Դպրոցի տնօրինությունը կարծում է, որ վաղուց դպրոցի շենքը նորոգելու ժամանակն է, իսկ ուսումնական ծրագրերում խորհրդային մեթոդներից հրաժարվել չի պատրաստվում: Եվրոպական ծրագրերի մասին խոսակցությունն անգամ բարկացնում է Համլետ Պողոսյանին. «Մեր ուսումնական ծրագրերը խորհրդային ժամանակներից չեն փոխվել, ճիշտ է, դրա համար էլ նման արդյունքներ ենք տալիս: Համոզված եմ ասում, որ մեր կրթությունը բարձր է ուզածդ եվրոպական դպրոցի երաշխավորած կրթությունից: Մեր դպրոցում դասավանդում են կոնսերվատորիայի լավագույն պրոֆեսորները. նրանք բոլորն էլ խորհրդային շրջանում կրթություն ստացած մարդիկ են»:

Դպրոցն իր հաջողությունն է համարում այն փաստը, որ չնայած այսօր նորաձեւ են համարվում հատկապես դաշնամուրն ու կիթառը, ինքն ունի շատ աշակերտներ նաեւ փողային գործիքների բաժնում: Մեծ հաջողությունների են հասել հատկապես սաքսոֆոնահարները: «Եվրոպայի լավագույն սաքսոֆոնահարները մեր աշակերտներն են»,- պնդում է փոխտնօրեն Համլետ Պողոսյանը:

Դպրոցն ունի մոտ 500 աշակերտ: Ամենաբարձր վարձավճարը դաշնամուրի բաժնում է՝ 7000 դրամ, փոխարենը, ինչպես հանրապետության մյուս երաժշտական դպրոցներում, անվճար է ժողգործիքների բաժինը: Վերջերս բացվել է նաեւ ընդհանուր զարգացման բաժին, որտեղ աշակերտները սովորում են ավելի թեթեւ ծրագրով եւ տարիքային սահմանափակում չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել