Նախկին տնօրենը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին մեղադրում է իրեն կուսակցական խաղերի զոհ դարձնելու մեջ:
«Առավոտի» նախորդ համարում արդեն նշել էինք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ուղարկված հանձնաժողովը օրերս ստուգումներ է անցկացրել Գյումրիի «Հույս» մանկատանը, որից հետո աշխատանքից ազատել է մանկատան տաս տարվա տնօրեն Ռուբեն Մարկոսյանին: Հանձնաժողովի պարզաբանմամբ, պատճառը Մարկոսյանի թույլ տված խախտումներն են: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Հայկ Մուրադյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ իրենք նկարահանել են այնպիսի փաստեր, թե տնօրենը հին հացով ու ժամկետանց սնունդով է կերակրել երեխաներին, որ մանկատանը գրանցված երեխաների թիվը չի համապատասխանել իրականում ներկա գտնվող երեխաների թվին եւ այլն:
Սակայն Ռ. Մարկոսյանը պնդում է, որ այդ բոլորը հերյուրանքներ ու շինծու մեղադրանքներ են, իրական պատճառն այն է, որ ԲՀԿ-ական նախարարն իրեն հեռացնելով՝ ցանկություն ուներ աշխատանքի տեղավորել իր կուսակից ընկերոջ կնոջը՝ Անահիտ Կարապետյանի: «5-6 անգամ ինձ կանչեցին նախարարություն, ասին՝ դիմում գրի ինքնակամ հեռացի, հարցրի՝ ինչո՞ւ, պատասխանեցին, թե այնտեղ ուրիշ մարդ է աշխատելու: Իսկ մայիսի 27-ին, ժամը 13.00-ի սահմաններում ներխուժեցին կաբինետ, եկան-ասին ներսում մարդ կա, ասում են՝ ստուգող են, գնացի ներկայացա, դեմքերից ճանաչեցի, որ նախարարության աշխատողներ են: Ամբողջ հիմնարկը քանդին, նույնիսկ պահեստապետին ասին, եթե քո մոտ գրած սննդի ու փաստացի եղած սննդի միջեւ որեւէ տարբերություն չեղավ, մենք հենց հիմա կվերջացնենք, կգնանք: Կշռեցին՝ տեսան, որ մի գրամի տարբերություն չկար: Հետո հարցրին, բա ինչո՞ւ է էսքան երեխա բացակա, ասի, որ իրանց՝ էդ «Բարգավաճի» միջոցառումն է, 17 երեխա հոգեբանի ու քույրի ուղեկցությամբ Աշոտ Ղազարյանի մոտ են, բայց մինչեւ վերջ չհավատացին՝ ասելով, որ սուտ է: Բացակաները հիմնականում 18-ն անց տղաներ ու աղջիկներ էին, որոնք աշխատանքի, դասի կամ ընկերուհու հետ հանդիպման էին գնացել: Ինձ ասացին՝ կարող է ձեր էրեխեքը «պուտանկության» են գնացել, դուք ի՞նչ գիտեք: Պատասխանեցի, որ ես էդպիսի էրեխա չունեմ, կներեք, իմ էրեխեքը ձեր երեխաների նման չեն: Վերջը, ինձ նսեմացնելով, ահաբեկելով դուրս հրավիրեցին կաբինետից՝ ամենաանտակտ ու կոպիտ ձեւով»,- «Առավոտին» պատմեց մանկատան նախկին տնօրենը:
Նրա ներկայացմամբ, այնուհետեւ «թագադրել» են նոր տնօրենին: Ըստ Ռ. Մարկոսյանի. «Միջոցառման ժամանակ նախարարությունից ընդամենը 3 ներկայացուցիչ էր, մնացածը՝ «Բարգավաճի» ժողովուրդն էր՝ թիկնապահներով»: Նախկին տնօրենը նաեւ վստահեցնում էր, թե երբեք իրեն թույլ չի տվել հին հացով կերակրել երեխաներին, հացի պակաս այստեղ չի եղել, պարզապես ինքը մնացորդից «սուխարի» է պատրաստել, որպեսզի երեխաները նախքան քնելը զբաղվեն, իսկ նախարարության աշխատողները հեգնել են, թե երեխաները «սուխարիից» կարող են թունավորվել: «Վերջը, որ մարդու գլխին գործ ուզենան սարքել՝ հազար պատճառ կգտնեն, նույնիսկ նախարարի խորհրդական կոչեցյալը՝ Հայկ Մուրադյանը, հետս «դու»-ով էր խոսում, ասի գոնե շնորհք ունեցեք, ես վաստակաշատ մանկավարժ եմ, մեդալներով կամ կուսակցական պատկանելությամբ չէ էդ ամեն ինչը»,- վրդովվեց Ռ. Մարկոսյանը: Ըստ նախկին տնօրենի, այս պատմության հիմնական մեղավորները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային կառույցի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ու մանկատան փոխտնօրեն՝ դաշնակցական Գեւորգ Ալեքյանն են. «Նախկին դաշնակցական նախարար Արսեն Համբարձումյանը ինձ ասեց՝ քո մոտ որպես տեղակալ աշխատելու է իմ մոտ մարդը: Գեւորգի հայրը Ռոմիկ Մանուկյանի վարորդն էր, էն մարդը, ով մեր մարզը քանդեց, հիմի էլ գնացել է՝ ԳՄ են ասում, ինչ են ասում: Այս պատմությունը սկսվեց նրանից, որ ես ազատեցի տեղակալին, նա պոլիտեխնիկական կրթություն ուներ, ստաժ չուներ որպես մանկավարժ: Փոխանակ զբաղվեր իր աշխատանքով, եկավ ու սկսեց ինտրիգները, մարդկանց մեջ գզվռտոց քցեց, ինքը քայքայեց հիմնարկը, նրան որպես գործիք լավ օգտագործեցին»:
Ըստ մեր զրուցակցի, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի դերակատարությունն էլ այն է եղել, որ նա է նախարարին ուղղորդել, որպեսզի իրեն ազատեն աշխատանքից: Իսկ պատճառը քաղաքապետ Վարդան Ղուկասյան-Մարտուն Գրիգորյան հակասությունն է: Քանի որ Վարդան Ղուկասյանը ժամանակին թիվ 6 նախակրթարանի վարիչի պաշտոնից ազատել է Մարտուն Գրիգորյանի կուսակից ընկերոջ կնոջը՝ Անահիտ Կարապետյանին, պատգամավորն էլ վրեժ է լուծել ու իրեն պաշտոնաթող անելու միջոցով այս տիկնոջը տեղավորել աշխատանքի: Իսկ ի՞նչ կապ ունեք Վարդան Ղուկասյանի հետ, հանրապետակա՞ն եք՝ մեր հարցին Ռ. Մարկոսյանը պատասխանեց, որ իրեն 2000 թ.-ին պաշտոնի է նշանակել քաղաքապետը, կառույցը սկզբում եղել է քաղաքապետարանի ենթակայության տակ, 2003-ից նոր միայն անցել է նախարարությանը: Իսկ ՀՀԿ-ական՝ ինքը դարձել է մի քանի օր առաջ, դրա համար էլ կուսակցությունը չի կարողացել թիկունք կանգնել իրեն:
«Առավոտն» այցելեց ԲՀԿ ու ՀՅԴ կուսակցությունների գրասենյակները՝ պարզելու, թե ինչո՞ւ են կուսակցական խաղերը տեղափոխել մանկատուն: Մենք նախ եղանք ԲՀԿ գրասենյակում, որտեղ մեզ ցույց տվեցին փաստաթուղթ այն մասին, որ Ռ. Մարկոսյանը 2007թ. փետրվարի 2-ից մինչեւ այս տարվա հունիսի 12-ը եղել է ԲՀԿ-անդամ: Այնուհետեւ դիմում է գրել, որ քաղաքական հայացքները փոխվել են ու հայցելով ներողամտություն՝ դուրս է եկել կուսակցությունից: ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց. «Երբ ԲՀԿ-ական նախարարը չարաշահումների համար ազատում է ԲՀԿ-ական անդամին, սա հրաշալի խաղ է, օրենքից, բարոյական նորմերից բխող խաղ: Սա հրաշալի միջոց է ապացուցելու մյուսներին՝ եթե ես պատժում եմ իմ կուսակցականին չարաշահումների համար, ուրեմն մյուսները պետք է լավ մտածեն հետագա աշխատանքի ու արած-չարածների մասին: Ես որպես պատգամավոր դիմել եմ նախարարին՝ հարցնելով, թե ի՞նչ խնդիր կա այս տնօրենի հետ կապված, փորձել եմ միջամտել, որ այս մարդը շարունակի իր աշխատանքը, նախարարը ինձ ցույց է տվել տասնյակ փաստաթղթեր՝ չարաշահումներով, կետերով առանձին-առանձին նշված. ժամկետանց սնունդ, ժամկետանց դեղորայք, այնպես որ, ես որպես պատգամավոր, բարոյական իրավունք չունեի միջամտելու: Իսկ մյուս թեկնածուի առաջադրման հետ կապված, բնականաբար կադրերի հետ կապված մեզանից կարծիք հարցնում են որպես մարզային խորհրդի: Եվ եթե ինքը ԲՀԿ անդամ է, ի՞նչ կապ ունի ինքը Հանրապետական կուսակցության հետ, Վարդան Ղուկասյանի հետ, որ ես էլ իր հետ խնդիր ունենայի»: ՀՅԴ Գյումրիի կառույցի ներկայացուցիչ Գեւորգ Ալեքյանն էլ, որին, այնուամենայնիվ, նախարարությունը չի ազատել փոխտնօրենի պաշտոնից, իր դերակատարության մասով ասաց. «Ես ուրախ եմ, որ Ռուբեն Մարկոսյանը ինձ այդպիսի հզոր անձնավորության տեղ է դրել, որ ես, նրա պատկերացմամբ, կարող եմ նույնիսկ «Բարգավաճին» հրահանգել, եթե ինձ գործիք է անվանում, ապա իրենից լավ գործի՞ք: Ես երբեւէ մանկատանը լարված մթնոլորտ չեմ ստեղծել, ես ընդամենը իմ շահերն եմ պաշտպանել, երբ անհիմն ինձ ուզում էր ազատել: Ինքը քաղաքական աստառ է տալիս, բայց, իմ կարծիքով, դա այդպես չէ: Երեւի մոռացել է, որ խախտումներ ինքը կատարել էր նաեւ նախորդ տարի՝ դաշնակցական նախարարի օրոք, պարզապես իրեն հնարավորություն էր տրվել ուղղվելու, բայց փաստացի 7-8 ամիս հետո նորից մի շարք խախտումներ են արձանագրվել, որոնք միգուցե աններելի են, ես չգիտեմ»: