«Վերնիսաժ»-ում գրքի առեւտրով զբաղվողները վստահ են, որ հարկայինը խնդիր ունի իրենց տարածքի տիրոջ հետ, եւ «մուռը» իրենցից է հանում:
Տոնավաճառների ու անհատ տաքսիստների խնդիրները դեռ չլուծած՝ հիմա էլ հարկայինը անցել է վերնիսաժի առեւտրականներին: Երեկ մի քանի գրավաճառներ «Առավոտին» տեղեկացրին, որ հարկային տեսուչները պատահական եկել եւ տուգանել են 8 հոգու: Միայն այն գրավաճառների բախտն է բերել, որոնք տեսուչների «ռեյդի» պահին այդտեղ չեն եղել: Ըստ առեւտրականների, տեսուչները 80-300 հազար դրամ տուգանք են նշանակել եւ սպառնացել, որ եթե մինչեւ հուլիսի 1-ը չվճարեն, ապա ստիպված կլինեն մի քանի տասնյակ հազար էլ տույժ վճարել: Այս արարքը հարկային տեսուչները պատճառաբանել են՝ իբր գրավաճառները գործում են անօրինական: Մեզ հետ զրույցում տուգանված առեւտրականները նշեցին, որ իրենք տարածքի համար օրավարձ էին տալիս՝ 700-1000 դրամ. «Մեզանից ինչ պահանջում են՝ տալիս ենք, թող տարածքի տերը հարկայինի հետ հարցերը լուծի: Իրեն չեն կարողանում հարկային դաշտ բերեն՝ մե՞զ են տուգանում»:
Գրավաճառներից մեկի՝ Սուրենի խոսքերով. «Այս երկրում արդարություն չկա: Եկան ու միանգամից վրա տվեցին: Էն «ակուլաները» միլիարդներ են աշխատում, հարկ չեն մուծում, մեզանի՞ց են փող պոկում: Պիտի գանք այստեղ 2 կոպեկ աշխատենք ու սրան-նրան բաժանե՞նք»: Նշենք, որ հարկայինը նրանցից պահանջում է ՀԴՄ-ներ տեղադրել, ինչին ի պատասխան՝ առեւտրականներն ասում են. «Ամեն մի բրոշյուրի համար կտրոն տա՞նք: Ասում են սոցվճար պիտի մուծենք, ի՞նչ առեւտուր ենք արել, որ սոցվճար տանք: «Բուտիկներին» ու սուպերմարկետներին թողած՝ մեզանից են կտրոն պահանջում»:
Հարկայինը գրավաճառներին պարտադրել է նաեւ անհատ ձեռնարկատիրոջ լիցենզիա ձեռք բերել եւ տարածքի տնօրինության հետ պայմանագիր կնքել, սակայն երբ որոշ առեւտրականներ հետեւել են հարկայինի պահանջին, պարզվել է, որ տնօրինությունը հրաժարվել է տարածքի համար պայմանագրեր կնքել. «Հիմա մենք ի՞նչ անենք: Վերեւներում ինչ-որ հակամարտություն է եղել, բայց ամեն ինչ մեր գլխին է կոտրվում: Տնօրենը չի ուզում պայմանագիր կնքի, որովհետեւ ինքը ՍՊԸ է ու այդպես իրեն ձեռնտու է: Ավելորդ գլխացավանքի մեջ չի ուզում ընկնի»:
Խնդրի առնչությամբ Պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից «Առավոտին» վստահեցրին, որ տեսուչների այցը կատարվել է օրենքի սահմաններում. «Տոնավաճառների կամ, այսպես կոչված, վերնիսաժների կազմակերպումը կարգավորվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով, որտեղ նշված է, որ առեւտրի կազմակերպման այդ տեսակը իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, միայն շաբաթ, կիրակի, եւ օրենքով սահմանված տոնական օրերին»: Այս դեպքում տոնավաճառի մասնակիցները պարտավոր չեն գրանցվել պետական ռեգիստրում եւ չունեն հարկային պարտավորություններ: Մինչդեռ վերնիսաժում վերջին տարիներին առեւտուր կազմակերպվում էր շաբաթվա բոլոր օրերին եւ այն վերածվել էր սովորական առեւտրի կազմակերպման վայրի: Հենց այս իրողությունից ելնելով՝ նշված տարածքում առեւտուր իրականացնողներին բաժանվել են բացատրական թերթիկներ՝ տեղեկացնելու, որ այդ ձեւով աշխատելու դեպքում՝ նրանք պետք է լինեն հարկային դաշտում: Վերնիսաժի մասնակիցները, ծանոթանալով օրենքի պահանջներին, այժմ աշխատում են միայն շաբաթ եւ կիրակի օրերին ու կոմիտեի հետ չպարզաբանված որեւէ խնդիր չունեն»: Չնայած սրան, մեզ հետ զրույցում գրավաճառներն ասացին, որ իրենց նախապես ոչ մի ծանուցում չի տրվել, եւ միայն իրենց տուգանելուց հետո մյուս առեւտրականներին՝ հուշանվերներ վաճառողներին են այդ մասին տեղեկացրել:
Գրավաճառները վստահեցրին, որ տուգանքները չեն պատրաստվում վճարել եւ արդեն դիմում են գրել Պետեկամուտների կոմիտե ու առայժմ սպասում են թե ինչ արձագանք կլինի: Գրավաճառների խոսքերով՝ «Անորոշ վիճակում ենք, բայց մենք կարող ենք աշխատել միայն մի դեպքում, եթե նախկինի պես օրվա վարձը տանք ու վերջ, ոչ մի ՀԴՄ: Ոչ նորմալ պայմաններ կան այստեղ, ոչ էլ հարմարություններ: Մեր սեփական քաղաքն է, մեր հայրենի հողը, վերցրել- տվել են քաղաքին պատկանող մասը անհատին, նա էլ մեր հաշվին հարստանում է: Ինչո՞ւ, մենք էս քաղաքի բնակիչ չե՞նք, մենք մարդ չե՞նք»: Թեեւ հարկայինից մեզ վստահեցրին, որ վերնիսաժի առեւտրականները իրենց զգուշացումից հետո աշխատում են միայն շաբաթ-կիրակի օրերին, սակայն երեկ մեր այցելության պահին բավականին մեծ թվով առեւտրականներ կային, որոնց տաղավարները գտնվում էին անմիջապես Սպանդարյանի հարկային տեսչության պատուհանների տակ: Եվ առնվազն տարօրինակ է, որ տարիներ շարունակ գրավաճառներն աշխատել են այդ տարածքում, եւ միայն մեկ շաբաթ առաջ է հարկայինը հիշել օրենքի մասին: