Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալմաստի» պրեմիերան հետաձգվեց

Հունիս 26,2009 00:00

Հունիսի 27-28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում պետք է կայանար Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի նոր բեմադրության պրեմիերան, սակայն հետաձգվել է: Երեկ մեր այցելության պահին օպերայի բեմադրող ռեժիսոր, ՌԴ 2009-ի լավագույն օպերային ռեժիսոր ճանաչված Գեորգի Իսահակյանը նյարդայնացած էր: Նա նեղսրտած ասաց, որ, իր կարծիքով, անկախ ամեն ինչից, ներկայացումը չպետք է հետաձգվեր, որովհետեւ մի քանի հարյուր մարդ է դրա վրա աշխատել, նաեւ հավելեց. «Ցավոք, խորհուրդ տվողներն ավելի շատ են, քան օգուտ տվողները»:

Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը «Ալմաստի» հետաձգման առիթով հայտնեց. «Ընդհանրապես թատրոններում, լինի օպերային, թե դրամատիկական, մի աֆորիզմ կա՝ «Պրեմիերային միշտ չի հերիքում եւս երկու օր»: Տվյալ դեպքում մեր ավարտական աշխատանքները կապված էին նկարչի՝ Վյաչեսլավ Օկունեւի Երեւան գալու հետ: Նա անվանի մարդ է, այսօր օպերային նկարիչների ցանկում՝ առաջինը, իր աշխատանքային գրաֆիկն էլ այնքան խիտ է, որ երկու օր առաջ է ժամանել Երեւան: Որպեսզի լավագույն ձեւով ներկայանանք հանդիսատեսին, որոշեցինք հիմա հանձնել ներկայացումը, պրեմիերան էլ թող կայանա թատերաշրջանի բացմանը՝ սեպտեմբերին: Ես այստեղ արտառոց ոչ մի բան չեմ տեսնում, նորմալ աշխատանքային պրոցես է»:

ՀՀ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանն էլ պարզաբանեց. «Թատրոնի գեղխորհուրդը որոշեց «Ալմաստով» սկսել նոր թատերաշրջանը, մանավանդ՝ օպերային թատրոնը հենց այս օպերայով է սկսել իր կենսագրությունը, ամսվա վերջին էլ կկայանա հանձնումը պատվիրատուին, այսինքն՝ մշակույթի նախարարությանը»:

Գեորգի Իսահակյանի հետ հարցազրույցը՝ վաղվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել