Հարավամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ վերջերս մոլեգնած խոզի գրիպը մուտացիայի է ենթարկվել: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները: Մասնագետների խոսքերով, դա նշանակում է, որ հիվանդության համար պատվաստանյութ գտնելը շատ ավելի դժվար է լինելու: Գրիպի այդ նոր փոփոխությունը հայտնաբերել են Սան-Պաուլո քաղաքի առողջապահության հարցերով քարտուղարությանը կից գործող Ադոլֆու Լուտց ինստիտուտի գիտնականները: Մուտացիոն երեւույթներ նկատել են նաեւ ճապոնացի գիտնականները: Ըստ նրանց, մուտացիայի ենթարկված վարակը կարող է մարդկանց շրջանում տարածման ավելի արագ ձեւ ընդունել եւ ավելի ակտիվ խոցել մարդու օրգանիզմի բջիջները: Նշենք, որ ընդհանուր առմամբ H1N1 վիրուսով այսօր աշխարհում հիվանդ է 52 հազար 160 մարդ, որից 231-ն արդեն մահացել է: Խոզի գրիպն առավել մեծ տարածում է գտել Կանադայում: H1N1 վիրուսով հիվանդացել է 5710 մարդ, որից 13-ը մահացել է: Արգենտինայում՝ 1010 մարդ՝ յոթ մահվան ելքով, Ավստրալիայում խոզի գրիպով հիվանդ է 2436 մարդ, Բրազիլիայում՝ 131, Չիլիում՝ 4315 մարդ, որից 4-ը մահացել է: Չինաստանում հիվանդ է 739 մարդ, Ճապոնիայում՝ 850 քաղաքացի, Մեքսիկայում՝ 7624, որից 113-ը մահացել է, ԱՄՆ-ում՝ 21 հազար 449 մարդ, որից 87-ն արդեն մահացել է, Կոստա Ռիկայում հիվանդ է 149 մարդ՝ 1 մահվան ելքով: