Լրահոս
Օրվա լրահոսը

Բարոյահոգեբանական դիվերսիա

Հունիս 26,2009 00:00

Կամ՝ կրկին հայկական հեռուստաեթերի մասին

Ասել, որ հայկական հեռուստաեթերը վերածվել է հայ հասարակության եւ Սփյուռքի դեմ ուղղված խափանարար մի գործիքի, նշանակում է ոչինչ չասել: Այն հետեւողականորեն ոչնչացնում է հայ ազգի նկարագիրը, արժեհամակարգն ու մշակույթը: Այսօր կարելի է պնդել, որ մեր դեմ գործում է մեր իսկ կողմից ստեղծված վտանգավոր քարոզչական համակարգ, որի միջոցով արդյունավետորեն իրականացվում է արտաքին ուժերի կողմից ծրագրված եւ հասարակության ու ազգի դեմ ուղղված «փչացնելու» բազմաքայլ ու հեռահար նախագիծը: Դժվար չէ կռահել, որ այս կերպ թուլացնելով կոնկրետ հասարակության դիմադրողականությունն ու զգոնությունը եւ դարձնելով այն կառավարելի՝ մոտ ապագայում այլեւս կարիք չի զգացվի համանախագահներ տարածաշրջան ուղարկելու եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական կողմի հակազդեցությունն ու անհամաձայնությունը կանխատեսելու համար, քանզի որոշ ժամանակ անց, «շնորհիվ» նման ինտենսիվությամբ գործող քայքայիչ եթերի, վերածվելու ենք խիստ ցանկալի անսկզբունքային ու հաշտվողական տրամադրված մի զանգվածի:

Գիտակցված կամ անգիտակից կերպով հայ հասարակության լայն զանգվածներին, այդ թվում մատաղ սերնդին, այսօր հեռուստաեթերի միջոցով պարտադրվում է իսկական բռնության մշակույթ՝ անբարո կենցաղի ու վարքուբարքի քարոզչությամբ: Այսպիսի եթերն է, որ մեզ զրկում է մեր իսկ մշակույթից՝ դրսի աշխարհում մեզ ու մեր ժառանգությունը վերածելով ծիծաղի ու հեգնանքի առարկայի: Իսկ որ արտաքին շատ ուժեր են շահագրգռված հայ հասարակության ներսում խափանարար աշխատանքներ տանելու եւ սեփական մշակութային արժեհամակարգը պարտադրելու միջոցով ուղղակի վերահսկողություն հաստատելու գործում, կարծում եմ՝ կասկածներ չեն լինի:

Իրավիճակը, որում հայտնվել ենք, մեղմ ասած, վտանգավոր է եւ հետագա անկանխատեսելի հետեւանքներով հղի: Հեռուստաեթերում հետեւողականորեն տարածվում է հայերի մասնակցությամբ բռնության տեսարանների մի ամբողջ բույլ՝ հասարակության շրջանում առաջացնելով համատարած ընկճվածության, սթրեսի ու ապագայի հանդեպ անորոշության զգացումներ: Ցածրարժեք սերիալների, որեւէ բովանդակությունից ու իմաստից զուրկ հեռուստահաղորդումների հեղեղումը հեռուստաեթերից շատ կարճ ժամանակում դաստիարակելու է խեղված ու բարոյահոգեբանական արգահատելի նկարագիր ունեցող մի սերունդ:

Եթե փորձենք երեկոյան ժամերին փոքրիկ «նավարկություն» կատարել հայկական հեռուստաալիքներով, ապա նորմալ, սթափ ու գիտակից անձն անմիջապես կենթարկվի հոգեբանական ու բարոյական նավաբեկության: Ինչպիսի արժեհամակարգ է գովազդվում հատկապես երեկոյան հեռուստաեթերում, որին հասու են դառնում նաեւ մեր երեխաները: Համառոտ թվարկենք դրանք՝ հանցագործություն ու հանցավոր կենսակերպ, անբարոյականություն, քինախնդրություն, ահաբեկչություն, պոռնկություն, թմրամոլություն, անազնվություն, հայատյացություն…

Բավակա՞ն է: Անգրաճանաչ ու անբարո օրիորդների կերպարներ ու թմրամոլ ու թուլամորթ, ճշտի ու սխալի արանքում անիմաստ դեգերող ջահելների մի զանգված է դաստիարակվում մերօրյա հայկական հեռուստաեթերի միջոցով, որի համար ազգայինն ու ազնիվը որեւէ իմաստավորում չունեցող կատեգորիաներ են լոկ: Սա էլ, հարգելի ընթերցող, այն ցանկալի արդյունքն է, որի մասին արդեն հիշատակեցինք:

Այսօր հասել ենք այնպիսի «բարձունքների» ու «արտակարգ ցուցանիշների», որ գաղութի ու բանտախցերից գողական բառապաշարի վերջին նորամուծություններն ու հասկացողություններով ապրող անձանց ապրելակերպը տարբեր տարիքի լսարանին հրամցվում են ամենժամյա սկզբունքով՝ այն դարձնելով կրկնօրինակելու համար երաշխավորված մի կենսակերպ: Մանկական գաղութի առօրյային հասու դառնալու եւ սկսնակ գողականների պատրաստելու համար լիուլի կբավարարի Հանրայինի եթերը, որի «Որբերը» դեպրեսիվ բազմասերիանոց «գլուխգործոցը» ճիշտ դրա համար է: Իսկ եթե ցանկանում եք «հասուն» գողական կյանքի դրվագներ եւ ծանոթանալ հարցեր լուծելու նորօրյա եղանակներին, ապա «գողական բազար» տանելու եւ հայերենի բռնաբարման նախնական ուղեցույց-քարտեզի դեր կարող է ստանձնել «Արմենիայի» եթերը: Ավելի «սոֆթ» գողականի սիրահարները կարող են հյուրընկալվել «Շանթի» եթերում:

Այսքանից հետո զարմանում ենք, թե ինչու մեր բանակում շարունակում են տիրապետող մնալ ոչ կանոնակարգային հարաբերություններն ու արատավոր մյուս երեւույթները, որոնք վերացնելուն միտված երկար տարիների ջանքերն ու փորձերը ուղղակի ի չիք են դառնում: Այստեղ արդեն որեւիցե քարոզչություն ու ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված աշխատանք ուղղակի դատապարտված են լինելու տապալման: Եվ այսքանից հետո եկեք չզարմանանք, որ բանակը այս կերպ վերածում ենք գաղութի, զոնայի, որտեղ հայ զինվորը սպանում է իր նման մեկ այլ հայ զինվորի: Որովհետեւ հայկական եթերում սովորական երեւույթ է հրամցվում հայասպանությունը, այսինքն՝ հայի կողմից հային, բռնության միջազգային ստանդարտներին համաձայն, կյանքից զրկելը: Ըստ որում, էկրանին դրանք ցուցադրվում են անատոմիական մանրամասնությամբ՝ հրազենից մարդու ուղեղի կամ մարմնի մասերի ցրիվ գալու, արյան լճակների եւ դաժանության խրախճանքների ու բռնաբարությունների տեսարաններով հագեցած ֆիլմերում:

Ո՞րն է ելքը, կհարցնեք: Քրեորեն հետապնդելի դիտել նման եթերի սփռումը հայկական հեռուստատեսությամբ՝ այն դիտելով հասարակության հոգեկան առողջության, բարոյական նկարագրի ու հանրության հանգստության դեմ միտված հանցագործություն: Սա իսկական մի պատուհաս է, որի դեմ պայքարը պետք է լինի անողոք ու անզիջում:

Ո՞վ ենք մենք եւ ո՞ւմ ենք կրթում, որպես ապագայի հայի ինքնություն ունեցողների, նման եթերի միջոցով: Սա հարց է, որը եթե չունի էլ պատասխան, ապա ամենեւին էլ հռետորական չէ, քանզի այս հարցում ժամանակը ոչ միայն մեր օգտին չի աշխատում, այլեւ այն ուղղակի սպանում է մեզ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել