Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻ ԽԱՓԱՆԵՑԻՆ

Հունիս 26,2009 00:00

\"\"Հայաստանի ոստիկանությունն ամեն ինչ անում է, որ Վրաստանի նախագահը Երեւանում ցուցարարներին ոչ տեսնի, ոչ լսի

Վրաստանի նախագահին Հայաստանի նախագահի նստավայրի մոտ բողոքի ցուցապաստառներով դիմավորելու հունիսի 24-ի անհաջող փորձից հետո, բողոքավորների նույն խումբը փորձել է նույնը անել երեկ՝ հունիսի 25-ին՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մատույցներում: Հենց այս հյուրանոցում է հանգրվանել Միխայիլ Սահակաշվիլին:

Եթե առաջին փորձի ժամանակ ոստիկանները պարզապես արգելել էին ցուցարարներին՝ բացել պաստառները, ապա երեկ բողոքավորների նկատմամբ ուժ է կիրառվել, նրանց ուժով հեռացրել են հյուրանոցի հարակից տարածքից: Սա, սակայն, չի խանգարել, որ բողոքավորները Վրաստանի նախագահին ուղղված դիմում տարածեն: Ցուցարարները Վրաստանի նախագահին առաջարկում են «Հայ առաքելական եկեղեցուն տալ կրոնական հաստատության իրավական կարգավիճակ, դադարեցնել հայկական եկեղեցիների վրացականացումն ու որպես այդպիսին զավթումը, նպաստել հայկական դպրոցների կենսունակ գործունեությանը, դադարեցնել պետական տարբեր կառույցների կողմից հայերին վախեցնելու, հայկական շրջանակներում սարսափի մթնոլորտ առաջացնելու քայլերը, Սամցխե-Ջավախեթի երկրամասում հայերենը հռչակել պետական երկրորդ լեզու, նախաձեռնել հայ-վրացական պետական համալսարանի ստեղծումը, քայլեր ձեռնարկել երկրամասին (եւ հարակից հայաբնակ շրջաններին) տալու սահմանադրականորեն ամրագրված ինքնավար կարգավիճակ, որպես դաշնային Վրաստանի բաղկացուցիչ միավորներից մեկը՝ տեղական ինքնակա֊ռավարման բարձր մակարդակով, դադարեցնել երկրամասի ժողովրդագրական պատկերը արհեստականորեն փոխելու քայլերը, պետբյուջեից կամ միջազգային նպաստներից ներդրումներ կատարել սոցիալ-տնտեսական եւ կոմունիկացիոն ծրագրերի իրականացման նպատակով, չխոչընդոտել երկրամասի բնակչության եւ հասարակության հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ»:

Ըստ դիմումի հեղինակների՝ «Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհը պետության հիմնական օրենքով նախատեսված պետական դաշնային կառույցի կիրառումն է։ Համոզված ենք, որ դաշնային Վրաստանի զարգացման հիմնական երաշխիքներից մեկը ամբողջական Վրաստանում ինքնավար Սամցխե-Ջավախեթիի շրջանի գոյու֊թյունը կլինի։ Վրաստանի կազմում զարգացող Սամցխե-Ջավախեթիի ինքնավար շրջանը նաեւ կլինի հայ-վրացական հարաբերությունների խորացման ու ամրապնդման հիմնական երաշխիքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել