Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհը սխա՞լ է կառուցված

Հունիս 26,2009 00:00

\"\"
Այս կամ գրեթե այս վիճակում են լինում չարաբաստիկ
վայրում վթարված մեքենաները:

Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում, ուր 88-ին կործանվեց Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն բերող հարավսլավական օդանավը, վթարներն անպակաս են: Վերջին դեպքը հունիսի 22-ին էր ու, ցավոք, մարդկային զոհերով. ԲՄՎ մակնիշի մեքենայով դուրս գալով մայրուղու երթեւեկելի մասից ու բախվելով ծառին՝ զոհվել էին «Որոգայթ» հեռուստասերիալից հայտնի Արամ Միսկարյանը՝ Գարիկ եւ Գեղամ Խանդիլյանը՝ Գոքոր:

Որ ճանապարհի այս հատվածում վթարներն ու պատահարները անբնական շատ են, կարելի է համոզվել տեղում. բավական է անցնել նշված վայրով եւ ի հիշատակ զոհերի՝ սիզամարգերի հարեւանությամբ զետեղված ծաղիկների ու ծաղկեպսակների առատությունը կվկայի ասվածը:

Արմավիր-Երեւան ճանապարհի 3,5 կմ հատվածը նախատեսված է ինքնաթիռների վթարային վայրէջքների համար, բնականաբար՝ մայրուղու հանդիպակաց մասերը, ի տարբերություն ողջ ճանապարհի, սիզամարգով բաժանված չեն: Այս հատվածից առաջ եւ հետո է, որ մայրուղին գազոնով բաժանվում է երկու մասի:

Հատկապես գիշերային ժամերին երթեւեկողների համար տեսանելի չէ գազոնի սկզբնամասում տեղադրված ճանապարհային երթեւեկության՝ դեպի աջ նշանը, ինչի պատճառով մեքենաների վարորդները, խաբվելով 3,5 կմ ազատ հատվածից, չիջեցնելով արագությունը, շարունակում են ընթացքը: Եվ անակնկալ «հայտնված» բաժանիչ սիզամարգը ուշ նկատելու արդյունքում է, որ փորձում են խուսափել բախումից եւ բարձր արագության տակ կտրուկ աջ թեքվելով՝ կորցնում են մեքենայի կառավարումը եւ բախվում ծառերին, բետոնե պատնեշին եւ շրջվում:

Չի բացառվում, որ հունիսի 22-ի վթարի պատճառը կամ պատճառներից մեկը հենց վերը նկարագրված վիճակը լինի: Որովհետեւ, երթեւեկելի մասից 10-12 մետր թռչելու եւ մայթեզրի ծառերի մեջ մխրճվելու համար մեքենային, բարձր արագությունից բացի, նաեւ «տրամպլին» էր պետք: Իսկ տվյալ դեպքում «տրամպլինը» սիզամարգի «բորդյուրն» է եղել:

«Առավոտի» հետ զրույցում վարորդներն ասացին, որ այդ ճանապարհով գիշերային երթեւեկությունն անհամեմատ անվտանգ կլինի, եթե սիզամարգերի մոտ թարթող լույսեր տեղադրվեն: Կամ մինչ դրանց հասնելը՝ զգուշացնող նշաններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել