Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյանը անակնկալի է եկել

Հունիս 26,2009 00:00

\"\"Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը անակնկալի է եկել ԵԽԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի պահվածքից: Այս մասին երեկ պարոն Մինասյանը հայտարարեց մամուլի ասուլիսում: Նրա խոսքերով, երեկ ինքը ադրբեջանական «day.az» կայք-էջում կարդացել է այսպիսի վերնագրով մի նյութ. «Հայաստանի պատվիրակը Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով՝ ստորագրություններ է հավաքում ադրբեջանական եւ թուրքական պատգամավորներից»: Ըստ Գ. Մինասյանի, «սա աննախադեպ պահվածք է եւ այդ պահվածքի դրսեւորումը կարող է ներքաղաքական ասպարեզում լուրջ պրոբլեմներ առաջացնել»: Պարոն Մինասյանը կանխատեսեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի ապագան: Նրա կարծիքով, ՀԱԿ-ը ունի 2 ճանապարհ. «Եթե ՀԱԿ-ը շարունակի ամեն ինչ կամ ոչինչ կարգախոսով, ապա կհայտնվի քաղաքական լուսանցքում: Կարծում եմ, կամ նրանք պետք է շարունակեն իրենց լուսանցքային կարգավիճակը, կամ էլ՝ օգտվել ձեռք բերածից եւ քաղաքական գործունեությունը հարթակների վրա իրականացնելու փոխարեն այն շարունակել ամբիոնների մոտ, մանավանդ որ՝ քաղաքապետի ընտրություններից հետո նրանք այդ հնարավորությունն ունեն»:

Գ. Մինասյանը անդրադարձավ նաեւ տարեսկզբի 5 ամիսներին Հայաստանում գրանցված տնտեսական անկման աննախադեպ ցուցանիշին եւ կանխատեսումներ արեց առաջիկայում մեր երկրի տնտեսական աճի վերաբերյալ. «Տարեվերջին մեր տնտեսական անկման ցուցանիշը 10%-ից շատ ավելի փոքր կլինի: Այս ցուցանիշը ԱՊՀ երկրների համար դիտվում է որպես միջին ցուցանիշ: Բացի այդ, սովորաբար Հայաստանում գնաճը շատ ավելի ցածր է եղել, քան ԱՊՀ մյուս երկրներում։ Եթե անցյալ տարի մեզ մոտ գնաճը ընդամենը 5,2% է եղել, ապա ԱՊՀ երկրներում այն 10%-ից ավելի է եղել»։ Ըստ Գ. Մինասյանի, 4-րդ եռամսյակից հետո մեր երկիրը դուրս կգա ճգնաժամային իրավիճակից:

Խոսելով մեր երկրի արտաքին պարտքի վերաբերյալ, Գ. Մինասյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը անգամ ի վիճակի կլինի վարկի մի մասը վերադարձնել նշված ժամկետից շուտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել