Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջիբեյլին դժգոհ էր

Հունիս 26,2009 00:00

\"\"Ադրբեջանական պատվիրակը շարունակում է հակահայկական ելույթները

ԵԽԽՎ-ն հունիսի 24-ին քննարկեց «Մարդիկ, մոռացված Եվրոպայի կողմից. Երկարաժամկետ տեղահանված մարդկանց իրավունքների պաշտպանությունը» զեկույցը, որը նախապատրաստել է բրիտանացի պատվիրակ Ջոն Գրինվեյը: Հիշեցնենք, որ նա մայիսին այցելել էր Հայաստան եւ տարածաշրջանի այլ երկրներ:

Ադրբեջանի պատվիրակությունը, որի յուրաքանչյուր ներկայացուցիչ գրեթե ցանկացած հարցի քննարկման վերաբերյալ ելույթում իր պարտքն է համարում հիշեցնել իրենց «1 մլն փախստականների» մասին՝ դժգոհ էր այս զեկույցից: Այդ վերաբերմունքն անթաքույց արտահայտեց պատվիրակության անդամ Գյուլթաքին Հաջիբեյլին, որը նշեց, թե այդքան միամիտ ու անքաղաքավարի չի լինի՝ կարծելու համար, որ պրն Գրինվեյը չգիտի ներքին տեղահանվածների եւ փախստականների տարբերությունը. «Բայց երբ նա խոսել է Հայաստանի մասին՝ հիմնականում քննարկել է Հայաստանի փախստականներին, մոռանալով, որ իր զեկույցը նվիրված է տեղահանված անձանց խնդրին: Եթե զեկուցողը որոշել էր անդրադառնալ նաեւ փախստականների խնդրին՝ ինչո՞ւ չի հիշատակել Հայաստանից 250 հազար փախստական դարձած ադրբեջանցիների ճակատագիրը»:

Գյուլթաքին Հաջիբեյլին նաեւ դժգոհեց, որ անդրադառնալով հայ փախստականներին՝ զեկուցողը երկու անգամ նշել է, թե հայերը բռնի ուժով են հեռացվել Ադրբեջանից՝ հակամարտության ընթացքում. «Մինչդեռ նա շարունակել է լռել շուրջ 300 հազար ադրբեջանցի փախստականների մասին, որոնք դարձել էին Հայաստանի իրականացրած էթնիկ զտումների զոհը: Նա անգամ չի ակնարկել 700 հազար ադրբեջանցիների տեղահանման բռնի բնույթի մասին, որոնք ներքին տեղահանվածներ դարձան Հայաստանի կողմից իրենց հողերի բռնազավթման հետեւանքով»:

Նա նաեւ Գրինվեյին մեղադրեց երեսպաշտության մեջ՝ զեկույցում արված այն դիտարկման պատճառով, թե Հայաստանում 70 հազար մարդ ներքին տեղահանված է դարձել՝ Ադրբեջանի զինուժի կողմից 1992-1994-ին Հայաստանի սահմանամերձ գոտին ռմբակոծելու հետեւանքով. «Հայերն են հարձակվել հարեւան պետության տարածքի վրա, այն դեպքում, երբ ադրբեջանցիներն ինքնապաշտպանվել են»: Գյուլթաքին Հաջիբեյլին բողոքեց, թե հիշատակվել է պաշտպանական նպատակով հրետանակոծումների մասին, «բայց ակնարկ անգամ չկա, որ ռմբակոծվել ու հողին են հավասարեցվել Ադրբեջանի քաղաքները, գյուղերն ու շենքերը՝ օկուպացված տարածքներում»: Եվ ելույթի վերջում էլ հայտարարեց, թե իր ազգը հոգնած ու վիրավորված է այս կարգի կանխակալ եւ անարդարացի անդրադարձից՝ «մեզ ու մարդկային մեր ողբերգությանը»:

Հ. Գ. «Ժառանգության» պատվիրակ Զարուհի Փոստանջյանը երեկ ԵԽԽՎ-ում հարց ուղղեց Սլովենիայի վարչապետ Բորութ Պահորին, թե նրա երկիրը նախկին Հարավսլավիայի այն քիչ երկրներից է, որն իրականացրեց ինքնորոշման իր իրավունքը եւ հասավ անկախության համեմատաբար առանց բռնության՝ քաղաքացիական ճանապարհով. «Ինչ խորհուրդ կտայիք այլ ազգերին, որոնք ունեն նման պատմություն՝ ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը եւ հետխորհրդային Ադրբեջանը, այդպիսի քաղաքակիրթ բաժանման եւ երկարատեւ խաղաղության ու գործընկերության կապակցությամբ»: Սլովենիայի վարչապետն ի պատասխան մասնավորապես ասաց, թե իր երկիրը անկախության չէր ձգտում «ազգայնական եսակենտրոն պատճառներով, այլ ավելի շատ ներշնչված էին եվրոպական իդեալներով՝ խաղաղ ապրելու այլոց հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել