ՀՀ քաղաքացի Պարույր Գուլգուլյանը երեկ արցունքն աչքերին տեղեկացրեց, որ վերջապես կարողացավ վերաքննիչ բողոք բերել եւ հունիսի 30-ին դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ նշանակվել է դատական նիստը:
Գուլգուլյանի պատմությունն սկսվել է 1993թ.-ից: Բարեկեցիկ կյանքով ապրող շարքային բիզնեսմենը որոշում է իր «Կռազ» մակնիշի ավտոմեքենան, ավտոկցորդը, ռեստորանային գույքը (53 000 դոլար արժողության) տեղափոխել ծանոթներից մեկի՝ Սամվել Կարախանյանի բնակարան:
Հետագայում Ս. Կարախանյանը տիրանում է գույքին, քանի որ ուներ Էրեբունու նախկին թաղապետ Արշալույս Խրիմյանի նման հովանավոր: Հարուցվում է քրեական գործ: Սակայն հանկարծ 2002-ին ի հայտ է գալիս «հաշտության պայմանագիր», ըստ որի՝ Խրիմյանն ու Կարախանյանը գույքը հանձնել են Գուլգուլյանին եւ կողմերը իրարից պարտքուպահանջ չունեն:
Նորից սկսվում է դատական քաշքշուկ, այս անգամ անվավեր է ճանաչվում կեղծ պայմանագիրը:
Նախկինում ապահով կյանքով ապրող Գուլգուլյանի վնասը մինչ օրս չի հատուցվել, չի վերադարձվել նրա գույքը, նա դեռ փողոցում է մնում, իր իսկ խոսքերով՝ «շարունակվում է զոռբայությունը»: Գուլգուլյանն ուզում է նշանակել փորձաքննություններ, սակայն նրա պահանջը մերժվում է՝ առանց նույնիսկ մինչեւ վերջ կարդալու: «Անհարմար չէ՞, որ դիմեմ ԱՄՆ դեսպանատուն, հարցնեմ՝ կնիքը կե՞ղծ է, թե՞ ոչ», հարցնում է Գուլգուլյանը, որը խոստանում է վերաքննիչ դատարանում ասել ամեն ինչ ու պատասխան տալ սուտ հայտարարությանս համար: