Երեկ Կամերային երաժշտության տան բակում ծառեր էին սղոցվում: Այս մասին «Առավոտին» հայտնեցին տարածքի բնակիչները: Նրանց խոսքերով, իրենք այս դժգոհությամբ դիմել են նաեւ Կամերայինի տնօրինությանը, սակայն՝ ապարդյուն, աշխատանքները չեն դադարել: Այս առնչությամբ երեկ Կամերային երաժշտության տան աշխատակիցներից մեկը մեզ պարզաբանեց, որ ծառեր չեն սղոցվել, այլ իրենք մի քանի չորացած ճյուղեր են կտրել, որոնց միջոցով «բոմժերը» մագլցում էին Կամերայինի կտուր եւ այնտեղ տաքանալու համար կրակ էին վառում. «Այսպիսի միջադեպերից խուսափելու համար էլ այդ ճյուղերը կտրեցինք: Այդ ճյուղերը չորացել էին, քանի որ էլեկտրական մալուխներն անցնում են դրանց վրայով: Այդ տարածքն էլ պատկանում է մեզ»: