Ոստիկանները փորձել են հանցագործությունը պարտակել
Ապրիլի 14-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Տիգրան Թադեւոսյանը դաժան ծեծի ենթարկվեց: Ըստ նախնական ահազանգի, Տիգրանին տարել էին Գյումրիի Անի թաղամասի ոստիկանություն: «Երբ ես ներխուժեցի (ներս չէին թողնում) ոստիկանության շենք, տեսա կիսակենդան դեմքով ու գլուխը ջարդված, անգույն ու մահու չափ սարսափ ապրած երեխային՝ առաջին հարցս եղավ. Տիգրան, ո՞վ է քեզ ծեծել: Երեխայի փոխարեն ինձ պատասխանեց սեղանի պաշտոնական մասում նստած մի հաստավիզ ոստիկան, հավանաբար բաժնի պետ ոմն Աշոտ, ասելով, թե՝ քուր ջան, երեխան սոված է եղել ու վայր է ընկել: Բայց դուք չե՞ք տեսնում, որ սա ընկնելու բան չէ. երեխան դաժան ծեծի է ենթարկվել՝ ասացի ես: Ոչ, երեխան սովածության հետեւանքով վայր է ընկել՝ ասաց ոստիկանը: Այդ ընթացքում Տիգրանին օգնություն էր ցույց տվել շտապօգնության անձնակազմը, որը եւս պնդեց ոստիկանների վարկածը, եւ բուժքույրը ավելացրեց, որ իրենք տեղն են գցել Տիգրանի դուրս ընկած թեւը: Ինձ զայրացրեց այս փաստը. 17 տարեկան ծեծված ու ջարդված երեխային սառնասրտորեն հանձնեցին մեզ: Դրանից հետո ես հստակ ու հիմնավորված մտավախություն ունեցա, որ սրանք քաջատեղյակ են իրողությունից, ու բացահայտորեն ցուցաբերում են կողմնակալություն: Դա առիթ դարձավ, որ ունենանք անվստահություն տեղի ոստիկանների նկատմամբ, ու մենք ձեռնամուխ եղանք Տիգրանի կյանքը փրկելու գործին: Շտապօգնության անձնակազմը չտեղափոխեց մահացող երեխային հիվանդանոց»,- ահազանգել է Տիգրանի հարազատներից Անիչկա Թադեւոսյանը:
«Ճերմակ հիվանդանոցի» ճանապարհին Տիգրանը հայտնում է, որ իրեն ծեծել են 4 երիտասարդներ՝ Սերգեյ, Սամվել, Վալերիկ, Էդգար անուններով, իր հետ պարապող Լիդա անունով աղջկա պատվերով (խոսքը Լ. Եդիգարյանի մասին է), իսկ երբ ինքը փորձել է փախչել, տաքսի մեքենայով երիտասարդներն ընկել են հետեւից ու բռնելով իրեն՝ ենթարկել են խմբակային ծեծի:
Հետագա զարգացումներն ավելի դրամատիկ ընթացք են ունենում: Ոստիկանները Տիգրանի մորը՝ Ջավահիր Սերոբյանին ասում են, թե երեխային «վերցրել են» փողոցից…
Դեպքից մի քանի օր հետո Երեւանի հիվանդանոց են գալիս վիճաբանողների հարազատները, որոնք, ըստ Տիգրանի հարազատների՝ «Խնդրեցին, թե իրենք պատրաստ են ամեն ինչ անել երեխային փրկելու, խնդրեցին չբողոքել եւ բոլորիս կամքին հակառակ 150 000 դրամ եւ $200 թողնելով սեղանին՝ հեռացան, ասելով, որ նորից կայցելեն»:
Ապրիլի 26-ին 17-ամյա Տիգրանը կնքեց իր մահկանացուն:
Տիգրանի հարազատները դիմումներ են ուղարկել ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի այս գործով՝ օրենքի ողջ խստությամբ պատժվեն 4 տղաները, որոնք վիճել են Տիգրանի հետ: Նրանք նաեւ պնդել էին, որ գործը Գյումրիի ոստիկանները չքննեն: Երեկ տեղեկացանք, որ այս գործի քննությունը հատուկ քննչական ծառայությունում է եւ կալանավորված է միայն Սամվել անունով երիտասարդը:
Տիգրանի ընտանիքը պահանջում է, որ քրեական պատասխանատվության ենթարկվի նաեւ բուժանձնակազմը, որը ոստիկանությունում «Տեղն ենք գցել երեխայի դուրս ընկած ուսահոդը» ասելով, որեւէ արձանագրություն չեն կազմել: «Հետո մեր ցուցումով մշակեցին Տիգրանի գլխի 10 սմ տրամագծով արյունոտ վերքը, որը նույնիսկ չէին էլ նկատել ու մեզ ոստիկանների հետ միասին հանգստացնելով հորդորեցին, որ երեխային տուն տանենք, պնդելով, որ երեխան վայր է ընկել սովածության պատճառով, ոչինչ պետք չէ», հայտնում են տուժողի իրավահաջորդները:
Հ. Գ. Այս ահասարսուռ դեպքին «Առավոտը», հղում կատարելով hetq.am-ին, անդրադարձել էր նաեւ մայիսի 14-ին: Ցավալի է, որ մեկուկես ամսվա ընթացքում քննությունը որեւէ առաջընթաց չի գրանցել: