Գլաստոնբերիում (Անգլիա) օրերս բացվել է աշխարհի ամենամեծ բացօթյա երաժշտական փառատոնը: Այն ունի 117000 ունկնդիր եւ մասնակցում է 300-ից ավելի խումբ: 40-ամյա «Գլաստոնբերին» ավանդաբար անցկացվում է Մայքլ Իվիսի ֆերմայում: Այստեղ կլինեն նաեւ աշխարհահռչակ ռոք խմբեր՝ սկսած Status Quo-ով, վերջացրած Madness-ով եւ Blur-ով: Անցյալ տարի կազմակերպիչները երիտասարդներին գրավելու նպատակով հրավիրել էին նաեւ հիփ-հոփի աստղ Jay-Z-ին: Չնայած վերջինիս փայլուն ելույթին, տոմսերը վատ վաճառվեցին, իսկ կազմակերպիչները մեղադրվեցին փառատոնի ակունքներից հեռանալու մեջ: Այս տարի եւս հիփ-հոփ կհնչի՝ Q-Tip-ը, Roots Manuva-ն եւ Black Eyed Peas-ը, սակայն հանդես կգան ոչ թե քաղաքի գլխավոր, այլ երկրորդական բեմահարթակներում: Գլաստոնբերի կժամանի նաեւ հանրահայտ The Prodigy-ն եւ կներկայացնի իր Invaders Must Die ալբոմը: Ի դեպ, ըստ արտասահմանյան մամուլի, փառատոնի տոմսերը սպառվել են դեռեւս ապրիլին: