Իրանի համալսարանների դասախոսներից առնվազն 70-ը ձերբակալվել է՝ հունիսի 24-ին նախագահի նախկին թեկնածու Միր-Հոսեյն Մուսավիի հետ հանդիպումից հետո: Ձերբակալվածները պատկանում են քաղաքական այն հոսանքին, որը կողմ է Իրանում կառավարման ազատական ձեւ ներմուծելուն: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ձերբակալվել է ավելի քան 500 հոգի՝ սկսած բողոքի ակցիաների մասնակիցներից, վերջացրած լրագրողներով, այդ թվում՝ արտասահմանյան: Ձերբակալվածներից 25-ը Մուսավիին պատկանող «Կալամե Սաբզ» թերթի աշխատակիցներ են: Ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդ Մեհդի Քարուբին դիմել էր իշխանություններին՝ վերջին իրադարձությունների ընթացքում զոհվածների հիշատակին սգո արարողություն կազմակերպելու խնդրանքով: Սակայն իշխանությունները մերժել են այդ դիմումը: Այժմ Իրանում արգելված են ընդդիմադիր կուսակցությունների բոլոր տեսակի ժողովներն ու միջոցառումները: Իրանում անկարգությունները սկսվել են հունիսի 12-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, երբ հայտարարվեց, որ նախագահ է վերընտրվել Մահմուդ Ահմադինեջադը: Վերջինիս հակառակորդները բողոքի ակցիաներ սկսեցին՝ մեղադրելով իշխանություններին ընտրակեղծիքներ կատարելու մեջ: Ձայների վերահաշվարկ կատարող հանձնաժողովը հայտարարեց, որ ընտրությունների ընթացքում եղել են խախտումներ, որոնք, սակայն, չեն ազդել քվեարկության վերջնական արդյունքների վրա:
Ի դեպ, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ Իրանում անկարգությունները կազմակերպել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը: