Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հղում կատարելով թուրքական «Հյուրիեթ» թերթին, Թուրքիայի պետական հեռուստաընկերությունը պատրաստվում է այս տարվա ընթացքում հաղորդումներ հեռարձակել հայերենով: Մի քանի ամիս առաջ արդեն իսկ սկսվել էին հայերենով ռադիոհաղորդումները, եւ հիմա Թուրքիայի ռադիոյի եւ հեռարձակման կորպորացիան՝ TRT-ն, պատրաստվում է հայերենով հեռուստաեթեր ունենալ: TRT-ի արտասահմանյան հեռարձակումների բաժնի տնօրենը՝ Շենոլ Գյոքան, հաստատել է, որ այս տարվա մեջ սկսելու են հայերենով հեռուստահաղորդումների հեռարձակումը՝ առանց հայտնելու մանրամասները: Նրա փոխանցմամբ՝ մի քանի շաբաթ առաջ Թուրքիա էր այցելել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավար Ալեքսան Հարությունյանը, երկու կողմերի ստորագրությամբ անցյալ տարի համաձայնագիր է կնքվել միասին ծրագրեր պատրաստելու համար: Հեռարձակումները կատարվում են արեւելահայերենով, որը շատ ավելի հասկանալի է Հայաստանում, քան Թուրքիայի հայերի ու Սփյուռքի համար: Շենոլ Գյոքան ասել է. «Հենց սկզբից, երբ որոշեցինք այսպիսի ծառայություն ունենալ, մեր թիրախը ՀՀ լսարանն էր, ոչ թե Ստամբուլի: Մենք այս հեռարձակումները տեսնում ենք որպես բանալի՝ զարգացնելու համար լավ հարաբերություններ Հայաստանի հետ»: TRT-ն 31 լեզուներով ռադիոհաղորդումներ է հեռարձակում: Հայերեն հեռարձակողների թիմը հանրության աչքից հեռու է պահվում: Ինչպես ներկայացված է այս հրապարակման մեջ, այդ թիմի անդամներից է ՀՀ-ում ծնված Էռնեստ Մարգարյանը: Նա առաջին անգամ է մամուլում բացահայտել իր ինքնությունը՝ ասելով, թե Թուրքիա է եկել 2004 թվականին եւ որոշել է բնակվել Անկարայում: Մարգարյանի հավաստմամբ՝ իր գործունեության համար Հայաստանից որեւէ հնարավոր քննադատություն չի խոչընդոտի իրեն. «Որովհետեւ ես անկեղծորեն աշխատում եմ երկու ժողովուրդների ընդհանուր ապագայի համար»: