Արցախը՝ BBC-ի թղթակցի աչքերով
«Այն պահից, երբ նավթով հարուստ Ադրբեջանը հայտարարեց իր զինված ուժերին տրամադրվող բյուջեի աճի մասին, ի հայտ եկավ այն վարկածը, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմել հարեւան Հայաստանի հետ»,- երեկ BBC միջազգային հեռուստաալիքն աշխարհին մատուցեց Ադրբեջանի ռազմատենչության եւ իր պատմական հողերի պահպանման համար մարտնչող հայերի մասին պատմող մի տեսանյութ:
Վերջերս անգլիական BBC միջազգային հեռուստաալիքի թղթակիցներից մեկն այցելել է Լեռնային Ղարաբաղ, ապա Ադրբեջան եւ մի շարք հանդիպումներ է ունեցել երկու կողմերի պաշտոնյաների ու վերլուծաբանների հետ:
Անգլիացի լրագրողն այցելել է սահմանամերձ դիտակետերը, որտեղ հերթապահում էին ղարաբաղյան բանակի ամենաերիտասարդ զինվորները. բոլորը 160 սմ հասակով՝ նեղլիկ դիտակետերի չափերին համապատասխան: «Երբեմն մենք տեսնում ենք ադրբեջանցիներին,- նյութի մեջ պատմում է կրտսեր սերժանտ Լեռնիկ Գասպարյանը,- ժամանակ առ ժամանակ նրանք կրակում են, բայց ներկա պահին հանգիստ է»:
«Չնայած պատերազմական գործողությունները 15 տարի առաջ են ավարտվել՝ կոնֆլիկտը դեռ շարունակվում է,- գրում է հոդվածի հեղինակը,- երկու կողմերն էլ մեղադրում են միմյանց զինադադարի խախտման մեջ: Մի շարք միջնորդավորված բանակցություններից հետո Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները նշել են, որ նախորդ ամիս Չեխիայի Հանրապետությունում Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» գագաթաժողովի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքում զգալի առաջընթաց է արձանագրվել»:
2009 թ. տվյալներով, Ադրբեջանի ռազմական բյուջեի ծախսերը հասել են մոտ 2.5 միլիարդ դոլարի: BBC-ի թղթակիցը փորձել է պարզել, արդյո՞ք այդ փաստը չի անհանգստացնում Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանություններին: «Եթե այնպիսի կոնֆլիկտը, ինչպիսին մերն է, լուծում չստանա, կարծում եմ՝ մենք ստիպված պետք է պատրաստ լինենք ռազմական գործողությունների վերսկսմանը»,- ասել է Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Հայ քաղաքական գործիչներից շատերը հավատացած են, որ հարձակման դեպքում Ադրբեջանը ոչնչի չի հասնի, նշում է լրագրողը:
Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղը չի լինի անկախ պետություն ոչ այսօր, ոչ տասը եւ ոչ էլ 100 տարի հետո»:
Սակայն Ղարաբաղի բնակիչների իղձերն այլ են. «Երբ ղարաբաղցի Լուսինե Մուսայելյանի հետ քայլում էինք անձրեւից թրջված գերեզմանոցի միջով դեպի նրա հոր գերեզմանաթումբը,- գրում է անգլիացի լրագրողը,- անցանք շատ գերեզմանաքարերի մոտով, որոնց վրա փորագրված էին այն զինվորների պատկերները, ովքեր սպանվել էին կատաղի մարտերի ժամանակ»:
«Որքան էլ փորձում եմ չնկատել պատերազմի հետքերը, դրանք միշտ էլ մտքումս կմնան»,- ասում է Լուսինեն:
Մինչեւ հիմա ոչ մի պետություն չի ճանաչել ԼՂ անկախությունը: Այդ ճանաչումը շատ կարեւոր է Լուսինեի համար. «Ինձ համար ամենից կարեւորն այն է, որ ավելի շատ մարդիկ ճանաչեն մեր երկրի անկախությունը»:
«Ադրբեջանական կառավարության պաշտոնյաների սպառնալիքները, թե Ղարաբաղի կառավարումը կրկին իրենց ձեռքը կվերցնեն, խանգարում է տարածաշրջանի անվտանգության պահպանմանը»,- լրագրողի հետ զրույցի ընթացքում ասել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
«Եվ, հավանաբար, սա նաեւ Ղարաբաղի առաջին գծի զորքերի տեսակետն է»,- ասում է լրագրողը: Խրամատներում, երբ զինվորների ամենօրյա զորավարժանքներից հետո նա հարց է ուղղել սերժանտ Լեռնիկ Գասպարյանին՝ ինչո՞ւ եք դուք այստեղ՝ «Մենք այստեղ ենք Մայրենի հողը պաշտպանելու համար»,- ասել է զինվորը:
BBC-ի նյութում նաեւ ներկայացվել են Շուշի քաղաքի տեսարանները՝ մատնանշելով կրոնական խորհրդանիշները եւ ընդգծելով, որ թեեւ այստեղ վերակառուցվում են եկեղեցիներ, վերականգնվում է քրիստոնեական մթնոլորտը, միեւնույն ժամանակ՝ պահպանվում է նաեւ մահմեդական մզկիթը: