Լրահոս
Օրվա լրահոսը

Սիփանի հիշատակին

Հունիս 26,2009 00:00

1997 թվականի հունիսի 25-ին, դեռ 30-ը չբոլորած, կյանքից հեռացավ բանաստեղծ, քանդակագործ, նկարիչ Սիփան Շիրազը՝ Հովհաննես Շիրազի որդին: Երեկ Ազգային գրադարանում կայացավ Սիփան Շիրազի «Արշալույսի խորաններ», «Հայուհու թագադրում», «Մահամերձ տարի», «Երկվություններ», «Սկուդա հեյ, Սկուդա հու», «Զվարթ կերակուր», «Վերջին էջեր» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Նաիրի» հրատարակչությունը: Մինչ Սիփան Շիրազ բանաստեղծի մասին խոսելը, գրքի առաջաբանի հեղինակ, գրականագետ Սամվել Մուրադյանը ցավով նշեց. «Մինչեւ հիմա տեսնում ենք Հովհաննես Շիրազ չհասկացող ազգի դավաճանների, սրիկաների, որոնցից մեկն պարտքն է համարում վարկաբեկել մեր մեծերին, այդ թվում՝ նաեւ Շիրազին, որը մեր քնած խիղճը, պատմական հիշողությունը արթնացրել է, մեզ տվել հայրենիք, մեր Հայաստան աշխարհը հայացրել է՝ մաքրելով օտար անուններից եւ տեղանուններից: Ձեռք բարձրացնել այդ մակարդակի մեծության դե՞մ, արդեն սրբապղծություն է…»: Նա հույս հայտնեց, որ Սիփանի գիրքն ունեցողները հնարավորություն կունենան հաղորդակցվելու գեղարվեստական մեծ աշխարհի հետ. «Սիփան Շիրազը մարդու հոգու հետ խոսող բանաստեղծ է, իսկ գիրքը ամրապնդում է մտքի եւ հոգու կամուրջը»: Բանաստեղծ, թարգմանիչ Հրաչ Բեյլերյանը, հիշելով Սիփան Շիրազին, ասաց. «Նա զարմանալիորեն կարողանում էր մարդուն ճանաչել միանգամից: Նա գենետիկորեն զարմանալի բանաստեղծ էր, նկարիչ եւ ընկեր: Հաճախ ասում են, որ Շիրազի մեջ կար բոհեմականություն: Նա ամեն ինչ կարողանում էր տանել, բացի ճղճիմությունից…»: Գրող Արտաշես Ղազարյանն էլ հիշեց. «Չեմ տեսել որեւէ մեկին, որ Սիփանի նման անկեղծ գորովանքով նայի իր շուրջը, այնպես, ինչպես կնայեր իր հարազատ անկյունին ու օջախին: Նա հողի վրա էլ փորձում էր մարդուն տեսնել՝ թռիչքի մեջ: Նրա ոգեղեն գոյությունը հնարավորություն է տալիս, որ խորհենք, թե ինչպիսին պետք է լինի արվեստագետի, մտավորականի, բանաստեղծի տեսակը»:

Հովհաննես Շիրազի դուստրը՝ Աստղիկ Շիրազն էլ եղբոր մասին «Առավոտին» ասաց. «Շիրազի հայրենասիրությունը կարծես դրոշմված լինի իր զավակի դեմքին: Որպես բանաստեղծ՝ ինքն իր արժանի գնահատականը չի ստացել, չի արժեւորվել: Կարծում եմ, որ գրաքննադատներն անելիք ունեն այս գործում: Երեւանի որոշ փողոցներում ինքն անպայման պետք է լիներ ընկերների հետ ու քաղաքին ինչ-որ յուրահատուկ գույն ու համ էր տալիս, Երեւանն ինչ-որ տեղ նաեւ Սիփանով էր Երեւան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել