Վեճեր ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցչի նախաձեռնություններին միացողների կապակցությամբ:
ԵԽԽՎ-ում հունիսի 24-ին շրջանառության մեջ է դրվել «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունը՝ «Հայաստանում 2008-ի մարտի 1-2 դեպքերի եւ հատկապես այն որոշակի հանգամանքների հետաքննությունը, որոնք հանգեցրել են զոհերի»: Այս նախաձեռնությունը բանաձեւի նախագիծ դարձնելուն միացել են 11 այլ պատվիրակներ: Փաստաթղթում մասնավորապես ասված է, թե Վեհաժողովն անհանգստացած է փորձագետների փաստահավաք խմբի առջեւ հարուցված խոչընդոտների ու նաեւ այն կապակցությամբ, որ Հայաստանի իշխանություններն անտեսում են խմբի ձեռք բերած փաստերն առնվազն 4 զոհերի մահվանը բանակի առնչակցության վերաբերյալ. «Եվ վերջապես, խորապես մտահոգված ենք, որ հունիսի 6-ին ՀՀ նախագահի կարգադրությամբ այս խումբը լիովին կազմալուծվեց»: Սակայն վերահաստատելով, թե համարում են, որ Հայաստանում հանրային համաձայնության եւ ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերականգնման նախապայմանը մարտի 1-ին կատարվածի եւ հատկապես զոհերի հանգամանքների պարզումն է՝ ԵԽԽՎ պատվիրակները Հայաստանի իշխանություններին առաջարկում են անհապաղ ձեռնարկել հետեւյալ քայլերը. «Վերակազմավորել փաստահավաք խումբը եւ լուծարված փաստահավաք խմբի անդամներին հնարավորություն տալ ամփոփել ու հրապարակել այն ամբողջ տեղեկատվությունը, որը նրանք հավաքել ենք իրենց աշխատանքի ընթացքում»: Եվ որպեսզի պատշաճորեն հետաքննեն այն փաստերը, որոնք արդեն իսկ հրապարակել են փաստահավաք խմբի անդամները, մասնավորապես՝ 3 զոհերի պատճառ դարձած «Չերյոմուխա» հատուկ միջոցի կիրառման վերաբերյալ, ըստ այս նախաձեռնությանը միացած ԵԽԽՎ պատվիրակների՝ Վեհաժողովը պիտի առաջարկի նշանակել հատուկ զեկուցող, որն անկախ եւ անաչառ կերպով կհետաքննի մարտի 1-ի վերաբերյալ փաստերը եւ հատկապես այն հանգամանքները, որոնք հանգեցրին 10 մարդկանց սպանության: Այս պահանջի ներքո ստորագրել են պատվիրակներ Կիպրոսից, Սլովակիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Լիտվայից եւ այլն: Այլեւս չկան պատվիրակներ Ադրբեջանից ու Թուրքիայից:
Հիշեցնենք, որ Հայաստանի մասին նոր՝ 1677 բանաձեւի վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի չընդունված 3 առաջարկներին միացել էին նաեւ Ադրբեջանի պատվիրակ Գյուլթաքին Հաջիբեյլին եւ Թուրքիայի պատվիրակ Էրոլ Ասլան Ցեբեցին: Գնահատելով այս փաստը՝ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն «Առավոտին» ասաց. «Ես «ողջունում» եմ «Ժառանգություն» կուսակցությանը, որ իրենց փնտրտուքների շնորհիվ՝ Հայաստանում ժողովրդավարություն կառուցելու գործում, գտան շատ լուրջ համախոհներ՝ ի դեմս ադրբեջանցի եւ թուրք պատվիրակների: Քաղաքական մշակույթում նաեւ չգրված օրենքներ կան, խաղի չգրված կանոններ, եւ քաղաքական կոռեկտությունը պահանջում է, որ անկախ նրանից՝ իշխանության ներկայացուցիչ ես, թե ընդդիմության՝ պահպանես այդ կանոնները: ԵԽԽՎ-ում ավելի հնաբնակ իմ գործընկերները միաբերան վստահեցրին, թե չեն հիշում որեւէ դեպք, որ Հայաստանի պատվիրակության որեւէ ընդդիմադիր ներկայացուցիչ փորձի մեր երկրին վերաբերող հարցերում (հատկապես, եթե դրանք առնչվում են Հայաստանի ներքին խնդիրներին, մեր երկիրն ավելի ժողովրդավարացնելուն) համախոհներ փնտրել այնպիսի երկրում, ինչպիսին Ադրբեջանն է: Ի դեպ, հուսով եմ, որ երբ տիկին Փոստանջյանը լիագումար նիստում նույն օրը լսում էր Գանիրա Փաշաեւայի ելույթը մեր երկրի, ժողովրդի եւ ընդհանրապես՝ հայ տեսակի հասցեին, հասկացած կլինի իր կատարած քայլի պատասխանատվությունը: Բայց ես վստահ եմ, որ տիկին Փոստանջյանը դա արել է ոչ միտումնավոր: Երեւի արել է՝ չհասկանալով դրա հետեւանքները նաեւ իր կուսակցության համար: Այստեղ արդեն մտածելու բան ունի «Ժառանգությունը», որը պիտի հասկանա, թե այս կարգի ատյաններ պիտի գործուղվեն մարդիկ, որոնք քաղաքական լուրջ պատասխանատվություն են կրում երկրի եւ պետության համար»:
Զարուհի Փոստանջյանը, սակայն, բոլորովին չի համարում, թե բանաձեւի վերաբերյալ իր առաջարկների վրա ստվեր նետեց փաստը, որ դրանց միացան այն երկրների պատվիրակները, որոնք անգամ առանց առիթի են հանդես գալիս Հայաստանի դեմ: «Իմ խնդիրը միակն էր, որ բանաձեւի վերաբերյալ առաջարկները լինեին հայանպաստ, եւ այժմ բանտախցերում գտնվող մարդկանց հնարավորինս մեծ աջակցություն ցուցաբերվեր այդ բանաձեւի միջոցով»: Նա հայտնեց, որ Հայաստանի պատվիրակության անդամներ Դավիթ Հարությունյանն ու Արմեն Ռուստամյանը հրաժարվել էին միանալ իր նախաձեռնությանը. «Իսկ ես ԵԽԽՎ-ում նոր պատվիրակ եմ, ծանոթություններս բավական շատ չեն: Սակայն կարծում եմ, որ արդեն բավական հայտնի եմ: Մարդիկ կային, որոնք ինձ ճանաչում են եւ ցանկություն հայտնեցին միանալ այդ առաջարկներին»: Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ «Միայն եւ միայն առաջընթաց կարելի է համարել այն, որ հայանպաստ իմ առաջարկներին, որոնք նաեւ ենթադրում էին ազատ արձակել Արցախի ազատամարտի մասնակից՝ իմ գործընկեր Սասուն Միքայելյանին, միացան Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակները»: Ուշագրավ կլիներ պարզել, թե արդյոք սա առաջընթա՞ց է համարում ինքը՝ Սասուն Միքայելյանը: