Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրն ու երկու երեխաները՝ իրավազուրկ

Հունիս 26,2009 00:00

2005 թ. օգոստոսին Սուրեն Բաբայանը, հանդիսանալով Անահիտ Մկրտչյանի լիազորված անձը, վաճառում է վերջինիս պատկանող՝ Էջմիածին քաղաքի Կիրովի 96ա հասցեում գտնվող առանձնատունը: Սակայն ամիսներ անց, արդեն ԱՄՆ-ում, Ս. Բաբայանին նրա վաղեմի ընկերուհին՝ Գայանե Հովհաննիսյանը հայտնում է, որ առանձնատունն իրենն է, եւ ինքը կներկայացնի փաստաթղթեր եւ կապացուցի, որ առանձնատունն իր սեփականությունն է: Դրանից հետո Լոս Անջելես քաղաքի Հայաստանի հյուպատոսարանում Ս. Բաբայանը հայտարարություն է տալիս, որ «պարտավորվում է 6-ամսյա ժամկետում ետ գնել Էջմիածին քաղաքի Կիրովի 5 հասցեում (թեեւ խոսքը Կիրովի 96ա հասցեի մասին է- Ա. Գ.) գտնվող անշարժ գույքը», նշելով Գ. Հովհաննիսյանին՝ այդ գույքի միակ սեփականատեր, միաժամանակ պարտավորվում է այդ ընթացքում Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցի 2 շ. 11 հասցեի՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանի մասը հանձնել Գ. Հովհաննիսյանի լիարժեք տնօրինությանը՝ նաեւ վաճառելու իրավունքով, իսկ առանձնատունը ետ չգնելու դեպքում՝ հրաժարվել վերոնշյալ բնակարանի իր մասից՝ հօգուտ Գ. Հովհաննիսյանի:

«Առավոտին» դիմած Արեւհատ Օրբելյանը, որը Դավիթ Անհաղթի փող. 2շ. 11 բնակարանի համասեփականատերն է, Ս. Բաբայանի երկու անչափահաս երեխաների մայրը, պատմեց հետեւյալը. «2006թ. հունիսի 8-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Գ. Հովհաննիսյանի փեսան՝ Հովհաննես Գրիգորյանը, եկավ ինձ մոտ եւ հայտարարեց, որ ինքը պետք է ինձնից պարտավորագիր վերցնի իմ բնակարանը գրավ դնելու մասին՝ որպես երաշխիք, մինչեւ Ս. Բաբայանը ետ կգնի Էջմիածնի առանձնատունը եւ կվերադարձնի Գ. Հովհաննիսյանին: Ես առարկեցի մի պարզ պատճառով՝ ո՞վ էր Հ. Գրիգորյանը կամ ո՞վ էի ես. այդ պարագայում ընդամենը Ս. Բաբայանի բնակարանի համասեփականատերը: Սակայն սպառնալիքի եւ վախի մթնոլորտում, տանը մենակ գտնվելով իմ երկու անչափահասների հետ, Հ. Գրիգորյանի շարադրած բառերով գրեցի պարտավորագիրը: Այս ամենի պատճառով ես եւ իմ երկու երեխաները կանգնել ենք բնակարանից զրկվելու վտանգի առջեւ»:

2007թ. դեկտեմբերի 29-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա. Հունանյան) կայացրել է վճիռ հօգուտ հայցվոր Գ. Հովհաննիսյանի՝ ընդդեմ Ս. Բաբայանի: Ուժի մեջ մտած վճռով Գ. Հովհաննիսյանը դարձել է Ա. Օրբելյանի եւ Ս. Բաբայանի համատեղ սեփականության բնակարանի՝ Ս. Բաբայանի բաժնեմասի սեփականատեր: Իսկ 2009թ. ԱՄՆ-ում բնակվող Գ. Հովհաննիսյանը դիմել է նույն դատարան, այս անգամ էլ պահանջելով Ա. Օրբելյանի բաժնեմասը, եւ դատարանը (դատավոր՝ Ս. Հովսեփյան) բավարարել է նրա այդ պահանջը եւս:

Ա. Օրբելյանը գտնում է, որ դատարանը վճիռներ է կայացրել խեղաթյուրված փաստերի հիման վրա, չլսելով իրական սեփականատեր Ա. Մկրտչյանին, անհիմն համարելով Ս. Բաբայանի կողմից Ա. Մկրտչյանին տրված գումարը, նաեւ այն հանգամանքը, որ ինքը վախի եւ սպառնալիքի ներքո է գրել պարտավորագիրը: «Դատավորը աչքակապություն արեց եւ չլսելով ինձ, անտեսելով գործի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, նաեւ քրեակատարողական հիմնարկից Հ. Գրիգորյանի գրությունը, որով հայտնում էր, որ Սուրեն Բաբայանն ու Արեւհատ Օրբելյանը իրեն երբեւէ որեւէ լիազորագիր չեն տվել Երեւանի Դ. Անհաղթի փողոցի 2 շ. 11 բնակարանը տնօրինելու համար, իր ներքին համոզմունքով կայացրեց անօրինական վճիռ, որով ինձ եւ իմ երեխաներին զրկեց բնակարանից՝ հօգուտ օրինախախտ Գ. Հովհաննիսյանի»,- ասաց Ա. Օրբելյանը: Նա դիմել է վերաքննիչ դատարան, որը հուլիսի 15-ին կլսի բողոքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել