Կրթությունը պետք է ղեկավարեն անկուսակցականները
Տարիներ առաջ «Առավոտի» եւ «Ազգի» էջերում լրագրողը հոդվածներ տպագրեց կրթության համակարգում իրականացվող «օպտիմալիզացիա» կոչվող ռեֆորմների բացասական երեւույթի մասին: Մի դպրոցի տնօրեն լրագրողին հայտնեց, որ երկրի մտավորականությունը, մանկավարժները ուշադրությամբ հետեւում են՝ արդյոք լրագրողին կհաջողվի՞ հաղթել դպրոցական համակարգում տիրող բյուրոկրատիային, կոռուպցիային: Լրագրողը վստահ էր, որ համակարգի «հիվանդությունը» ճիշտ ախտորոշելու դեպքում ոլորտի պատասխանատու մարմինները անտարբեր չեն մնա խնդրի նկատմամբ, մանավանդ որ, այն առնչվում է պետության անվտանգության հետ: Ի վերջո, հենց այսօրվա կրթության որակից է կախված, թե ինչ մակարդակի մարդիկ պիտի տարիներ հետո կառավարեն երկիրը: Ի՞նչ որակի մանկավարժներ ենք պատրաստում մանկավարժական բուհերում եւ մյուս բուհերի մանկավարժական ֆակուլտետներում: Այն համապատասխանո՞ւմ է օրավուր աճող պահանջներին, կյանքի փոփոխություններին: Ուսուցչի որակավորում ստացած շրջանավարտը պատկերացնո՞ւմ է, թե ինչ է պահանջվում իրենից: Իսկ նրա դասախոսները ունե՞ն համապատասխան գիտելիքներ: Ես համոզված եմ, որ վերոհիշյալ խնդիրներում շուրջ 75%-ով թերանում են մեր բուհերը: Այսօրվա ուսուցիչները ամեն ինչ անում են քողարկելու անգետ մնացած պատանիների կրթական մակարդակը: Հենց խնդրին նման մոտեցումը եւս կապվում է բարոյական անկման հետ:
Գանք լրագրողի հոդվածաշարին: Միջին օղակի պետական այրերի մի շերտ, որը շահագրգիռ էր կոռուպցիոն համակարգի պահպանման խնդրում, պաշտպան կանգնեց համակարգում բարոյական անկմանն ու կոռուպցիային: Նրանք համապատասխան «մեղադրանք» մոգոնեցին լրագրողի նկատմամբ, հայտնելով, թե լրագրողի նման վերաբերմունքի պատճառը համակարգից իր կնոջ հեռացնելն էր: Իհարկե, դա առիթ հանդիսացավ, որ լրագրողը ավելի խորը ուսումնասիրի համակարգի հետ կապված խնդիրները:
Երկրում ճանաչված տասնյակ մանկավարժներ, տնօրեններ, մասնագետներ հանդիպում էին լրագրողին, հաղորդում իրենց կենսափորձը, հորդորում, որ ետ չկանգնի իր գրաված դիրքերից: Իհարկե, նյութի հեղինակը զգում էր նաեւ լրագրի պաշտպանությունը: Ասեմ, որ լրագրողի հիմնական նպատակը ոչ թե այս կամ այն կաշառակերին, օրինախախտին աշխատանքից ազատելն է, որը, ի վերջո, նշանակալի դրական արդյունքի չի բերում, այլ հասարակական կարծիքի վրա ներգործումը, կաթիլ առ կաթիլ մարդկանց մտածելակերպի վրա ազդեցությունը, ի վերջո, հասարակական մտածելակերպի փոփոխությունը: Այդ հոդվածաշարից հետո արդեն շատերն են խոսում կրթությունը որպես ռազմավարական ոլորտ ու երկրի, ազգի անվտանգության հետ շաղկապված խնդրի մասին:
Ժամանակին ես ծանոթ էի «Արեգ Բելլա» մասնավոր դպրոցի արդյունավետ ուսուցման մեթոդին, որի հիմքը դրել էր ԵՊՀ ռուսական բանասիրական ֆակուլտետի դասախոս Ելենա Ստեփանյանը: Դպրոցի ձեռքբերումները ակնառու էին: Դպրոցի կոլեկտիվը պատրաստվում էր մանկավարժական ամսագիր հրատարակել, տարածել իրենց փորձը: Այն հիմնականում պետք է ուղղված լիներ ծնողներին՝ նրանց սովորեցնելով ճիշտ աշխատել երեխաների հետ, քանի որ ընտանիքը, փողոցն ու դպրոցը կրթական մի ընդհանուր համակարգի մեջ են ընդգրկվում: Տեսնելով ծնողների ձգտումը իրենց երեխաներին տեղավորելու այս դպրոցում, այն շահույթի արդյունավետ աղբյուր դարձնելու մարմաջով տոգորված մարդիկ դպրոցը խլեցին տաղանդավոր մանկավարժների ձեռքից: Նույն պահին էլ փլուզվեց կրթական այս օջախը: Նման օրինակներ շատ կարելի է բերել:
Դպրոցների գրադարանները վերջին 20 տարիներին նոր գրքերով չեն համալրվել: Դպրոցականները չեն ճանաչում ու չեն ընթերցում ժամանակակից հայ գրողների գրքերը: Գուցե նրանք բուհերո՞ւմ են ընթերցում: Պարզվում է, որ այստեղ եւս չեն ընթերցում: Մնում է բոլոր մասնագիտությունների համար բուհական ընդունելության քննություններին պարտադիր մտցվի գրականություն առարկան՝ հետագա պարտադիր դասընթացներով:
Իհարկե, արդի գրականության, գրողների նկատմամբ գրականագետների վերաբերմունքն էլ է նպաստում, որ պոտենցիալ ընթերցողը կտրվի գրականությունից: Գրականագետներն ու գրաքննադատներն իրենց իներտությունը պատճառաբանում են լրագրերում աշխատանքի դիմաց ցածր հոնորարով: Այսօրվա ինքնասիրահարված գրականագետները ավելի շատ զբաղված են իրենցով, ու նրանց ամենեւին չի հետաքրքրում մեր գրականությունում տեղի ունեցող գործընթացները: Առավելագույնս նրանք իրենց եզակի հոդվածներում վիրավորում են մեկմեկու, քանի որ այլ ասելիք չունեն:
Մայր բուհում կաշառակերության դեմ ուսանողների մեջ սկիզբ առած պայքարը լավատեսական հույս է ներշնչում երկրի ապագայի նկատմամբ: Սակայն չմոռանանք, որ կաշառատուները ուսանողներ են, որոնք բուհերում արդեն առել են կոռուպցիայի առաջին դասերը: Ուրեմն, կոռուպցիայի դեմ պայքարող ուսանողները պետք է պայքարեն նաեւ իրենց ընկերների կաշառատվության դեմ:
Դժվար է որոշել, թե կրթության բազմամարդ նախարարությունը ինչքանով է առնչվում հենց կրթության համակարգի հետ, քանի որ դպրոցները, կրթօջախները մարզային իշխանությունների վարչական տնօրինության տակ են գտնվում: Եթե դասագրքերի ու մեթոդական ձեռնարկների հրատարակումն է նախարարության խնդիրը, ապա կարելի է միանշանակ ասել, որ այս ուղղությամբ աշխատանքները խիստ թերի են, հաճախ՝ անհաջող: Մասնագիտական դասագրքերը հիմնականում անհասկանալի թարգմանություններ են: Այստեղ եւս ի հայտ են գալիս կոռուպցիայի, պրոտեկցիայի տարրերը:
Տարին մի նոր կուսակցական նախարարի նշանակումը գերատեսչությունը դարձրել է հասարակությանը ոչ պիտանի, նույնիսկ կրթությանը, երեխաների՝ գիտելիք ստանալու իրավունքը խոչընդոտող բյուրոկրատական մի օղակ: Կառավարական կոալիցիայի մեջ մտած կուսակցությունները, ինչպես պարզվեց, մշակույթի կամ կրթության բնագավառների համար նախարարացու կադրեր չունեն: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ կուսակցություն են գալիս հիմնականում կարիերայի ձգտող մարդիկ՝ լինի դա մտավորական, գործարար, թե որեւէ մասնագետ: Ուրեմն, այս ոլորտների ղեկավարներ պետք է ընտրել կուսակցություններից դուրս, անպայման բաց ու թափանցիկ մրցույթի միջոցով: Թեկնածուները պետք է ներկայանան իրենց ծրագրերով: Իսկ կադրերի նշանակման ներկայիս ձեւը բնագավառը դարձրել է տվյալ կուսակցականին (ՕԵԿ, ՀՅԴ, ՀՀԿ) փորձարկելու ու ոլորտը փորձության ենթարկելու փորձադաշտ:
Հարյուր տարի առաջ գոյություն ունեին օրիորդաց դպրոցներ, որտեղ պատրաստվում էին երեխաներին առողջ աճեցնելու եւ ճիշտ դաստիարակելու համար պիտանի մայրեր: Հասարակությունը կարծես թե մոռացել է, որ մայրերը վճռական դեր ունեն հասարակության բարեհոգեւոր վերելքի, նրա ազգային արմատներին վերադարձի խնդրում: Այս մասին մտահոգվե՞լ են ԿԳՆ-ում: Նման ծրագիր առաջարկե՞լ է որեւէ կուսակցական նախարար: Իհարկե՝ ոչ: Դպրոցական ու բուհական ծրագրերում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այս խնդրի վրա: